Պետերբուրգյան fontanka.ru-ն հայտնել է գործարար Իլյա Գրաբերի ձերբակալության մասին։
Ըստ լրատվամիջոցի, նրա տանը, գրասենյակում եւ մի քանի ձեռնարկություններում խուզարկություն է իրականացվել, որից հետո Գրաբերին «տեղափոխ են Մոսկվա»։
Իլյա Գրաբերը Պետերբուրգում և Ռուսաստանի գործարար շրջանակներում հայտնի է «Անտիկվար» մականունով, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունը 1990-ականներին սկսել է որպես հնաոճ իրերի վերանորոգման և վաճառքի կազմակերպիչ։ Ըստ fontanka-ի, այդ տարիներին նա «մտերմացել է Վլադիմիր Պուտինի հետ»։
Նույն օրվա վերջին Մոսկվայի առաջին ատյանի դատարանների կենտրոնացված մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Իլյա Գրաբերը «երկամսյա ժամկետով կալանավորվել» է։ Նրա դեմ մեղադրանք է հարուցված «մարդասպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով»։
ՏԱՍՍ-ի տեղեկացվածությամբ, Իլյա Գրաբերը մեղադրվում է պետերբուրգցի գործարար, քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսանդր Պետրովի «սպանությունը պատվիրելու» մեջ։
Վերջինս դիպուկահար մեկ կրակոցով սպանվել է 2020թ․ հոկտեմբերի 24-ին՝ Վիբորգի շրջանի Վելիկոյե գյուղի իր առանձնատան բակում։ Ըստ նախաքննության վարկածի, Պետրովի սպանությունը իրականացրել է հայտնի բռնցքամարտիկ Ալիսուլթան Նադիրբեգովը, որին Գրաբերը «վճարել» է։
Թե ի՞նչ հանգամանքներով է «բացահայտվել» վեցամյա վաղեմության սպանությունը, այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն փոխանցել։ Այդուհանդերձ, աչքի է զարնում այն, որ Գրաբերի տանը, գրասենյակում և մի քանի ձեռնարկություններում խուզարկություններ իրականացրել են ոչ միայն Քննչական կոմիտեի, այլեւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Այդ ծավալի քննչական գործողությունները հազիվ թե կապ ունեն գործարար Պետրովի սպանության հետ։ Մանավանդ որ ձերբակալված է նաև Նադիրբեգովը։
Պետերբուրգյան fontanka-ն Գրաբերի ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղություն է նշել «նավահանգստային բեռնափոխադրումները» և ենթադրել, որ «հավանաբար, այդ ենթակառուցվածքները այլ անձի տնօրինության հանձնելու անհրաժեշտություն է ծագել»։
Ակնարկն ինչի՞ կամ ո՞ւմ մասին է, ենթադրությունների տիրույթի հարց է։ Փաստ է, որ Պետերբուրգի և Կրոնշտադտի նավահանգստային ենթակառուցվածքները հունիսի սկզբին ուկրաինական անօդաչուների թիրախային հարձակման են ենթարկվել։
Բացառված չէ, որ Իլյա Գրաբերը Ռուսաստանի նախագահի մոտ «վստահությունը կորցրել» է և իրավապահները նրան պարզապես «հիշեցրել» են վեց տարի առաջ «պատվիրած սպանությունը»։
Այս ռեզոնանսային կալանավորումը վկայում է, որ Ռուսաստանի բիզնես-վերնախավը գտնվում է հատուկ ծառայությունների «մանրադիտակի տակ», և ոչ ոք ապահավոգրված չէ ունեզրկումից և քրեական հետապնդումից, եթե «գլխավոր գծից մեկ քայլ աջ կամ ձախ է թեքվում»։

Բաց մի թողեք
Մինչ Երևանում վիճում են 300 հազար ադրբեջանցիների շուրջ, Բաքուն կոնգրես է անցկացնում բնակեցման օրակարգով. Լուսանկարներ
Հայաստանին վերաբերող մասով Ռուսաստանը Թուրքիայի հետ կպայմանավորվի
Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում Լուկաշենկոն կհայտարարի պատերազմի մասին