08/07/2026

EU – Armenia

Սպորտի գործիչները չեն խոսում․ Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել բանտ ուղարկել ընդդիմադիր երեք առաջնորդներին, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ նրան ամենաշատը խոցել է Գագիկ Ծառուկյանը:

Հրապարակ թերթը գրել է․ Ծառուկյանի ուժին նախ ապօրինությունների միջոցով զրկեցին խորհրդարան անցնելու հնարավորությունից՝ ավելի քան 60 հազար քվե ոչնչացնելով, ապա հարձակում ձեռնարկեցին Ծառուկյանի բիզնեսների ու անձնապես նրա նկատմամբ:

Բոլորս տեսանք, թե ինչպես են ձեռնաշղթաներով, որոնք Ծառուկյանի ձեռքերի համար փոքր էին, դիմակավորված սպեցնազի ուղեկցությամբ նրան տանում դատարան` կալանքի հարցի քննությանը մասնակցելու։

Քննչական կոմիտեն մի անհասկանալի հաղորդագրություն է տարածել` նրան մեղադրելով հարկերը թաքցնելու, խարդախության մեջ, եւ միջնորդել է դատարանին՝ նրան երկու ամսով կալանավորել: Միջնորդությունը քննելու է 33-ամյա դատավոր Գարիկ Աբելյանը, որը կալանավորել է Անդրանիկ Թեւանյանին, փաստաբան Կոչուբաեւի նկատմամբ մեղադրական դատավճիռ է արձակել:

Քանի որ Ծառուկյանը մշտապես եղել է սպորտի եւ սպորտսմենների կողքին, հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ըմբշամարտիկներին եւ ծանրամարտիկներին, մեզ հետաքրքրեց, թե նրանք ինչ են մտածում Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Արթուր Ալեքսանյանը` Սպիտակ արջը, մեր զանգին պատասխանելով ասաց, որ ինքն Արթուրը չէ, այլ Արթուրի եղբայրն է, եւ հրաժարվեց պատասխանել մեր հարցին:

Ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը զայրացավ. «Ինձ առավոտից անդադար լրագրողներ են զանգում, ինձ հանգիստ թողեք»:

Նազիկ Ավդալյանն ասաց. «Սխալ մարդու սխալ հարց եք տալիս, ես կարող եմ միայն սպորտից խոսել»: Սա այն դեպքն է, որ չզարմացանք` Ավդալյանը ԿԳՄՍՆ-ի հետ ծրագրեր է անում, թերեւս լուռ պայմանագիր է կնքել` իշխանություններին պաշտպանել ամեն ինչում:

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում