05/09/2026

EU – Armenia

Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Բայց նրա պատմության մեջ երկու ամիսը գրեթե աննշան ժամանակահատված է։ Իրական հարցը երկու տասնամյակն է՝ ինչպե՞ս էր հնարավոր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում իշխանությունը վերածել սեփականության, սեփականությունը՝ նոր իշխանության, իսկ այդ ամենը՝ քաղաքական կարիերայի։

Բեգլարյանը պատահական նախկին պաշտոնյա չէ։ Նրա ճանապարհը հետխորհրդային Հայաստանի իշխանության ամբողջ անատոմիան է՝ Կենտրոնի թաղապետից Երևանի քաղաքապետ, այնտեղից՝ հրաժարական, ապա վերադարձ պետական համակարգ՝ արդեն տրանսպորտի և կապի նախարարի կարգավիճակով։

Եվ այսօր այդ կենսագրության կողքին քրեական գործերի մի ամբողջ քարտեզ է։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննությամբ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Կենտրոն համայնքի ղեկավար և Երևանի քաղաքապետ եղած տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործվել է 27 անշարժ գույք՝ ընդհանուր շուրջ 2.33 միլիարդ դրամ արժեքով, իր և փոխկապակցված անձանց փաստացի սեփականությունը դարձնելու համար։

Քննության վարկածով՝ գույքերը փոխանցվել են ուղղակի վաճառքով, նվիրատվությամբ կամ ձևական աճուրդներով, իսկ դրանց մի մասը հետագայում օրինականացվել է։ Նախաքննության ընթացքում Բեգլարյանը վերականգնել է շուրջ 210 միլիոն դրամ։

Այս գործի թերևս ամենախոսուն խորհրդանիշը թիվ 140 մանկապարտեզն է։ Քննության համաձայն՝ ավելի քան 233 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող համայնքային տարածքը նախ վերակազմակերպման ճանապարհով դուրս է բերվել իր նախկին կարգավիճակից, ապա մոտ 23 միլիոն դրամով փոխանցվել փոխկապակցված անձի, իսկ հաջորդ գործարքով՝ 24 միլիոնով Բեգլարյանի հորը։ Հետագայում այն անցել է ընտանիքին։

Այս պատմության մեջ թվերից ավելի կարևոր է պատկերը։ Մանկապարտեզը պետության ամենափոքր սոցիալական պայմանագիրն է։ Քաղաքը տարածք է պահում երեխայի համար՝ ասելով, որ այդ քառակուսի մետրերը շուկայական ապրանքից ավելին են։ Երբ այդ տարածքը հայտնվում է իշխանության հետ կապված մասնավոր սեփականության շղթայում, կորուստը միայն շենքը չէ։ Վաճառվում է հանրայինի գաղափարը։

Եվ սա մեկ մանկապարտեզի պատմություն չէր։ «Հետքի» երկարամյա հետաքննությունները փաստագրել են Կենտրոնում լուծարված մանկապարտեզների տարածքների սեփականության բարդ շղթաներ, որոնցից մի քանիսը հասել են Բեգլարյանի ընտանիքի կամ նրա շրջապատի անձանց։ Այդ հրապարակումներից մեկի հիման վրա էլ հարուցվել էր քրեական գործ։

Բայց Բեգլարյանի քաղաքական կենսագրության թերևս ամենավառ դրվագը նույնիսկ գույքը չէ։ 2010-ին Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ նախագահականը փաստացի հաստատեց տեղեկությունը, որ նա ծեծի էր ենթարկել նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանին։

Ժողովրդավարական երկրում նման պատմությունը սովորաբար քաղաքական կարիերայի վերջակետ է։ Հայաստանում այն ստորակետ դարձավ։ Ընդամենը մի քանի տարի անց Բեգլարյանը վերադարձավ կառավարություն՝ արդեն նախարարի պաշտոնով։

Եվ հենց այստեղ է ամբողջ համակարգի դատավճիռը։ Խնդիրը միայն այն չէ, թե ինչ է արել Գագիկ Բեգլարյանը։ Դրա մի մասը դեռ դատարանը պետք է հաստատի կամ մերժի։ Խնդիրն այն է, թե ինչպիսի պետություն էր հնարավոր դարձնում այդ քաղաքական կենսագրությունը։

Հետխորհրդային քրեաօլիգարխիկ համակարգում պաշտոնը հանրային ծառայություն չէր միայն։ Այն կապիտալ էր։ Թաղապետը վերահսկում էր տարածքը, տարածքը ստեղծում էր տնտեսական ուժ, տնտեսական ուժը՝ ընտրական ազդեցություն, իսկ քաղաքական ազդեցությունը նոր պաշտոն և նոր ռեսուրս էր բերում։

Փակ շրջան։ Դրա համար էլ այդ ժամանակների քաղաքային Հայաստանը երբեմն ավելի շատ հիշեցնում էր ֆեոդալական քարտեզ, քան հանրապետություն. թաղամասերն ունեին ոչ միայն ընտրված ղեկավարներ, այլ ազդեցության կենտրոններ, «տերեր», տնտեսական ցանցեր և քաղաքական հավատարմության համակարգեր։

Այս համակարգը պետությունից միայն փող չէր խլում։ Այն խլում էր միջին խավի առաջացման հնարավորությունը, որովհետև երբ լավագույն հողը, տարածքը, շուկան և վարչական որոշումը հասանելի են իշխանության հետ կապված խմբերին, անկախ գործարարը մրցակցում է ոչ թե ուրիշ գործարարի, այլ պետության հետ։ Այդ մրցակցությունը նա գրեթե միշտ պարտվում է։

Այդտեղից է գալիս Հայաստանի քաղաքականության հիվանդություններից մեկը։ Չկա լայն, ինքնուրույն սեփականատերերի խավ՝ չկա նաև մեծ կապիտալից անկախ քաղաքականություն։ Իսկ երբ քաղաքականությունը ֆինանսավորում են նույն տնտեսական կենտրոնները, որոնք կախված են իշխանությունից, ընտրությունները հեշտությամբ դառնում են ոչ թե գաղափարների, այլ ռեսուրսների մրցակցություն։

Հետևաբար Բեգլարյանի դատավարությունը արժեք կունենա միայն այն դեպքում, եթե Հայաստանը դրանից ավելի մեծ եզրակացություն անի։ Ոչ թե՝ «նախկին պաշտոնյան նստեց», այլ՝ «այլևս պաշտոնը սեփականություն ստեղծելու լիցենզիա չէ»։

Բեգլարյանը մեղավոր է այնքանով, որքանով դա կհաստատի դատարանը։ Նրա պաշտպանությունը պետք է ունենա ամբողջական իրավունք վիճարկելու յուրաքանչյուր մեղադրանք։

Բայց Հայաստանի Հանրապետությունն արդեն կարող է դատել մեկ ուրիշ բան՝ այն համակարգը, որտեղ պաշտոնյայի շուրջ տարիներով կուտակվող գույքը, բռնության մասին աղմկոտ պատմությունը և հանրային ունեցվածքի մասնավորեցման վերաբերյալ հրապարակումները բավարար չէին քաղաքական կարիերան ավարտելու համար։

Իրավական պետությունը սկսվում է ոչ այն օրը, երբ նախկին հզորին կալանավորում են։ Այն սկսվում է այն օրը, երբ գործող հզորն արդեն գիտի, որ պաշտոնից սեփականություն սարքելու ճանապարհը վերջանում է ոչ թե հաջորդ պաշտոնով, այլ դատարանի դռան առաջ։