06/07/2026

EU – Armenia

Եվրամիությունը «թուրքական աշխարհակետնտրոնը» կառավարելու գործիքակազմ կգտնի՞

Եթե ՆԱՏՕ-ի հուլիսի 7-8-ի գագաթաժողովը «Զանգեզուրի միջանցքը» ճանաչի Դաշինքի ռազմավարական լոգիստիկայի մաս, էներգետիկ անվտանգության առումով հաստատվի Թուրքիայի առանցքային դերը, և «Թուրքիան առանց ահաբեկչության» հայեցակարգը ընդունվի որպես տարածաշրջանային կայունության տարրերից մեկը, ապա այն կնշանավորվի որպես պատմական շրջադարձ, երբ Անկարան կճանաչվի անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորվող մայրաքաղաք։

Առաջիկա զարգացումների մասին նման տեսակետ է ձևակերպել Turkiye պարբերականի մեկնաբանը։

Պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի լիագումար քննարկումներում և Դաշինքի անդամ երկրների առաջնորդների հետ առանձին հանդիպումներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր բոլոր միջոցներով ձգտելու է հասնել «սահմանված» նպատակների ձեռքբերմանը։

Այդ առաջնահերթությունները նա, բնականաբար, ձգտելու է քննարկել առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Այստեղ արդեն էական չէ, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը ֆորմալ ինչ ձևակերպումներ կունենա, կարևոր են լինելու «տողատակերը» և «ստվերային պայմանավորվածությունները»։ Այս առումով ուշագրավ է Reuters-ի դիտարկումը, որ ԱՄՆ «հնարավորությունները չեն բավարարում, որպեսզի միաժամանակ և Ռուսաստանին զսպի Եվրոպայում, և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավասարակշռի Չինաստանի ազդեցությունը»։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հավանաբար, փորձելու է Եվրոպայում Ռուսաստանի զսպման «հավելյան գործիքակազմ ներգրավել»։ Ըստ երևույթին, «խաղադրույք դրվելու» է Թուրքիայի վրա։

Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը ստանալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրա հետ հեռախոսազրույց է նախաձեռնել, որ տեւել է «մոտ մեկուկես ժամ»՝ ինչպես ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

Ըստ այդմ, «նրանք շոշափել են նաև ուկրաինական կարգավորման թեման՝ այդ թվում հաշվի առնելով ՆԱՏՕ-ի․․․ գագաթաժողովին Թրամփի մասնակցությունը»։ ՌԻԱ Նովոստիի տեղեկացվածությամբ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցը «ծրագրվում է ամառնավերջին»։

Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Թրամփ-Պուտին հուլիսչորսյան հեռախոսազրույցի ընթացքում «սկզբունքային պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»։ Ի՞նչ իրավիճակ կձեւավորվի ՆԱՏՕ-ի «թուրքական» գագաթաժողովից հետո, Անկարան միջազգային «օրակարգ ձևավորող» մայրաքաղաքի կարգավիճակ կստանա՞։

Իսկ եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը «թուրքական աշխարհակետնտրոնը» կառավարելու գործիքակազմ կգտնի՞։