Անկարայում հուլիսի 7-8-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ավարտվել է հօգուտ Ուկրաինայի։
«Նեզավիսիմայա գազետա»-ն այսպես է գնահատել Թուրքիայի մայրաքաղաքում Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդների երկօրյա քննարկումների ամփոփ արդյունքը։
Ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցն այդ ձևակերպումը հիմնավորել է առաջին հերթին նրանով, որ «դաշինքի անդամ ոչ մի երկիր չի առարկել ընթացիկ տարում Ուկրաինային յոթանասուն միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը, իսկ ամփոփոիչ հռչակագրում Ռուսաստանը ճանաչվել է երկարաժամկետ սպառնալիք»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, ապա ռուսաստանյան լրատվամիջոցի գնահատմամբ, «չնայած նա յուրահատուկ մաներայով քննադատել է ՆԱՏՕ-ին, բայց Ուկրաինային աջակցելու հարցում լիովին համերաշխվել է նրան, Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին ուկրաինական հարվածներին հավանություն է տվել և խոսել ուկրաինացիներին Patriot հրթիռների արտադրության լիցենզիա տալու մասին»։
«Նեզավիսիմայա գազետա»-ն հատկապես կարևորել է ԱՄՆ նախագահի «ակնարկը», որ Ռուսաստանի «հանդեպ ճնշումը միջոց է, որպեսզի Կրեմլը նստի բանակցությունների սեղանի շուրջ», և ձեռք բերվի այն, ինչ Թրամփը «գործարք է անվանում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխզիջումային խաղաղություն»։
Թրամփ-Զելենսկի բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահը վստահաբար ասել է, որ նույն օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա ։ Այդ մասին առայժմ տեղեկություն չկա։
«Նեզավիսիմայա գազետա»-ն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների մասին հրապարակումը վերնագրել է «Թրամփը Անքորիջի ոգին փոխարինել է Անկարայի ոգով», որ ակնհայտորեն միայն «բառախաղ» չէ։
ԱՄՆ նախագահը, իրոք, Անկարայում շեշտադրումները փոխել է։ Նա ասել է, որ Զելենսկին «ցանկանում է խաղաղ գործարք կնքել», իսկ Ռուսաստանը «փոխում է իր պայմանները»։ Ընդ որում, դիմելով Ուկրաինայի նախագահին, Թրամփը տպավորություն է հայտնել, որ Ռուսաստանը «որոշ չափով մոտ է նրան, ինչ Զելենսկին է ցանկանում»։
ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթաժողովից առերևույթ կարելի է եզրակացնել, որ այն «Զելենսկու տրիումֆն» է։ Քաղաքական հայտարարությունների մակարդակով նա, իրոք, աննախաադեպ աջակցություն է ստացել, բայց խոստումներից մինչև առարկայական փաստ «ճանապարհը երկար» է, իսկ պատերազմը շարունակվում է։
Ամենևին էլ պատահական չէ, որ հուլիսի 9-ին Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ ռազմաարդյունաբերական համալիրը Ռազմաօդային ուժերին SU 30 CM2 կործանիչներ և SU 34 ծանր ռմբակոծիչներ են մատակարարել։
Երևի Վլադմիր Պուտինը Դոնալդ Թրամփի «հեռախոսազանգին այդպես է պատասխանել»։

Բաց մի թողեք
Մայրաքաղաքները մերժում են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի հաջորդ պատժամիջոցների փաթեթը
ՌԴ նավթավերամշակման գործարանը «խոցվել» է Ադրբեջանի մասնակցությամբ
Թուրքիան հավակնությունները կսահմանափակի՞, թե՞ կգնա ռազմական էսկալացիայի