Հայ-թուրքական սահմանը դեռ փակ է, բայց սահմանի երկու կողմում տնտեսական կյանքն արդեն պատրաստվում է դրա բացմանը։
Վանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովից հետո առաջարկում է Վանում ստեղծել մշտական ներկայացուցչություն՝ տնտեսական հարաբերությունները համակարգելու համար։ Կարսից ու Իգդիրից սահմանը բացելու կոչերից հետո Վանը խոսում է արդեն ինստիտուտ ստեղծելու մասին։
Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Թաքվանի հաշվարկով՝ բաց սահմանի դեպքում Վանը Երևանից կարող է բաժանել ընդամենը մոտ 290 կմ և 3–4 ժամ ճանապարհ։ Քարտեզի վրա սա վաղուց այդպես է։ Քարտեզի վրա Երևանն ու Վանը միշտ մոտ են եղել․ երեք տասնամյակ նրանց հեռու էր պահում ոչ թե աշխարհագրությունը, այլ փակ սահմանը։
Սակայն Վանից հնչող երկրորդ առաջարկն ավելի նշանակալի է։ Հայ և թուրք գործարարները կարող են Հայաստանում համատեղ արտադրություններ ստեղծել և Հայաստանի տնտեսական ռեժիմների ու ԵԱՏՄ անդամակցության միջոցով դուրս գալ ավելի մեծ շուկա։
Այստեղ հայ-թուրքական կարգավորումը փոխում է իր բնույթը։ Թուրքիան Հայաստանի համար կարող է դառնալ դեպի Միջերկրական ծով և Եվրոպա լրացուցիչ դարպաս, իսկ Հայաստանը Թուրքիայի արևելյան շրջանների համար կարող է դառնալ Կովկասի և եվրասիական ավելի լայն շուկաների հետ կապող տնտեսական հանգույց։
Սա նաև հետաքրքիր պատմական շրջադարձ է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը դիտվել է հիմնականում որպես ռուսական ազդեցության տնտեսական խարիսխ։
Բայց եթե թուրքական կապիտալը սկսի Հայաստանում արտադրել հենց այդ շուկա հասնելու համար, նույն անդամակցությունը կարող է ձեռք բերել բոլորովին այլ տնտեսական գործառույթ։ Աշխարհաքաղաքականության ամենահետաքրքիր պահերը սկսվում են այնտեղ, որտեղ հին գործիքը սկսում է ծառայել նոր նպատակների։
Իհարկե, պետք չէ բաց սահմանի հնարավորությունները գերագնահատել։ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանից տասնյակ անգամ մեծ է, և առանց նախապատրաստվելու սահմանի բացումը կարող է հայկական արտադրողի համար նաև ծանր մրցակցություն ստեղծել։
Հետևաբար Երևանին անհրաժեշտ է ոչ թե պարզապես բաց սահման, այլ քաղաքականություն՝ համատեղ արտադրություն, հայկական ավելացված արժեք, ներդրումներ, լոգիստիկ հանգույցներ և արտահանման նոր շղթաներ։
Բայց արդեն ակնհայտ է մեկ բան. Թուրքիայի արևելքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսում է ձեռք բերել սեփական տնտեսական շահառուներին։ Իսկ երբ խաղաղության կողմնակից է դառնում ոչ միայն դիվանագետը, այլև գործարարը, արտադրողը, հիվանդանոցը, փոխադրողն ու սահմանամերձ քաղաքը, քաղաքական գործընթացն ավելի դժվար է հետ շրջել։
Երեսուն տարի սահմանը փակ էր քաղաքական որոշմամբ։ Հիմա Կարսից, Իգդիրից ու Վանից տնտեսությունն ավելի հաճախ է տալիս հակառակ հարցը՝ ինչո՞ւ է այն դեռ փակ։ Եվ գուցե հայ-թուրքական կարգավորման ամենակարևոր փոփոխությունը հենց սա է. սահմանը դեռ չի բացվել, բայց նրա բացվելու շուրջ արդեն սկսում է ձևավորվել տնտեսական իրականություն, որը շահագրգռված է, որ այն այլևս չփակվի։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփը հայ-թուրքական սահմանին՝ Անիի մոտ, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն առաջարկել է անվանել «Խաղաղության կամուրջ»։ Բայց նրա հայտարարության ամենակարևոր մասը կամրջի անունը չէ։
Կարսը ցանկանում է Հայաստանի հետ առևտուր անել։ Ալփը բաց տեքստով խոսել է սահմանային առևտրի վերականգնման, Հայաստան–Ադրբեջան երկարատև խաղաղության և Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացը դրական ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին։
