Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան 72-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հրապարակ թերթը գրել է․ Լուրը, ինչպես ասում են, ամպրոպի պես պայթեց մեդիատարածքում եւ հատկապես՝ ադրբեջանական հատվածում։ Իսկ Բաքվի հերթական հիստերիայի նախապատմության ու դրա դրդապատճառների մասին անիմաստ է գրելը, որովհետեւ դա վաղուց չարչրկված թեմա է։
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն թաքցրել իրենց ոչ միայն հայատյացությունը, այլեւ արցախատյացությունը՝ մեր կորսված եզերքի ցանկացած ներկայացուցչի, հատկապես Արցախն ազատագրած ու շենացրած հերոսների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որի ապօրինի, հանկարծակի կալանավորումն իրենց սրտի ՀՀ իշխանությունների կողմից, այնպիսի անթաքույց խանդավառությամբ ընդունեցին ու լուսաբանեցին, կարծես հերթական անգամ Արցախն էին վերանվաճում։ Իսկ ի՞նչ է ասվում Ռուսաստանի առաջնորդի՝ իր վաղեմի գործընկեր, անգամ՝ ընկեր (շնորհավորական ուղերձի բովանդակությամբ էլ է դա ամրագրվում) Ռոբերտ Քոչարյանին ուղղված հեռագրում․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ։
Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով եւ տոկունություն այն փորձությունների առաջ, որոնց այժմ բախվում եք Դուք եւ Ձեր ընտանիքի անդամները»։
Այսինքն, Կրեմլի ղեկավարի ուշադրության կենտրոնում ոչ միայն իր ընկեր Ռոբերտ Քոչարյանն է՝ նրան բաժին ընկած փորձություններով, այլեւ՝ նրա ընտանիքը։ Հիշեցնենք․ այս շեշտադրումներով շնորհավորանքից ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի տներ եւ սկսեցին խուզարկություններ կատարել։ Այնուհետ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը, որ վերջերս էր ստենտավորվել, տեղափոխվեց բուժկենտրոն։ Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Բաքվի իշխանամերձ սազանդարները Պուտինի շնորհավորանքը որակեցին տարբեր պաթետիկ, հակաքոչարյանական ու հակահայկական վերնագրերով՝ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է «Ղարաբաղի անջատողականների երեւելի ներկայացուցիչներից մեկին, Խոջալուի ցեղասպանության համամեղսակիցներից մեկին» եւ այլն, եւ այլն։ Կալանավայրում գտնվող Քոչարյանի նկատմամբ իր մաղձը դրսեւորելիս իշխանամերձ քարոզչակայքերից մեկը՝ Մինվալ․ազ-ը, օրինակ, գրեց․ «Կրեմլյան թվաբանություն. Քոչարյանին կարելի է շնորհավորել, բայց Զելենսկուն Բաքվում ընդունել չի կարելի»՝ հընթացս արտահայտելով նաեւ Ադրբեջանի հակառուսական արշավի չափաբաժինը։
Իսկ ալիեւյան ռեժիմը հատուկ «վերաբերմունք» եւ «հին հաշիվներ» ունի Կրեմլի հետ, այդ թվում՝ նաեւ Արցախյան հակամարտության ու այդ համատեքստում հայերին, Հայաստանին «սատարելու» հետ կապված։ «Ադրբեջանի համար Քոչարյանի կերպարն ունի բոլորովին այլ, շատ ավելի ծանր պատմական չափում։ Նա 1980-ականների վերջին ղարաբաղյան շարժման հիմնական մասնակից էր եւ անմիջականորեն ներգրավված էր Ղարաբաղում հայկական անջատողական կառույցների անվտանգության եւ պաշտպանության համակարգի ձեւավորման գործում։
Հետեւաբար, ադրբեջանական հանրային գիտակցության մեջ Քոչարյանն ավելին է, քան պարզապես հարեւան երկրի նախկին նախագահ։ Նա գլխավոր դեմքն է այն ժամանակաշրջանում, որն Ադրբեջանի համար կապված է պատերազմի, կորստի եւ ազգային ողբերգության հետ։ Սա տրամաբանական հարց է առաջացնում. եթե Մոսկվան իր ինքնիշխան իրավունքն է համարում հարաբերություններ պահպանել այն քաղաքական գործիչների հետ, որոնց Ադրբեջանում չափազանց բացասաբար են վերաբերվում, ապա ինչի՞ հիման վրա պետք է զգայուն լինի Բաքվի շփումների նկատմամբ Վլադիմիր Զելենսկու հետ»,- շարունակում է ադրբեջանական կայքը։
Մնացյալ հրապարակումներն այս տրամաբանության ու հիստերիայի մակարդակում են։ Մոսկվայից հնչող մեկնաբանությունները, սակայն, շեշտադրվում են Պուտինի շնորհավորանքի՝ պատմական ու առավել ողջամիտ դիպվածների վրա։ Թե ինչ ազդակ է ուղարկել Ռուսաստանի առաջնորդն իր շնորհավորական ուղերձով, բացահայտում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը․ «Մոսկվան ցույց է տալիս, որ Քոչարյանի ճակատագրի հանդեպ անտարբեր չէ եւ Երեւանին քաղաքական ազդանշան է ուղարկում, բայց դա անում է դիվանագիտորեն՝ չանցնելով բացահայտ ճնշման։ Եվ դա արվում է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից հայտարարված՝ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման նախօրեին»։ Փորձագետը խիստ խորհրդանշական է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր երկրի համար ՀԱՊԿ-ի վնասակարության եւ ոչ անհրաժեշտ լինելու մասին: Հենց նախագահ Քոչարյանի օրոք Հայաստանը միացավ այդ կառույցին։ Ընդ որում, Մարկեդոնովը նշում է, որ չափազանց պարզունակ կլիներ Քոչարյանին բնութագրել որպես Մոսկվայի դրածոյի, ինչը հիմա շահարկում են նրա քննադատներն ու իշխանամետ բանավիճողները (ավելացնենք՝ Ադրբեջանի իշխանությունները նույնպես):
«2003թ. հունվարին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահն իր մտահոգությունն էր հայտնել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հակահայկական հռետորաբանության եւ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, որից հետո նույնիսկ հատուկ Մոսկվայից Կուբան էր մեկնել՝ այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Տկաչովի հետ խոսելու համար: Բացի այդ, լինելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ջերմեռանդ ջատագովը, Քոչարյանը նաեւ քննադատել է կազմակերպությունը՝ ցանկանալով բարձրացնել կառույցի արդյունավետությունը։ Առավել հատկանշական է Քոչարյանի ելույթը 2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում»։ Եվ վերջում, ինչպես նկատում է Մարկեդոնովը, Պուտինն այս առումով շարունակում է իր նախկին գիծը՝ ցույց տալով, որ Ռուսաստանի հետ մերձեցմամբ շահագրգռված հայ քաղաքական գործիչներն իր համար պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Եվ ապա, Քոչարյանին տոկունություն մաղթելը նախկին նախագահի հետ համերաշխության դրսեւորում է։

Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին