Օգոստոսի 11-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը մի ուրախալի լուր էր հրապարակել․ «2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը։
Հրապարակ թերթը գրել է․ Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքարում բնակվող Մարգարյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը եւ ընտանիքին մաղթելու առողջություն, խաղաղություն ու բարօրություն»։
Օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էի ուղարկել․ «2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզից քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է այժմ անհետ կորած»։ Մարզպետի աշխատակազմից գրավոր պատասխանել են մեզ, ավելի ճիշտ` ուղղակի հանդիմանել են, թե հարցին «նախկինում պատասխանվել է»: Այո, նախկինում էլ եմ այդ հարցն ուղղել մարզպետ Հայկ Ղալումյանին, բայց պատասխանելու փոխարեն մարզպետարանից ինձ պատասխանել են, որ այդ հարցով պետք է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Եթե դա պատասխան է, ապա՝ այո, պատասխանել են:
Բայց մենք բովանդակային պատասխան ենք ակնկալում: Տավուշի մարզպետը չգիտի՞, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզից քանի բնակիչ է մասնակցել, եւ քանիսն են զոհվել, քանիսն է դեռ անհետ կորածների թվում, թե՞ չի ցանկանում հայտնել։
Եթե մարզպետի աշխատակազմում չգիտեն Տավուշի մարզից 44-օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների թիվը, ինչպե՞ս են անհրաժեշտության դեպքում նրանց տներ այցելում, օգնություն ցուցաբերում եւ այլն։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարզում տեղական իշխանությունները պետք է իմանան ոչ միայն զոհվածների քանակը, այլեւ՝ թե նրանց ընտանիքներն ինչ պայմաններում են ապրում, ինչի կարիք ունեն, եւ ինչով կարող է տեղական ու հանրապետական իշխանությունն աջակցել նրանց, որ հայրենիքի համար զոհված հոր, որդու, կերակրողի պակասը որքան հնարավոր է՝ քիչ զգան եւ կարիքի մեջ չապրեն:

Բաց մի թողեք
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում
Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»
Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