Գուցե Վլադմիր Վլադիմիրովիչը չհասցնի, բայց ով նրան կփոխարինի, Ադրբեջանին անպայման կհիշեցնի։
Ըստ «Новый курултай» ֆեյսբուքյան խմբի ադմին Ֆուադ Գահրամանլիի, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին այսպես է արտահայտվել Մարգարիտա Սիմոնյանը, ինչին ադրբեջանցի բլոգերը արձագանքել է ծաղրանքով․ «Դա ինչպե՞ս հասկանանք, Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի անմահությանը չի՞ հավատում»։
Ռուս-ադրբեջանական վերջին «սրացմանը» անդրադարձել է նաեւ վրացի փորձագետ Գելա Վասաձեն։ Հիշեցնելով ռուսաստանցի երեք լրագրողների դեմ Ադրբեջանի դատախազության հարուցած քրեական գործի նախապատմությունը, Գելաձեն վստահաբար պնդել է, որ Մոսկվան Բաքվի «արձագանքն է փորձել և ստացել կոշտ պատասխան»։
Իսկ թե բուն պատճառը ո՞րն է, վրացի փորձագետը «աշխատանքային վարկած» է ներկայացրել, ըստ որի՝ Մոսկվան այդ կերպ հակադարձել է «Մեծամորի ատոմակայանը փակելու, միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու և TRIPP-ով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթ և գազ արտահանելու մասին Հայաստանին Ալիևի արված առաջարկությանը»։
Ալիևը Մեծամորի ատոմակայանի «վաղ թե ուշ փակվելու» և Հայաստանի հետ «միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու» և TRIPP-ով նաև այլ ենթակառուցվածքներ անցկացնելու մասին խոսել է Նախիջևանից, իսկ այնտեղ է այցելել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարեդարձի առթիվ հայ-ամերիկա-ադրբեջանական համատեղ հայտարարությունից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից ու նրան անձնական նամակ հղելուց հետո։
Վրացի փորձագետի «աշխատանքային վարկածի» ենթատեքստը հասկանալի է․ Վրաստանը TRIPP-ի վերաբերյալ «վերապահումներ» ունի՝ զգուշանալով, որ կկորցնի Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս-Եվրոպա տրանզիտայի ապահովման մենաշնորհը։
Ավելի կոնկրետ համատեքստում դա նաև կապված է Հայաստան-Ռուսաստան ցամաքային միակ կապի ապահովման քաղաքական նշանակության հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը TRIPP-ը «թշնամաբար է ընդունում»։
Խնդիր է, թե Մարգարիտա Սիմոնյանը հատկապես ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ Պուտինը գուցե չհասցնի, բայց ՌԴ հաջորդ նախագահը «Ադրբեջանին անպայման կհիշեցնի»։ Իսկ Պուտինը ինչո՞ւ Ալիևին «այստեղ և այժմ» չի հիեցնում։
Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում «այլևս անելիք չկար, երբ Հայաստանը այն ճանաչեց Ադրբեջանի մաս»։ Ռուսաստանը ինչպես և ինչու է Լեռնային Ղարաբաղը Ալիևին հանձնել, հայտնի չէ։ Իսկ գուցե Պուտինը չի՞ կարող Ալիևին հիշեցնել՝ զգուշանալով նրա հիշեցումների՞ց։


Բաց մի թողեք
Նոր աշխարհակարգում Եվրոպան սեղանի շուրջ տեղ չունի՞
Ծայրահեղ աջերը ցանկանում են վերափոխել ԵՄ-ն՝ ազգային ընտրություններում խոշոր հաղթանակներից հետո
Ինչպես խոշոր նավթային ընկերությունները և Թրամփի վարչակազմը խաբեցին Բրյուսելին