Քաղաքագետ Լևոն Զարգարյանը գրել է․
«Պետություն առանց բովանդակության
Նոյեմբերի 4-ին Հայաստանի 12 ընդդիմադիր կուսակցություններ համատեղ հայտարարություն ստորագրեցին։ Որպես առաջին նպատակ նրանք հռչակեցին «Ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժումը»՝ միավորումը բացատրելով հայ ժողովրդի և հայոց պետականության առաջ ծառացած ճակատագրական մարտահրավերներով։ Փաշինյանի արձագանքը կարճ էր և իրեն բնորոշ. «Ինչ լինում է, ասում են Ալիևը, Ադրբեջանը․․․․ Այդ մարդիկ հակապետական մարդիկ են»։ Եթե մի կողմ դնենք փոխադարձ մեղադրանքները, ապա վեճի հիմքում ավելի կարևոր հարց է՝ ի՞նչ է նշանակում պահպանել պետությունը։
Ընդդիմությունը նախազգուշացնում է. պետականությունը վտանգված է։ Փաշինյանը պնդում է հակառակը. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը», և երկիրն «այսօր ավելի անկախ և ինքնիշխան է, քան երբևէ»։ Իր քաղաքականությունը նա ներկայացնում է որպես պետականության հարատևությունն ապահովելու միջոց։
Շատերի համար, սակայն, այդ բանավեճը կարող է վերացական թվալ։ Մի՞թե Հայաստանը կարող է պարզապես անհետանալ քարտեզից։
1945 թվականից հետո պետությունները գրեթե դադարել են անհետանալ։ Քաղաքագետ Տանիշա Ֆազալը, ուսումնասիրելով վերջին երկու դարերի ընթացքում պետությունների ճակատագրերը, ցույց է տվել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո նվաճման և օկուպացիայի հետևանքով դրանց կործանումը «գործնականում դադարել է»։
Ճակատագրի հեգնանքով՝ 2023-ին անհետացավ Արցախը, բայց այն միջազգայնորեն ճանաչված պետություն չէր։ Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե պետության անկախությանն այլևս ոչինչ չի սպառնում։ Պարզապես այսօր միջազգայնորեն ճանաչված պետություն զավթելը չափազանց թանկ է։ Շատ ավելի էժան է նրան թողնել դրոշը և խլել որոշումներ կայացնելու իրավունքը։
Այս միտքը տեսանելի է Լիբանանի, Իրաքի և Սիրիայի օրինակներով․ պետության ձևական գոյությունը դեռևս չի նշանակում ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն։ Լիբանանը, չնայած պետական բոլոր խորհրդանիշների և միջազգային ներկայացվածության պահպանմանը, 1976-2005 թթ. գտնվել է սիրիական ռազմական վերահսկողության ներքո, իսկ 2019-ին բախվել է բանկային համակարգի փլուզմանը։ Իրաքում 2014-ին «Իսլամական պետությունը» գրավել էր Մոսուլը, իսկ Սիրիան տարիներ շարունակ գտնվել է միաժամանակ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական ներկայության պայմաններում, ինչն ի վերջո հանգեցրեց ահաբեկիչների՝ իշխանության գալուն։
Հայաստանը, իհարկե, այս երկրների հետ նույնացնել չի կարելի։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը վերջապես դուրս է եկել «ուրիշի գրպանից» և դարձել «ինքնիշխան կամքի կենտրոն ունեցող» պետություն։ Սակայն ինքնիշխանության տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն է, թե ում ազդեցությունից ես դուրս եկել, այլև այն, թե ով է այսօր որոշում քո փոխարեն։ Այս տեսանկյունից արժե կողք կողքի դնել հարևանների պահանջներին ընդառաջ արված մի քանի քայլեր։
1․ Տարածքներ․
2024 թվականի ապրիլին Հայաստանը համաձայնեց Ադրբեջանին հանձնել Տավուշի չորս գյուղ, թեև ԱԳՆ գնահատմամբ՝ սեփական շուրջ 200 ք․ կմ տարածք շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փաշինյանը բացատրում էր, որ դա անհրաժեշտ է, որպեսզի «Հայաստանը դառնա իսկապես անկախ պետություն»։
2․ Միջնորդներ․
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը դարձրեց խաղաղության պայման՝ միաժամանակ ընդունելով, որ «առանց Հայաստանի համաձայնության դա ձևականորեն անհնար է»։ Հայաստանը համաձայնեց, և 2025 թվականի նոյեմբերից այն դադարեց գոյություն ունենալ։
3․ Հիշողություն․
2025 թվականի մարտին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն «այժմ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ»։
4․ Խորհրդանիշներ․
2025 թվականի նոյեմբերի 1-ից հայկական սահմանային կնիքների վրա այլևս Արարատը պատկերված չէ։ Որպես բացատրություն կրկին ներկայացվեց հարևաններին չգրգռելու անհրաժեշտությունը։
5․ Սահմանադրության հիմք․
Փաշինյանն առաջարկում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, մինչդեռ Բաքուն այն անվանում է խաղաղության վերջին խոչընդոտ։ Սակայն Հռչակագիրն ինքն է իրեն անվանում «Սահմանադրության մշակման հիմք», իսկ դրա 11-րդ կետում արձանագրված է Ցեղասպանության ճանաչմանն աջակցությունը։ Այսպիսով, մեկ փոփոխությամբ միաժամանակ լուծվում են Բաքվի և Անկարայի համար կարևոր երկու հարցեր։
6․ «Փախստականներ»․
Եթե նախորդ կետերը վերաբերում են արդեն կատարված կամ առաջարկվող քայլերին, ապա հաջորդ պահանջը դեռ օրակարգում է։ Ալիևը պահանջում է, որ Հայաստանը հստակեցնի, թե «երբ և ինչ պայմաններով են վերադառնալու արևմտյան ադրբեջանցիները», և խոստանում է. «Այս հարցը կմնա Ադրբեջանի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձն իրականություն չի դարձել»։
Այս շարքում հատկապես խոսուն է սահմանադրական հարցը։ Իշխանությունը պնդում է, որ Սահմանադրությունը փոխվում է ոչ թե Բաքվի պահանջով, այլ Հայաստանի ապագայի համար, և որ նախաստորագրված պայմանագիրն արդեն ամրագրում է՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։ Ավելին, պայմանագրի 12-րդ հոդվածն արգելում է կողմերին հղում անել ներքին օրենսդրությանը՝ պայմանագրի չկատարումն արդարացնելու համար։ Այսինքն՝ իրավական առումով Հայաստանի Սահմանադրությունը պայմանագրին չի խանգարում։ Բայց հենց այստեղ է հարցի էությունը. եթե պայմանագիրն արդեն փակում է սահմանների հարցը, ապա Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու պահանջը սահմանների մասին չէ։ Այն հիշողության մասին է։
Հիշողության համար պայքարի մեխանիզմը թերևս ամենից ճշգրիտ նկարագրել է Ջորջ Օրուելը։ «1984» վեպում կուսակցական կարգախոսն ասում է. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»։ Վեպի հերոսը՝ Ուինսթըն Սմիթը, Ճշմարտության նախարարությունում ամեն օր վերաշարադրում է հին փաստաթղթերը և գիտի. երբ բոլոր փաստաթղթերը նույն սուտն են ասում, այդ սուտը դառնում է «ճշմարտություն»։ Այսօր Հայաստանի առջև կանգնած է նույն հարցը. ո՞վ է որոշում, թե ինչ է հիշելու հայ հասարակությունը։
Ընդ որում, Բաքուն իր սեփական «հիշողությունից» չի հրաժարվում, այլ ընդլայնում է այն։ Ադրբեջանական դասագրքերում այսօր Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այսինքն, Հայաստանից պահանջում են մոռանալ իր պատմությունը, իսկ սեփական երեխաներին սովորեցնում են «հիշել» այն, ինչ երբեք գոյություն չի ունեցել։
Փաշինյանին ևս ձեռնտու է այս մոռացությունը։ Երբ անցյալը թելադրվում է դրսից, անհետանում են անհարմար խոսակցությունները Արցախի, Արարատի, Ցեղասպանության և Անկախության Հռչակագրի մասին, իսկ դրանց հետ՝ նաև պարտության պատասխանատվության հարցը։
Բայց հարցը միայն այսօրվա նպատակահարմարությունը չէ։ Անցյալի, պատմության և ինքնության նկատմամբ վերահսկողությունը երկարաժամկետ քաղաքական ներդրում է, որը Բաքուն այսօր կատարում է ՀՀ-ում իր «փաստաբանների» միջոցով։ Ով որոշում է, թե ինչպես է հասարակությունը հիշում իր անցյալը, որոշում է նաև, թե ինչն այն կհամարի արդար, հնարավոր և թույլատրելի ապագայում, իսկ դրանից է կախված, թե ինչպիսի պետություն այն կունենա։
Ահա թե ինչու Անկախության հռչակագրի պաշտպանությունը պարզապես իրավական տեքստի պաշտպանություն չէ։ Հռչակագիրը մեր պետականության հիմքում դրված հիշողության արձանագրությունն է, իսկ դրա պաշտպանությունը՝ սեփական պատմության ու պետության տերը լինելու իրավունքի պաշտպանությունը։ ԱՄՆ-ում, օրինակ, Անկախության հռչակագրի ընդունման օրը՝ հուլիսի 4-ը, երկրի գլխավոր պետական տոնն է, թեև այդ հռչակագիրը մեծ մասամբ բրիտանական թագավորի դեմ մեղադրանքների ցանկ է։ Բրիտանիայի հետ «հատուկ հարաբերություններին» դա չի խանգարում։
Սա մեզ վերադարձնում է «հարատևության» մասին բանավեճին։ Միջազգայնորեն ճանաչված պետության՝ քարտեզից անհետանալն այսօր գրեթե բացառիկ երևույթ է։ Այսինքն՝ Փաշինյանը Հայաստանի համար փորձում է ապահովել մի բան, որին անմիջականորեն գրեթե ոչինչ չի սպառնում, և դրա դիմաց վճարում է այն արժույթով, որն առանց այդ էլ սակավ է՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքով։ Բայց ճնշման ներքո արված յուրաքանչյուր զիջում պարզապես բացում է պահանջների ցանկի հաջորդ տողը։ Հաջորդ հաշիվը, որ մեզ ներկայացվում է, մեր հիշողությունն ու ինքնությունն է։
Սպառնալիքը ոչ թե այն է, որ Հայաստանը կարող է վերանալ քարտեզից, այլև այն, որ կմնա քարտեզի վրա, սակայն կկորցնի ինքնուրույն որոշելու կարողությունը։ Ուստի «Ալիևյան սահմանադրությանը» ուղղված «ոչ»-ն ավելի համոզիչ կլինի, եթե դրան զուգահեռ հնչի նաև հստակ «այո»-ն՝ ի՞նչ է ընդդիմությունն առաջարկում դրա փոխարեն։ Պետականության բովանդակությունը որոշվում է մեկ այլ հարցով՝ ի՞նչ կգրվի նրա Սահմանադրության մեջ, ի՞նչ կպատկերվի նրա սահմանային կնիքների վրա և, ամենակարևորը, ո՞վ կորոշի այդ ամենը։ «1984»-ի կուսակցական կարգախոսն ունի մեկ սահմանափակում. ով վերահսկում է ներկան, կարող է վերահսկել անցյալը միայն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն ինքը չի հանձնել իր հիշողությունը։
Հ.Գ. «Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից», – 2020 թվականի օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի 30-ամյակի օրը, գրել էր Փաշինյանը։ Նույն տեղում նա նշել էր. «մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն»։ 2026 թվականի մարտին նա այդ փաստաթուղթն անվանեց «կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր»»։


Բաց մի թողեք
Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք
Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա
Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից