02/07/2026

EU – Armenia

Ալիևի տեսակետը հաղորդուղիների ապաշրջափակման և Հայաստան – Թուրքիա տրանսպորտային կապակցվածության հարցերում

Հուլիսի 2-ին Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության, թուրք նախարարը Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Էրդողանի «ողջույնները», իսկ վերջինս «շնորհակալություն է հայտնել և խնդրել թուրքական պետության առաջնորդին փոխանցել իր ողջույնները»։

Այնուհետև Գյուրլեքը ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի «ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված կապերը զարգանում են շնորհիվ նախագահների միջեւ գոյություն ունեցող անկեղծ հարաբերությունների» և կարևորել «տարածաշրջանում էներգետիկայի, կոմունիկացիաների ոլորտներում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում Ադրբեջանի կարևոր դերը՝ «Զանգեզուրի միջանցքով» հանդերձ»։

Թուրքիայի արդարադատության նախարարը Բաքու է այցելել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Իլհամ Ալիևի բանակցությունների հաջորդ օրը։ Դիտարժան է, որ մինչ այդ Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Կայա Կալասը Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Քննարկումներին մասնակցել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով հուլիսի 1-ին Բաքվի օդանավակայանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ դիմավորել է ֆոն դեր Լայենին։ Դա վկայում է, որ նա Բաքու է մեկնել Անկարայից։

Ինչպես հասկացվում է Թուրքիայի արդարադատության նախարարի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին հաղորդագրությունից, Աքին Գյուրլեքը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բաքու է գործուղվել որպես «հատուկ բանագնաց»։

Իսկ դա նշանակում է, որ Ալիևի և Էրդողանի անձնական հարաբերությունները այնքան էլ անկեղծ և փոխվստահելի չեն։ Հակառակ դեպքում Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույց կունենար և կներկայացներ ֆոն դեր Լայենի հետ բանակցությունների արդյունքները։ Մանավանդ որ դրանք կարևոր են նաև Թուրքիայի համար։

Ավելի վաղ Ադրբեջանը չի մասնակցել Եվրոպա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա տրանսպորտային կապակցվածության հարցերով Եվրամիության կազմակերպած միջոցառմանը, որի շրջանակներում Հայաստանի ՏԿԵ նախարար Խուդաթյանի և Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուի հանդիպումը Բաքվի փորձագիտական հանրությունը խիստ կասկածամտոերեն է գնահատել։ Ամենայն հավանականությամբ, դա նաև Ադրբեջանի իշխանությունների տեսակետն է։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատված, իսկ «կարգավորումը հաջողությամբ առաջ է ընթանում»։

Անշուշտ, նման միանշանակ հայտարարությունը դրական է, բայց ի՞նչ «խաղաղություն» եւ ինչպիսի՞ «կարգավորում» է Ալիևը տեսնում, առայժմ լիովին պարզ չէ։ Մանավանդ՝ հաղորդուղիների ապաշրջափակման և Հայաստան – Թուրքիա տրանսպորտային կապակցվածության հարցերում։