02/07/2026

EU – Armenia

«Չորս հազար անհայտ կորածների» ճակատագիրը պարզելու համար Հայաստանին խնդիրներ ներկայացնելու կարիքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհում Բայրամովը հունիսի 30-ին հայտարարել է, որ Հայաստանի «ռազմական ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է չորս հազար ադրբեջանցիների ճակատագիրը»։

Նա հավելել է, որ այդ մարդկանց ճակատագրերի «հստակեցման առումով կարևոր է Հայաստանի կողմից զանգվածային գերեզմանների, հուղարկավորությունների փաստերի և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան, ինչպես միշտ, իրականությունը խեղաթյուրում է։ Հայաստանը երբեք Ադրբեջանի նկատմամբ ռազմական ագրեսիա չի իրականացրել։ Գոյություն ունեն 1993թ․ ապրիլ – նոյեմբեր ամիսներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևեր։

Դրանք ղարաբաղյան զինված հակամարտությունը ճանաչում են որպես Ադրբեջանի և նրանից անջատված Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական առճակատում, որին Հայաստանը չի մասնակցում։

Ինչ վերաբերում է «չորս հազար ադրբեջանցիների ճակատագրին», ապա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը քաջ գիտի, որ խոսքը ղարաբաղա-ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների մասին է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին խորհուրդ ենք տալիս google- ռուսերեն լեզվով «ադրբեջանական բանակի 1994թ․ քելբաջարյան ողբերգությունը» թեմայով որոնում տալ և կարդալ հետևյալը․ «1993թ․ դեկտեմբեր – 1994թ․ հունվար ամիսներին ադդրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են Քելբաջարի շրջանը վերադարձնելու լայնածավալ ռազմագործողություն։ 1994թ․ փետրվարի 18-ին հայկական զինված խմբավորումները անցել են հակագրոհի, լիովին վերականգնել Օմարի լեռնանցքի վերահսկողությունը։

Կտրվելով մատակարարման ուղիներից, ադրբեջանական ստորաբաժանումները հարկադրված են եղել ձյունապատ լեռներով նահանջել։ Ցրտահարության և հրետանային կրակի պատճառով նահանջը հանգեցրել է մարդկային զանգվածային կորուստների։

Ըստ հաշվարկի, ադրբեջանական բանակը ունեցել է 1500 մինչև մի քանի հազար զոհ»։

Գործող իշխանության համար, իհարկե, չափազանց դժվար է հանրությանը խոստովանել, որ Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի կողմից մշակված ռազմագործողությունը ադրբեջանցի զինվորականների համար նման աղետալի հետևանքներ է ունեցել։

Այդուհանդերձ, եթե միայն Քելբաջարի ուղղությամբ Ադրբեջանը «մի քանի հազար» զոհ է տվել, ապա «չորս հազար անհայտ կորածների» ճակատագիրը պարզելու համար Հայաստանին խնդիրներ ներկայացնելու կարիք չկա։ Նրանց առնվազն կեսը մնացել է Օմարի լեռնանցքի ձյուներում։ Այնտեղ էլ պետք է փնտրել։