Ռուս մեկնաբաններից մեկը ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը անվանել է «Ղրիմի երկրորդ պատերազմ»։ Խոսքը 1853-55 թվականների պատերազմի մասին է, որ ցարական Ռուսաստանը մղել է մի քանի ճակատներով։
Այն ավարտվել է Ռուսաստանի համար ոչ այնքան բարենպաստ ելքով։ Բաց աղբյուրների տվյալներով, օրինակ, ցարական կառավարությունը պատերազմական ահռելի ծախսերի պատճառով առաջացած բյուջետային ճեղքը կարողացել է փակել միայն․․․ 1897 թվականին։
Ավելի ակնառու է երկու փաստ․ Ղրիմի պատերազմից հինգ տարի հետո Ռուսաստանում ճորտատիրությունը վերացվել է, իսկ տնտեսական անկումը կանգնեցնելու համար ցարական կառավարությունը հարկադրված է եղել Ալյասկան վաճառել Միացյալ Նահանգներին։
Այդ գործարքը, ամենայն հավանականությամբ, նաև քաղաքական իմաստ է ունեցել, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին ուղղակի մասնակցություն չի ունեցել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրվա քննարկումներից տպավորություն է ստացել, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի տեսակետը «չի փոխվել»։
Թուրքական աղբյուրները հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում «նախագահ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ռազմական համագործակցության պայմանագիր կստորագրեն»։
Ղրիմի պատերազմի արդյունքներով ցարական Ռուսաստանը զրկվել է Սև ծովում ռազմական նավատորմ ունենալու իրավունքից։ Այն վերականգնվել է ռուս-թուրքական 1877-78 թվականների պատերազմից հետո։
Ներկայումս ՌԴ Ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմը շատ զգալիորեն թուլացած է, իսկ Թուրքիան արդեն ռազմանավեր է մատակարարում եվրոպական երկրներին։
Եթե բրիտանա-թուրքական ռազմական համագործակցության պայմանագրի մասին տեղեկությունը իրականությանը մոտ է, ապա դա նշանակում է, որ Թուրքիան Ուկրաինայի հարցում բացահայտվում է որպես Ռուսաստանի թշնամի։
Իհարկե, Լոնդոն-Անկարա «ռազմական դաշինքը» շոշափում է նաև Ֆրանսիայի և Հունաստանի, ինչպես նաեւ Իսրայելի շահերը, բայց ավելի էական է, որ Ստամբուլը այդուհետև ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ չի լինի։
Ստացվում է, որ, ինչպես Ղրիմի պատերազմում, այսօր էլ Ռուսաստանի «խաթարված հեղինակությունը կարող է միայն ԱՄՆ-ը փրկել»։ Բայց ի՞նչ գնով։ Ռուսաստանը «վաճառելու Ալյասկա» չունի։

Բաց մի թողեք
Թուրքիան Ուկրաինային «ռազմական աջակցություն կցուցաբերի», բայց «խաղաղության համար պետք է Ռուսաստանին խրախուսել»
Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցում իրականությունից զգալիորեն հեռու է
Բայրամովը նորություններ է հայտնել սահմանազատման, «էքսկլավային գյուղերի», TRIPP-ի մասին