ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները:
Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։
Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Բաց մի թողեք
ԵՄ հանձնաժողովը դիտարկում է խոշոր բիզնեսի հարկի փոփոխություններ՝ բյուջետային համաձայնագիրը կնքելու համար
ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը կլուծվի մի դեպքում
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը