Երևանը արևմտյան մայրաքաղաքների հետ տարբեր հուշագրեր է ստորագրում, այդ թվում՝ այն ոլորտներում համագործակցության մասին, որտեղ Մոսկվան ավանդական և հուսալի գործընկեր» է։
Ռուսաստանը և ԵԱՏՄ գործընկերները գտնում են, որ Հայաստանի սպառողական մոտեցումը՝ ուրիշի հաշվին ԵՄ գնալ, անընդունելի է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան այցի մասին տեղեկատվությանը այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի «սպառողական» և «օգտապաշտական դիրքորոշման» մասին Ռուսաստանի պաշտոնյաները վերջին ամիսներին բազմիցս են արտահայտվել։ «Նորությունը», թերևս, այն է, որ Մարիա Զախարովան այս անգամ խոսել է նաև ԵԱՏՄ-ում Ռուսաստանի գործընկերների անունից։
Նույն օրը ԵԱՏՄ հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը գտնվել է Բրյուսելում, բանակցություններ է վարել Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաաժողովի առաջին դեմքերի՝ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Արդյունքում կողմերը ստորագրել են տնտեսական գործընկերության մասին մի շարք համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիարդ դոլար։
Ընդ որում, միայն Airbus քաղաքացիական ինքնաթիռների ձեռքբերման համար Ղազախստանը կվճարի 7, 145 միլիարդ դոլար։ Տոկաևը դեռ Բրյուսելում էր, երբ ՌԴ նախագահ Պուտինը ինքնաթիռաշինության հարցով խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ այդ բնագավառում Ռուսաստանը հասել է մեծ առաջընթացի։ Բայց ԵԱՏՄ անդամ Ղազախստանը, ինչպես տեսնում ենք, նախապատվությունը տալիս է Airbus-ին։
Ես Բրյուսել եմ եկել հստակ նպատակով՝ մեր բազմակողմ համագործակցությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։ Մոսկվայում Տոկաևի Բրյուսել այցը և նրա հայտարարությունը փորձում են «չնկատելու տալ»։
Ավելին, Հայաստանի հասցեին խոսում են նաև Աստանայի անունից։ Այն դեպքում, երբ Ղազախստանի նախագահը խոսել է Եվրամիության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցության խորացման նպատակի մասին։
Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են ներքին ինտեգրացիայի և Չինաստանի, Ճապոնիայի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման։
Նույն ձգտումներն ունեն Հայաստանի անմիջական հարեւանները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ ԱՄՆ-ի հետ «գործարքից» հետո աշխարհի առջև «կբացվի» նաև Իրանը։ Այս միջավայրում Հայաստանը չի կարող ընդմիշտ Ռուսաստանի ռազմա-քաղաքական, աշխարհատնտեսական շահերով կաշկանդված մնալ։
Իսկ մանտրան, որ Հայաստանի «տնտեսությունը աճել է շնորհիվ Ռուսաստանից պրեֆերենցիաների», մեղմ ասած, այնքան էլ արժանահավատ չէ, որովհետև Ռուսաստանի անգամ պաշտոնական վիճակագրությունը վկայում է «ռեցեսիայի» մասին։ Անկում ապրող տնտեսությունը այլ երկրի ՀՆԱ-ի կտրուկ աճ ապահովել չի կարող։

Բաց մի թողեք
Կարո՞ղ է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ուժերը պատճենել-փոստացնել Մելոնիի մեթոդը
Ավրամոպուլոսը չի արդարացվել, ասում է Եվրոպական հանձնաժողովը
Ադրբեջանը Իրանի բարեկամն է