06/07/2026

EU – Armenia

Իսրայելի Կնեսեթի լիազորությունները սպառվում են, Հայկական հարցը մանրադրամ է

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակով Սևանը yerkir.am-ին հարցազրույցում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը Հայաստանի պետական վերաբերմունքը «աբսուրդ» է անվանել, որ անհարմար «վիճակի մեջ է դրել ամբողջ հայությունը»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հրապարակել է կառավարության նիստին իր ելույթը, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնավորված է նաև հայկական Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման առաջնահերթությամբ։

Իսրայելի կառավարության որոշման առթիվ ավանդական կուսակցությունները, Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Սփյուռքի կառույցները դեռևս հրապարակային տեսակետ չեն արտահայտել։ Հայտնի չէ նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետությունների, այդ թվում՝ Երուսաղեմի պատրիարքարանի, դիրքորոշումը։ Ամենայն հավանականությամբ, դա պատահական չէ։

Իսրայելական ռուսալեզու vesty-ին փոխանցել է «Եդիոտ ահրոնոտի» հրապարակումը, որ նվիրված է Կնեսեթի վերջին երկու շաբաթվա օրակարգին։ Այդուհետև Իսրայելի խորհրդարանը պաշտոնապես ավարտում է լիազորությունները, հոկտեմբերին կկայանան նոր ընտրություններ։ Ըստ իսրայելական պարբերականի, Կնեսեթի կոալիցիոն մեծամասնությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի երկու օրինագիծ։

Դրանցից մեկը՝ «Թորայի ուսումնասիրության», մյուսը՝ կառավարության իրավախորհրդատուի լիազորությունների և նշանակման կարգի փոփոխությունների մասին է։ Կնեսեթը պետք է քվեարկի նաև «հոկտեմբերի 7-ի», այն է՝ Գազայից Իսրայելի դեմ 2023թ․ հարձակման ուսումնասիրության «քաղաքական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշումը։

Խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, առավել ևս՝ օրինագիծ հաստատելու հարց, ըստ այդմ, Իսրայելի խորհրդարանի վերջին նիստերի օրակարգում ընդգրկված չէ։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Բենիամին Նաթանյահուին հաջողվելու է նոր կոալիցիա ձևավորել և կրկին կառավարություն կազմել։ Որքանով թույլ են տալիս դիտարկումները, Իսրայելի ոչ մի ակնառու ընդդիմադիր գործիչ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին դեռևս հրապարակային տեսակետ չի հնչեցրել։

Բայց շատ ավելի կարևոր է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր զարգացումների մասին որևէ կանխատեսում հնարավոր չէ, քանի դեռ իրանա-ամերիկյան բանակցությունները չեն ավարտվել։

Հուլիսի 7-8-ին Թուրքիան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կարող է կազմակերպվել Դոնալդ Թրամփ-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպում։ Այդ կարևոր միջոցառմանն ընդառաջ Անկարան և Երուսաղեմը աննախադեպ կոշտ հռետորաբանություններ են փոխանակել։

Նման ծայրահեղ բարդ իրավիճակում, երբ Հայաստանի համար գրեթե էքզիստենցիալ նշանակության հարցերի կարգավորումը մի շատ զգալի մասով պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններով, իրոք «աբսուրդ» կլիներ, եթե պաշտոնական Երևանը «ջուրը չմտած բոբիկանար»։

Իսկ թե ինչո՞ւ են լռում Հայ առաքելական եկեղեցին, ավանդական կուսակցությունները, Հայ դատի կենտրոնական գրասենյակը և Սփյուռքի կառույցները, դա էլ իր հերթին շատ նշանային է։