28/08/2026

EU – Armenia

Ոչ թե բովանդակությունն է անունին համապատասխանեցվում, այլ անունն ենք երկարացնում այնքան, մինչև բովանդակությունն էլ տեղավորվի մեջը

Շատերը բողոքում են՝ ինչո՞ւ են նախարարությունների անունները փոխում։ Մարդը որ մարդ է, ամբողջ կյանքում նույն անունն է կրում։

Բայց այստեղ էլ օգնության է հասնում այս իշխանության նորաձև կրթությունը և բացատրում է՝ անունը պետք է համապատասխանեցնել բովանդակությանը։ Ինչպես նախարարների տեղակալներին են հարմարեցնում նախարարներին։

Օրինակ՝ «Արտաքին գործերի նախարարություն» անունը, պարզվում է, ամբողջությամբ չի արտացոլում իրական բովանդակությունը։ Ուստի «առևտուրը» ավելացնում են, ու ամեն ինչ տեղն է ընկնում։ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»։

Հիմա, եթե քաղաքացին հարցնի՝

-Էս ի՞նչ եք արել։

-Էս ինչո՞ւ տարաք։

-Էս ինչո՞ւ տվեցիք․

Պատասխանը շատ պարզ է լինելու.

-Բա չե՞ք կարդացել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն» է։

Այսինքն՝ մարդն էլ ավելորդ հարցեր չի տա։ Կհասկանա, որ գործառույթները ընդլայնվել են։ Առաջ՝ արտաքին գործեր, հիմա՝ արտաքին գործեր ու առևտուր։ Ի վերջո, երբ նախարարության անվան մեջ «առևտուր» բառը կա, քաղաքացին էլ պետք է հասկանա, որ ինչ-որ բան կարող է վաճառվել, ինչ-որ բան՝ գնվել, իսկ ինչ-որ բան էլ՝ պարզապես «բովանդակությանը համապատասխանեցվել»։

Մի խոսքով՝ անունը փոխվեց, բովանդակությունը տեղավորեց անվան մեջ։ Իսկ եթե վաղը անունը մի քիչ էլ երկարի, չզարմանաք։ Ու թե պարզվի, որ տնտեսությունն էլ է արտաքին գործ, քաղաքացին պարզապես պետք է հարմարվի։ Չզարմանա, որ այս իշխանության օրոք ներքին բան չկա։ Արտաքին աշխարհի առաջ մեր լվացքի պարանը կապել ենք , ու մեր սպիտակեղենն ենք ցուցադրում։

Սա նորաձ7 կրթության ամենամեծ նվաճումն է․ ոչ թե բովանդակությունն է անունին համապատասխանեցվում, այլ անունն ենք երկարացնում այնքան, մինչև բովանդակությունն էլ տեղավորվի մեջը։ Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»։