19/06/2026

EU – Armenia

Հայաստանին վերաբերող մասով Ռուսաստանը Թուրքիայի հետ կպայմանավորվի

Ռուսաստանում երկօրյա հանդիպումներից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է Turkiye իշխանամետ պարբերականի թղթակցի հարցերին։

Վերջինս, ի դեպ, այցի ընթացքում, ինչպես ինքն է ձևակերպել, «քայլ առ քայլ հետևել» է նրան և հրապարակայնացրել, որ Ֆիդանը Մոսկվայում «քննարկումներ է ունեցել նաև Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ»։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, Մոսկվայում ձեռք է բերվել 3+3 ձևաչափով «համագործակցության համաձայնություն, քանի որ եկել է Կովկասում մրցակցությունից համագործակցության անցնելու ժամանակը»։

Ֆիդանը գնահատել է, որ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններից հետո «այդ ընկալումը հասել է որոշակի կետի» և այդ համատեքստում Ռուսաստանը և Թուրքիան «կարող են ամրապնդել իրենց տնտեսությունը և բարձրացնել Հարավային Կովկասու և Կենտրոնական Ասիայի կայունությունը, իսկ գերակայության ձգտումներին պետք է վերջ տրվի, խաղաղությունը, անդորրը և կայունությունը կծառայեն բոլորի շահերին»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ «խոչընդոտներ, իհարկե, կան, որոշ երկրների միջև անվստահությունը հասել է լուրջ մակարդակի»։ Խոսքը, հավանաբար, ռուս-վրացական հարաբերությունների մասին է, որովհետև Ֆիդանը անմիջապես հիշեցրել է անցյալ շաբաթ Ստամբուլում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումը, ինչից կարելի է ենթադրել, որ Թուրքիան փորձ է արել Վրաստանին «բերել 3+3 ձևաչափի տիրույթ», բայց հաջողության չի հասել։

Turkiye-ին հարցազրույցում Հաքան Ֆիդանը բացահայտել է, որ Մոսկվայում քննարկվել է «Միջին միջանցքը» Թուրքիային «միացնելու հարցը»։ Թուրքիան «Միջին միջանցքին» Բաքու-Կարս երկաթգծով արդեն իսկ կապված է, ուստի միանշանակ է, որ մոսկովյան բանակցություններում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման հեռանկարը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանի և Իրանի սահմանին «իր ներկայությունը TRPP նախագծում ինկորպորացնել»։

Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է նաև հայ-թուրքական կարգավորման մասին հարցին։ «Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Մեր նախագահի կամքով արվել են ավելի կարևոր քայլեր, ներառյալ ուղիղ առևտուրը։

Նոր փուլում ինչ պետք է արվի, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք իրավիճակի նորմալացման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կլինեն»,- ասել է Ֆիդանը։ Այս պատասխանը, եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Ֆիդանի չափազանց զգուշավոր ձևակերպումներից հասկացվում է, որ առնվազն Հայաստանին վերաբերող մասով Ռուսաստանը Թուրքիայի հետ «մրցակցությունից համագործակցության անցնելու» պատրաստ չէ։ Իսկ դա Հայաստանի համար շատ լուրջ մարտահրավեր է։