Առանձին վերցրած՝ սա կարող էր լինել ընդդիմադիր պատգամավորի հերթական խաղաղասիրական հայտարարությունը, սակայն այն արդեն տեղավորվում է ավելի հետաքրքիր գործընթացի մեջ։ Հայաստանի հետ սահմանի բացման տնտեսական անհրաժեշտության մասին Կարսում խոսում են նաև Թուրքիայի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Վերջերս իշխող ԱԶԿ-ի Կարսի պատգամավոր Ադեմ Չալքըչը հնարավոր բաց սահմանը կապում էր նույնիսկ Կարսի նոր տարածաշրջանային հիվանդանոցի հետ՝ նշելով, որ այն կարող է սպասարկել նաև Հայաստանի քաղաքացիներին։
Այս երկու հայտարարությունները միասին արդեն այլ պատկեր են ստեղծում։ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը Կարսում աստիճանաբար դադարում է միայն արտաքին քաղաքականության թեմա լինելուց և դառնում է տեղական տնտեսական շահ։ Սա կարևոր փոփոխություն է։
1993-ին փակված հայ-թուրքական սահմանը երեք տասնամյակ շարունակ Անկարայի համար առաջին հերթին աշխարհաքաղաքական գործիք էր։ Այն կապված էր Ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների և Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման հետ, բայց սահմանների առանձնահատկությունն այն է, որ դրանց փակ լինելու գինը վճարում են ոչ միայն մայրաքաղաքները։ Վճարում են սահմանամերձ քաղաքները։
Կարսը աշխարհագրորեն Հայաստանի կողքին է, բայց տնտեսական առումով տասնամյակներ շարունակ ապրել է այնպես, կարծես Հայաստանի փոխարեն իր արևելքում պատ կա։ Գյումրին Կարսից ուղիղ գծով ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է, սակայն փակ սահմանը այդ բնական հարևանությունը վերածել է տնտեսական անբնականության։
Այստեղ է Ալփի «Խաղաղության կամուրջը» ստանում իրական նշանակություն։ Ախուրյանի վրա պատմական կամուրջը ժամանակին Մետաքսի ճանապարհի հանգույցներից էր։ Միջնադարյան առևտրականը կարող էր անցնել այն սահմանը, որը 21-րդ դարի բեռնատարը դեռ չի կարող անցնել։
Պատմության հեգնանքը դժվար է ավելի պատկերավոր ներկայացնել, սակայն այսօր աշխարհաքաղաքական միջավայրը փոխվում է։ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա կարգավորումը, տարածաշրջանային ճանապարհների հնարավոր բացումը և Հարավային Կովկասով արևելք–արևմուտք հաղորդակցությունների զարգացումը Կարսի համար ստեղծում են պարզ տնտեսական հարց՝ ինչո՞ւ մնալ փակուղի, եթե կարելի է դառնալ հանգույց։
Հենց այստեղ է Թուրքիայի ներքին քաղաքականության փոփոխվող տրամաբանությունը՝ եթե Հայաստանի հետ սահմանի բացմանը կողմ են արտահայտվում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները հենց սահմանամերձ Կարսից, ապա Անկարայի համար կարգավորման ներքին քաղաքական գինը փոքրանում է։ Սահմանը բացելը կարելի է ներկայացնել արդեն ոչ միայն որպես Հայաստանին արված քաղաքական քայլ, այլ որպես Թուրքիայի արևելյան նահանգների զարգացման ծրագիր։
Սա Երևանի համար նույնպես կարևոր է։ Հայ-թուրքական կարգավորումը չպետք է կառուցվի միայն Անկարայի հետ բանակցությունների վրա։ Հայաստանը շահագրգռված է, որ բաց սահմանի կողմնակիցներ լինեն նաև Կարսում, Իգդիրում և Թուրքիայի արևելյան տնտեսական շրջանակներում՝ գործարարներ, փոխադրողներ, հյուրանոցներ, գյուղատնտեսական արտադրողներ, առևտրականներ, որովհետև խաղաղության ամենակայուն երաշխիքներից մեկը շահն է։
Երբ փակ սահմանը սկսում է գումար արժենալ սահմանի երկու կողմերին, իսկ բաց սահմանը՝ եկամուտ բերել, խաղաղությունը դադարում է միայն դիվանագետների նախագիծ լինելուց։
Այդ իմաստով Կարսից հնչած երկու տարբեր քաղաքական ուժերի ձայները գուցե ավելի կարևոր են, քան թվում է։ Երեսուն տարի Անկարան էր որոշում՝ Կարսի դարպասը դեպի Հայաստան բացվի՞, թե՞ փակ մնա։ Այժմ Կարսն ինքն է սկսում հարցնել՝ իսկ ինչո՞ւ է այն դեռ փակ։ Եվ գուցե հենց սա է «Խաղաղության կամրջի» ամենակարևոր իմաստը. կամուրջները կառուցվում են ոչ միայն գետերի, այլ երբեմն նաև երեք տասնամյակների քաղաքականության վրայով։

Բաց մի թողեք
Լը Պենը աջակցում է ծխախոտի մանրածախ վաճառողներին, մինչդեռ Եվրոպան պնդում է հարկերի բարձրացման մասին
Երևանը պետք է կարողանա ավելի մոտ լինել Վաշինգտոնին՝ առանց Թեհրանի համար սպառնալիք դառնալու
ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%