Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի «Հրապարակին» տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ 2001–2007 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո հանդիպել է Թոֆիկ Զուլֆուղարովի հետ և նրա հետ սուրճ խմել։ Սարգսյանի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ ինքը Զուլֆուղարովին հարցրել է, թե ինչու 1999 թվականին միաժամանակ հրաժարական տվեցին արտաքին գործերի նախարարի և նախագահի արտաքին կապերի հարցերով խորհրդականի պաշտոնները զբաղեցնող Վաֆա Գուլուզադեն, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ըստ Սարգսյանի պնդման՝ Թոֆիկ Զուլֆուղարովն իրեն ասել է, որ եթե իրենք հրաժարական չտային, ապա 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունները կարող էին կրկնվել նաև Բաքվում` իրենց նկատմամբ։ Մեր հրապարակումից ժամեր անց Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական «Globalinfo.az» կայքին, և մի քանի պնդումներ է արել, որի մասին կրկին զրուցեցինք Արամ Սարգսյանի հետ: Նա մասնավորապես ասաց.
«Թոֆիկ Զուլֆուղարովը չի հերքում իմ պնդումները, և փորձում է դիվանագիտորեն շրջանցել իր հայտարարությունների մասին պնդումները, սակայն նրա հարցազրույցում կան դրվագներ, որոնց ես ցանկանում եմ անդրադառնալ: Նա պետք է հասկանար, որ ես կարող եմ խորացնել հարցի էությունը: Ինքնին հասկանալի է` եթե ադրբեջանցի նախկին պաշտոնյան հայտարարում է, որ իրենց հետ էլ տեղի կունենար այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, և դրա համար իրենք հրաժարական են ներկայացրել, դա նշանակում է, որ իրենք տեղյակ են եղել, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանում: Եկեք համաձայնեք, որ տրամաբանությունն այդ ուղղությամբ է տանում: Թոֆիկ Զուլֆուղարովը իր հարցազրույցում անդրադառնալով իմ պնդումներին, նկատում է, թե իբրև ես ակնարկում եմ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար ոչ թե ՌԴ-ն է մեղավոր, այլ սլաքները տանում եմ դեպի Արևմուտք: Ես ոչինչ չեմ ակնարկել, ես բացահայտ ասել եմ, որ Ռուսաստանին բացարձակ ձեռնտու չէր կատարվածը: Ռուսական կողմին Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան զույգն էր ձեռնտու:
Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա այն միակն էր, որի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները և ադրբեջանցիները նույն սեղանի շուրջ էին նստում: Այն ղեկավարում էին Հարոլդ Սոնդերսը, որը ղեկավարում էր ամերիկյան խումբը, իսկ ՌԴ-ի ներկայացուցիչը Վիտալի Նաումկինն էր: Հանդիպմանը մասնակցում էին Դավիթ Բաբայանը, որը, ցավոք, այսօր Բաքվի բանտում է, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, Ռուբեն Զարգարյանը, որը Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության պատասխանատուներից էր: Այժմ հարց կառաջանա, թե ինչի շուրջ էր գնում բանավեճը. առաջին հանդիպումից հետո Մինսկի խմբի խնդրանքով փորձարկումներ պետք է կատարվեին, թե Հայաստանում և Ադրբեջանում ինչպես կվերաբերվեն այս կամ այն հարցին: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ հետխորհրդային որևէ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ-ն չի ստեղծել Մինսկի խումբ, միայն Լեռնային Ղարաբաղի համար այն ստեղծվեց: Մինսկի խումբը ներկայացնում էր առաջարկներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրված էր բոլոր փաստաթղթերում: Մինսկի խմբի նախագահողները հանդիպումներ էին ունենում Ստեփանակերտում` ԼՂ ղեկավարության հետ, և հանդիպման առանցքում էր նաև հանրաքվեի հարցը, որը ԼՂ կարգավիճակի մասին էր լինելու: Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարում է, որ Ադրբեջանին հաջողվեց տարածքային ամբողջականության հիման վրա լուծել հարցը, սակայն դա այդպես չէ: Նրանք ուղղակի առիթից օգտվեցին` Հայաստանի իշխանությունները` Նիկոլ Փաշինյանը զիջումների գնացին, իսկ Ադրբեջանը գործի անցավ:
Ես ուզում եմ նաև հիշեցնել, թե մենք ինչպես էինք քննարկում հարցերը: Հանդիպումները կայանում էին տարվա ընթացքում երկու անգամ: Տեքստը, որի շուրջ քննարկումներ էինք ծավալում կոչվում էր` Շրջանակային համաձայնագիր: Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված համաձայնեց ընդունել այդ համաձայնագիրը, քանի որ չունեին պատճառաբանություն, թե ինչու չպետք է այդ տեքստի հետ հաշվի նստեին: Մեզ մասնավոր զրույցներում ասում էին` երբ գնում ենք Բաքու, մեզ ասում են` դավաճան եք: Առաջին անգամ ընդունեցին Շրջանակային համաձայնագիրը, հետո երբ գնացին Բաքու, արդեն հաջորդ հանդիպմանն ասացին, որ այն չեն ընդունում: Երբ տարածքների մասին են խոսում, ապա ասեմ, որ խոսքն ընդամենը հինգ տարածքների մասին էր: Ասում էին` գոնե այդ հինգ տարածքները վերադարձրեք մեզ, որ սևերես չլինենք: Իսկ մենք ասացինք, որ պետք է վերադարձնեք Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, Մարտակերտի և Մարտունու օկուպացված շրջանները, ինչպես նաև Նախիջևանը, որը տրված էր Ադրբեջանին որպես հովանավորյալ տարածք, որը դարձրին իրենց անքակտելի տարածք: Իրավիճակն այդպիսին է եղել: Ադրբեջանցիները մոռացել էին մեկընդմիշտ, որ Լեռնային Ղարաբաղը մի օր կարող է լինել Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանն այժմ ամեն առիթով Ալմաթիի հռչակագրի մասին է խոսում, դա վերին աստիճանի անգրագիտության դրսևորում է: Օրինակ` Վրաստանը չի էլ մասնակցել դրան: Այդ ընթացքում արդեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանն այսօր, անօրինական է: 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք` ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, որի համաձայն բոլոր ինքնավար կազմավորումներին իրավունք էր տալիս դուրս գալ այն բոլոր ինքնավար կազմավորումներից, որոնք դուրս էին գալիս ԽՍՀՄ կազմից: Երբ 1991 թվականի օգոտոսի 31-ին Ադրբեջանը` առանց հանրաքվե անցկացնելու, հայտարարեց, որ ինքը իրավահաջորդն է Դեմոկրատական Ադրբեջանի, որի կազմում երբևէ չի եղել ԼՂ-ն, դրանով իսկ ուղղակի հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, և սեպտեմբերի 2-ին ԼՂ պատգամավորները հռչակեցին ԼՂ Հանրապետություն, որը դուրս եկավ Ադրբեջանի կազմից եւ որը դուրս էր Ադրբեջանի կազմից»:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը բավականին ձեռնտու է Ռուսաստանին
Ո՞ւր անհետացան սուտ ու քարոզչական հնարք «արցախցի ահաբեկիչները»․ Լուսանկար
Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու