28/08/2026

EU – Armenia

Վրաստանի մի խումբ գործիչներ հիմնադրել են «Ընդդեմ անեքսիայի հարթակ» կառույցը

Օգոստոսի 27-ին կառավարության նստավայրում մամուլի ասուլիս է հրավիրել և հրաժարականի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ-տարածքային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն։

Նա ասել է, որ պաշտոնը և քաղաքականությունը թողնում է սեփական նախաձեռնությամբ, որպեսզի «ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնի»։ Մդինարաձեն շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և ամփոփել, որ «երեւի ուժերը կփորձի բիզնեսում»։

Մդինարաձեի հրաժարականի առթիվ դեռևս այլ տեսակետ կամ նրա հայտարարություններին հակադրվող մեկնաբանություն առայժմ տեղեկատվության հասանելի միջոցները չեն տարածել։

Փոխարենը հայտնի է դարձել, որ նույն օրը «Թբիլիսի մարիոթ» հյուրանոցում մի խումբ գործիչներ հիմնադրել են «Ընդդեմ անեքսիայի հարթակ» կառույցը, որը իր նպատակների մասին հայտարարություն է տարածել։

«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, միավորվելով որպես վերկուսակցական կառույց, որի համար Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի սկզբունքները, մարդու իրավունքները և ազատությունը և մարդկային արժանապատվությունը գլխավոր արժեքներ են, հավատում ենք, որ Ռուսաստանի կողմից օկուպացիայի եւ փաստացի անեքսիայի դեմ պայքարը միայն քաղաքական հարց» չէ,- ինչպես փոխանցել է apsny.ge կայքը, ասված է հայտարարության տեքստում։

Փաստաթուղթը եզրափակված է «Ոչ՝ օկուպացիային և անեքսիային, այո՝ արդարությանը, խաղաղությանը և Վրաստանի տարածքային ամբողջականությանը» կոչով։

«Ընդդեմ անեքսիայի հարթակի» հիմնադրման հռչակագիրը ստորագրել են Վրաստանի ԶՈՒ Միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Վլադիմիր Չաչաբիան, պաշտպանության և ներքին գործերի նախկին փոխնախարար Նոդար Խարշիլաձեն, Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Ակիա Բարբակաձեն, արտաքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն և այլ հայտնի գործիչներ։

Վրաստանի իշխող կուսակցությունը եւ կառավարությունը վերջին շրջանում ընդդիմության կողմից խստորեն քննադատվել է Ռուսաստանի «հետ գաղտնի գործարքներ քննարկելու» համար։

Արդյոք փոխվարչապետ-տարածքային զարգացման նախարար Մդինարաձեի հրաժարակը իրոք անձնական որոշո՞ւմ է, թե՞ պայմանավորված է «Վրացական երազանքի» կամ վարչապետ Կոբախիձեի հետ քաղաքական տարաձայնություններով, պարզ կլինի, երեւի, նրա հետագա գործունեությունից։