Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը քննադատել է մայրաքաղաքում իրականացված կանաչապատման ծրագրերը՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություններում ներկայացվող ձեռքբերումները չեն արտացոլում իրական պատկերը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը հաճախ խոսում է վերջին տարիներին ստեղծված տասնյակ հեկտար նոր կանաչ տարածքների մասին, սակայն այդ հաշվարկներից պետք է առանձնացնել նաև 8,5 հեկտար տարածքը, որտեղ տնկված շուրջ 10 հազար ծառերը չորացել են։ Վարդանյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ քաղաքի տարբեր հատվածներում հատվել են ստվեր ապահովող բազմաթիվ ծառեր, ինչի հետևանքով զգալիորեն նվազել է կանաչ սաղարթների ծավալը։
Ավագանու անդամի տվյալներով՝ ծրագրի իրականացման համար ծախսվել է 212 միլիոն դրամ, որից 112 միլիոն դրամը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը, իսկ մնացած ֆինանսավորումը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Քրիստինա Վարդանյանի գնահատմամբ՝ կանաչապատման ծրագրերի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե իրականացված ծառատունկերի քանակով, այլ վերջնական արդյունքով՝ որքանով են ծառերը պահպանվել և զարգացել։ Նրա համոզմամբ՝ չորացած տնկիներն ու քաղաքի կանաչ տարածքների կրճատումը վկայում են ծրագրի անարդյունավետության մասին։

Բաց մի թողեք
Հաղթում է ոչ թե նա, ով բարձրաձայն պիտակավորում է մյուսներին, այլ ․․․
ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում․ ՀՀ-ի համար այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է․ վարչապետ
Եթե ժողովրդի ըտրությունը յուրացրած մեկը չի ճանաչում Վեհափառին, ուրեմն նա գոյություն չունի՞