14/08/2026

EU – Armenia

Թուրքիայի հերթական խորամանկությունը․ թիրախում Աբխազիան է

Թուրքիայի խորհրդարանում օրերս հնչել են կոչեր՝ վերջ դնել Աբխազիայի մեկուսացմանը։ Տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ներկայացուցիչներ ոչ միայն աբխազական սփյուռքից։

Ավանդաբար նրանք ակտիվորեն պայքարում են, որպեսզի Աբխազիան դուրս գա միջազգային մեկուսացումից։ Ասուլիսին մասնակցել են նաեւ թուրքական խորհրդարանի մի քանի ֆրակցիաների պատգամավորներ։

Գլխավոր հարցը, որը քննարկվել է, կապված է եղել այն բանի հետ, որ Թուրքիան պետք է ճանաչի աբխազական անձնագրերը որպես օրինական փաստաթղթեր, եւ դրանցով հնարավոր լինի մուտք գործել Թուրքիայի տարածք։ Այս մասին գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծականում։ Նա նկատում է, որ տեղի ունեցածը պաշտոնական գործողություն չէ։ Ո՛չ թուրքական խորհրդարանը, ո՛չ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ավելին, պաշտոնապես Թուրքիան շարունակաբար աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Սա ավելի շատ նման է ոչ այնքան Աբխազիան դիվանագիտական առումով ճանաչելուն, որքան իրականություն դարձնելու այն, որ Աբխազիան ապամեկուսացվի փաստացի կերպով։ Այսինքն՝ հնարավոր լինի հաղորդակցություն՝ առանց դիվանագիտական ճանաչման։ Նման «փորձ» Անկարան ունի՝ կապված Հյուսիսային Կիպրոսի հետ։

Նիկոսիայից ոչ շատ հեռու գտնվող Էրջանի օդանավակայանի գործելը թերեւս դրա ապացույցն է։ Այստեղ հարցն այլ է։ Ամենայն հավանականությամբ, Անկարան տրամադրություններ է շոշափում։ Թեկուզեւ այս տարի վերահաստատվել է Անկարա-Բաքու-Թբիլիսի գծով՝ մեկմեկու տարածքային ամբողջականության ճանաչումը, սակայն կարծես թե Աբխազիայի ապամեկուսացումն արդեն զուտ աբխազական սփյուռքի օրակարգից Թուրքիայում սկսել է դուրս գալ ու բարձրանալ միջկուսակցական քննարկումների քաղաքական օրակարգ։ Քննարկումներն ընթանում են արդեն թուրքական խորհրդարանի պատերի ներսում։