29/07/2026

EU – Armenia

Նիկոլը զանգում է Պուտինին… Պուտինն էլ թե՝ հեռախոսը տուր տան մեծին

Սա պաշտոնական խոսք չէ, այլ քաղաքական երգիծանք՝ այն ամենի մասին, ինչ մարդիկ տեսնում են, լսում ու քննարկում իրենց խոհանոցներում, բակերում ու սրճարաններում։

Հրապարակ թերթը գրել է․ Քաղաքականության մեջ ամենավատ պահերից մեկն այն է, երբ դիմացինը քեզ այլևս չի փորձում համոզել, չի վիճում, չի հակաճառում։ Պարզապես ասում է՝ «Քո ասածն ինձ համար ասնավանի չի»։

Տպավորությունն այնպիսին է, որ հենց այս փուլին են հասել Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին հարաբերությունները։ Մոսկվայում կարծես այլևս չեն ուզում լսել միայն Փաշինյանի խոսքը, ուզում են հասկանալ՝ հայ ժողովուրդն ի՞նչ է ասում։

Դրա համար մեծ քաղաքագետ լինելու կարիք չկա։ Երբ անընդհատ ասում են՝ «հանրաքվե արա, տեսնենք ժողովուրդն ինչ է ուզում», դա արդեն ուղերձ է։

Թարգմանաբար՝
— Քո ասածը լսեցի, բայց ինձ համար ասնավանի չի։ Ուզում եմ լսել՝ ժողովուրդն ինչ է ասում։

Պատկերացնենք հեռախոսազրույցը։
Փաշինյանը զանգում է.
— Վլադիմիր Վլադիմիրովիչ, նեղն ենք, օգնություն է պետք։
Պուտինն էլ պատասխանում է.
— Հեռախոսը տուր տան մեծին։
— Ո՞վ է տան մեծը։
— Ժողովուրդը։
Ու այստեղից սկսվում է հայկական քաղաքական սերիալի հերթական սեզոնը։

Ամեն անգամ, երբ Մոսկվայից սառը հոսանք է գալիս, Հայաստանում քաղաքական ջերմաստիճանը միանգամից փոխվում է։ Էլ խուզարկություն, էլ ձերբակալություն, էլ առգրավում։
Էլ առյուծ, էլ կոկորդիլոս, էլ արջ՝ ով ձեռքն ընկավ, սկսում է հետաքրքրել իրավապահներին։ Մի օր էլ չզարմանաք, եթե կենդանիները հայտարարություն տարածեն.
— Մենք կապ չունենք քաղաքականության հետ, մեզ հանգիստ թողեք։

Արդեն այնպիսի տպավորություն է, որ Կրեմլում եղանակը փոխվելուց հետո Երևանում քաղաքական եղանակային կանխատեսումն է սկսվում։
Մարդիկ շուտով ոչ թե օդերևութաբանությանն են հետևելու, այլ մտածելու են՝ Մոսկվայում ամպամած է, թե՞ արևոտ։

Երեկ Պուտին–Փաշինյան խոսակցություն էր, այսօր արդեն գործողություններ են սկսվում։ Եվ ամենամեծ հարցը մնում է նույնը.
Հայ ժողովուրդն ի՞նչ մեղք ունի։

Եթե Պուտինը Փաշինյանի հետ չի ուզում խոսել և ուզում է հասկանալ՝ ժողովուրդն ինչ է մտածում, ապա այդ խոսակցության հաշիվը ինչո՞ւ պիտի հայ ժողովուրդը վճարի։

Ստացվում է մի տարօրինակ պատմություն.
Մեկը զանգում է օգնություն խնդրելու, մյուսն ասում է՝
— Հեռախոսը տուր տան մեծին։
Բայց մինչև տան մեծը կհասցնի պատասխանել, տան կահույքն արդեն ցուցակագրվում է։