Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Ղալենոյին հայտարարել է, որ իր թիմը, իր գնահատմամբ, անարդար վերաբերմունքի է արժանացել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում։
Այսօր Լոս Անջելեսում կայացած հանդիպման ժամանակ Իրանի հավաքականը Նոր Զելանդիայի հետ խաղացել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ղալենոյին նշել է, որ թիմի իրավունքները, իր կարծիքով, մրցաշարի ընթացքում բազմիցս խախտվել են։
Նրա խոսքով՝ խնդիրներ են եղել նաև թիմի կազմակերպչական և լոգիստիկ պայմանների հետ կապված։ Մարզիչը պնդել է, որ հավաքականի տեղաշարժերն ու որոշումները չեն համաձայնեցվել խաղացողների հետ, ինչը, ըստ նրա, ստեղծել է լրացուցիչ դժվարություններ։
«Մեր թիմի իրավունքները, հավանաբար, ամբողջ մրցաշարում ամենաշատն են խախտվել», — ասել է նա։
Ղալենոյին նաև նշել է, որ թիմի նախապատրաստական գործընթացը չի անցել նախատեսված կարգով։ Նրա խոսքով՝ իրենց թույլ չի տրվել անցկացնել նախատեսված վերականգնողական երկու գիշեր, ինչը բացասաբար է ազդել թիմի պատրաստվածության վրա։
«Մենք պետք է խաղից առաջ երկու գիշեր անցկացնեինք, սակայն դա չթույլատրվեց։ Մենք նաև պետք է այսօր մնայինք և վերականգնվեինք, բայց դա ևս չեղարկվեց։ Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչու են նման որոշումներ կայացվում», — ասել է մարզիչը։
Իրանի հավաքականը ներկայում մասնակցում է աշխարհի առաջնությանը և իր հանդիպումներն անցկացնում է ԱՄՆ տարածքում։
Նախնական պլանով Իրանի հավաքականի բազան պետք է տեղակայվեր Արիզոնա նահանգում, սակայն անվտանգային մտահոգությունների և տարածաշրջանային լարվածության ֆոնին, իրանական կողմը դիմել էր ՖԻՖԱ-ին՝ մարզական բազան Մեքսիկա տեղափոխելու խնդրանքով։
Լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև վիզային գործընթացի հետ կապված։ Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ իշխանությունները չեն տրամադրել մուտքի վիզա պատվիրակության 15 անդամների, իսկ 4-ը կարողացել են բողոքարկման միջոցով ստանալ թույլտվություն։

Բաց մի թողեք
«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. Լուսանկարներ
Ի՞նչ են պատմում բնակիչերը. քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են
Տարիներ շարունակ վտանգի մասին ահազանգել են. Ինչ է պատմում մայրը․ Փամբակում դեռ որոնում են քույրերին․ Տեսանյութ