Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 927-Լ որոշման մեջ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական աջակցության ծրագրերի (այգեհիմնման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման բաղադրիչներով) շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ փաստացի կարկտապաշտպան ցանցեր են ներդրվել 3507 հեկտար ընդհանուր տարածքում, որից մոտ 3250 հեկտարը՝ վարկային բաղադրիչով։ Նախագծի շրջանակը առնչվում է ծրագրի շրջանակում հիմնված մոտ 66 հեկտար այգիների, որոնցում չորս շահառու, առանց այգեհիմնման, ներդրել է կարկտապաշտպան ցանցերի համակարգ։
Վերջին ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվում են որոշակի սահմանափակումներ, որոնց հետևանքով պտղաբուծական և այգեգործական արտադրանք արտահանող տնտեսվարողները կրում են զգալի ֆինանսական կորուստներ և ունեն լրացուցիչ պետական աջակցության անհրաժեշտություն։ Կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 923-Լ որոշմամբ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրերի շրջանակում այգեհիմնում իրականացրած շահառուների համար արդեն իսկ սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, որոնց համաձայն՝ վարկերի մարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարով, ինչպես նաև տրամադրվել է վարկի մայր գումարի մարման լրացուցիչ մեկ տարվա արտոնյալ ժամկետ։ Սակայն նույն խնդիրն առկա է նաև այն շահառուների համար, որոնք պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, ներդնում են կարկտապաշտպան համակարգ։ Հետևաբար անհրաժեշտ է համանման արտոնություններ նախատեսել նաև նշված շահառուների համար՝ ապահովելով նրանց նկատմամբ հավասար մոտեցում և մեղմելով արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած դժվարությունները։
Գործող կարգավորմամբ արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն ֆինանսական կառույց պետք է դիմի մինչև 2026 թվականի սեպտեմբերի մեկը։ Սակայն մի շարք պտղատեսակների բերքահավաքն ու իրացումը իրականացվում է սեպտեմբերին, ուստի նպատակահարմար է արտոնություն ստանալու համար ֆինանսական կառույց դիմելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հոկտեմբերի մեկը։
Նախագծի նպատակն է մեղմել Հայաստանի Հանրապետությունից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումների բացասական հետևանքները՝ ծրագրի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, կարկտապաշտպան համակարգ ներդնելու համար պետական աջակցության ծրագրերից օգտվող շահառուներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու միջոցով։
Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսը գնահատվում է մոտ 2,6 մլն դրամ։

Բաց մի թողեք
Գոյության իրավունք ունեցող հարցադրում
Փաշինյանը հերթով «փչացնում» է թիմակիցներին
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն