Մի ժամանակ ՔՊ-ական իշխանությունը հպարտանում էր արդար, մաքուր ընտրություններով, ասում էր, որ այլեւս փակ է ընտրակեղծարարության էջը, դատապարտում էր մինչեւ 2018 թիվն անցկացված բոլոր ընտրությունները:
Բայց մենք տեսանք, թե ինչպես են համայնքներում ընտրված անձանցից քրեական գործիքներով խլում իրենց հաղթանակը եւ անգամ կալանավորում, ինչպես են անգամ ՔՊ-ի ներքին ընտրությունների ժամանակ զեղծարարություններ անում:
Տեսանք, թե ինչ խայտառակ մթնոլորտում ընթացան 2026-ի ընտրությունները` ինչ անասելի ճնշումներ գործադրվեցին մրցակիցների նկատմամբ, ինչ անհավասար պայմաններում էր ընթանում պայքարը, ինչքան հանրային ռեսուրս օգտագործեցին:
Իսկ քվեարկության արդյունքները հաշվարկելիս ապօրինաբար չեղարկեցին 3 ընտրատեղամասի արդյունքները, որ մի ամբողջ կուսակցություն դուրս մնա խորհրդարանից, եւ նրան հասանելիք մանդատները յուրացնեն:
Այս պայմաններում անհնարին է խոսել արդար ընտրությունների մասին, եւ այլեւս հնարավոր չէ խոսել այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Չնայած Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը համոզել է, որ ժողովրդավարության միակ ցուցանիշը լրագրողների` հարց տալու ազատությունն է: Նա արդեն որերորդ անգամ նույն միտքն է կրկնում լրագրողների մոտ, թե` եթե ես բռնապետ լինեի, երկիրն էլ բռնապետական լիներ, դուք այդ հարցը չէիք կարողանա տալ ու հանգիստ հեռանալ:
Բայց չէ՞ որ մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես է մի պարզ հարցը դառնում մարդուն կալանավորելու հիմք: Եվ ինչպես էր իրեն հարցեր ուղղող մարդու վրա բղավում` ինչո՞ւ դու չես զոհվել: Տեսել ենք, թե ինչպես են իրեն հարցեր ուղղած քաղաքացուն մի քանի օր անց դաժան ծեծի ենթարկում:
Տեսել ենք, թե ինչպես են իրեն քննադատող մարդիկ հորինված մեղադրանքներով բանտում հայտնվում:

Բաց մի թողեք
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել. Լուսանկարներ
Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով
Երեւանի բնակչուհին ինչո՞ւ է Դիլիջանի իր հրաշք հողը նվիրել համայնքին