24/07/2026

EU – Armenia

«Վեոլիա ջուր»-ը աուդիտի կենթարկվի․ ի՞նչն է պատճառը, ընկերությունը պատասխանատվության կենթարկվի՞

«Վեոլիա ջուր» ընկերությունը անկախ տեխնիկական աուդիտի կենթարկվի։ Այս մասին տեղեկացրել է Ջրային կոմիտեն՝ հայտնելով, որ աուդիտը ընկերության 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով է անցկացվելու, և գնահատելու է ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակն ու դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին, սահմանված կատարողական ցուցանիշներին։

Գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են՝ մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը և բաժանորդների գոհունակության մակարդակը։ Բաժանորդների վերաբերմունքի գնահատման նպատակով տեխնիկական աուդիտի շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նախատեսվում է իրականացնել հարցումներ՝ պատահական ընտրանքով։

«Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար»,- նշված է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Սովորաբար, հանրային ընկալման մեջ աուդիտը ասոցացվում է այս կամ այն ընկերության կողմից իր պատասխանատվության ոլորտում կասկածելի գործունեություն իրականացնելու հետ, և Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունը իրավասու գերատեսչությունների ուշադրության ներքո հենց այնպես չի հայտնվել։ Մանավանդ, որ ընկերության գործունեությունից բաժանորդների դժգոհությունները բազմաթիվ են, քաղաքացիները բողոքում են մեկ ջրամատակարարման անկայուն գրաֆիկից, մեկ տևական ու չնախատեսված ջրանջատումներից, անգամ խմելու ջրի կասկածելի որակից, անսարք ջրախողովակներից կամայական հոսող, փողոցներն ու բակերը գարշահոտով լցնող կոյուղաջրերից։

***

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,

ս.թ. հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր և Ջրառատ համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: