ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարա է մեկնել նախագահական նոր ինքնաթիռով, որ նրան նվիրել է Կատարի էմիրը։ Ինքնաթիռը, որ ստացել է «թռչող Սպիտակ տուն» անվանումը, առաջին պաշտոնական թռիչքը, այսպիսով, կատարել է Վաշինգտոն-Անկարա անվայրէջք չվերթով։
Անկարայում Դոնալդ Թրամփը առաջին հանդիպումը անցկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Եթե փորձենք հակիրճ ներկայացնել, ապա կստացվի, որ Դոնալդ Թրամփը Էրդողանին «խոստացել» է, որ ԱՄՆ-ը Թուրքիային F-35 հինգ կործանիչ կվաճառի, ինչպես նաև կքննարկի «պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցը»։
Այս «հաճելի անակնկալը» նա հիմնավորել է շատ պրագմատիկ ձևակերպմամբ: «Իրանի դեմ պատերազմում Թուրքիան ԱՄՆ-ին ավելի է օգնել, քան նրա ավանդական դաշնակից մի քանի երկիր»։
Թրամփ-Էրդողան բանակցություններին հասկանալի պատճառներով ավելի սևեռուն հետևել են Իսրայելում։ Ynet-ի ռազմական փորձագետի հայացքով՝ «Իսրայելը մի քանի ուղղությամբ միաժամանակյան պարտություն է կրել»։
Նրա ձևակերպմամբ՝ Նաթանյահուի կառավարությունը «չի հաշվարկել, որ ռազմական գործողություններից հետո Թեհրանը ուշքի կգա և Հորմուզի նեղուցը կօգտագործի հօգուտ իր շահերի, իսկ այժմ նա պարտվում է թուրքական ուղղությունում, քանի որ Թրամփը համակրում է ավտորիտար Էրդողանին»։
Ի՞նչ դեր ունի Էրդողանի հանդեպ Թրամփի համակրանքը, այլ հարց է։ Իրական քաղաքական ռեժիմում դրված է Մերձավոր Արևելքում անվտանգային համակարգ ձևավորող գործընկերոջ ընտրության հարցը, և ԱՄՆ-ը կոնկրետ այս փուլում նախապատվությունը տալիս է Թուրքիային։
Առայժմ պարզ չէ երկու հանգամանք: ԱՄՆ- Թուրքիա ռազմավարական համագործակցությունը Կոնգրեսի կողմից ինստիտուցիոնալ հաստատում կունենա՞։ Եվ երկրորդ՝ ավելի ազդեցիկ Թուրքիան եվրոպական անվտանգային համակարգի դերակատա՞ր է լինելու, թե՞ գործելու է «ինքնավար ռեժիմում»։
Կոնկրետ Հայաստանի համար չափազանց կարևոր է դիտարկել, թե արդյոք Թուրքիայի դեմ պատժամիջոցների չեղարկման դիրքորոշումը, որ Անկարայում բացահայտել է ԱՄՆ նախագահը, որքանո՞վ է առնչվում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների և լոբբիստական շրջանակների ջանքերին։

Բաց մի թողեք
Հայաստանի շուրջ ի՞նչ միջավայր է ձևավորվելու` «իմամ Շամիլ կծնվի՞»
Էրդողանը հատուկ հարգանք է վայելում ողջ աշխարհում. Թրամփ
Դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն․ Գյուլեր. Լուանկար