10/09/2026

EU – Armenia

Ինչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ռուսաստանի «կախվածությունից ազատվելու» ու դեպի Եվրոպա գնալու ցանկության մասին, ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներում եվրոպական հետքը դեռեւս չի երեւում, այնինչ ռուսական ազդեցությունը շարունակում է որոշիչ լինել, ինչի շնորհիվ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Հայաստանում տնտեսությունը շարունակում է աճի ցուցանիշներ գրանցել:

Ռուսական ազդեցությունն առավելապես զգացվել է Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Ռուսաստանից Հայաստան մարդկանց նոր հոսք է սկսվել: Ռուսական մեդիայում քննարկվում է, որ Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար նախընտրելի ուղղություններից է, ու ՌԴ-ում նոր զինվորական մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գները նորից աճում են:

Հրապարակ թերթի հետ զրույցում Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ, Silver REA Real Estate-ի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը նկատեց, որ դեռեւս 2022 թվականին, երբ հոսքը դեպի Հայաստան սկսվեց, շատերը Հայաստանի մասին շատ տեղեկատվություն չունեին, գիտեին միայն, որ կարող են Հայաստան գալ իրենց ներքին անձնագրերով, եւ մակերեսային տեղեկատվություն ունեին այն մասին, որ այստեղ ռուսախոս մարդկանց շատ ավելի լավ են վերաբերվում, ի տարբերություն Վրաստանի, չնայած այնտեղ գնացող ՌԴ քաղաքացիների քանակն էլ քիչ չէր: «Այն ժամանակ այստեղ ռուսներ քիչ կային, իսկ հիմա եկողները հիմնականում գալիս են իրենց ընկերների, ծանոթների խորհրդով, ուղղորդմամբ: Ընկերներն են օգնում, ուղղորդում, թե ինչ անեն, ոնց անեն, բիզնես բացեն, ոնց ապրեն, ոնց երեխաների կրթությունը կազմակերպեն: Նախնական եկած հոսքի մի մասը հետագայում գնաց դեպի արաբական երկրներ: Առաջին հոսքը բաղկացած էր հիմնականում ՏՏ կամ լոգիստիկ ոլորտում աշխատողներից, ովքեր հնարավորություն ունեին հեռավար աշխատելու բարձր աշխատավարձով: Նրանց մի մասը տեղավորվեց Հայաստանում, ԱՁ-ներ բացեցին, ու հիմնական մասը վարձակալում էր անշարժ գույք, որովհետեւ չգիտեին, թե ինչքան ժամանակ են Հայաստանում ապրելու: Առաջին հոսքով եկած սեգմենտը հետո արդեն տարբերվում էր երկրորդ հոսքով Հայաստան եկողներից: Օրինակ, երբ գալիս էին, շուկան, բնականաբար, ռեակցիա էր տալիս այդ հոսքին, ու գները բարձրանում էին, մի քանի հոգով մեկ տուն էին վարձում, ու շատերը սկսում էին սպասարկման ոլորտում աշխատանք փնտրել ու մնալ: 2022-ից մինչեւ հիմա շատերն ինտեգրվեցին մեր հասարակությանը, մարդիկ կան, ովքեր բիզնես հիմնեցին: Այնտեղ, որտեղ ես եմ բնակվում, փոքրիկ թաղամաս է, որտեղ կա 8 տուն, ու այդ 8 տնից երկուսը ռուս ընտանիքներ են գնել ու ապրում են: Մեկը ՏՏ ոլորտի աշխատողներ են, մյուս ընտանիքը ռուսական բաղնիք է բացել Հայաստանում ու աշխատեցնում է, լավ ինտեգրվել են, երեխաները դպրոց, մանկապարտեզ են գնում»,-ասաց Հարությունովը:

Հայաստանից արաբական երկրներ տեղափոխված ռուսներից շատերը եւս, ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության հետեւանքով արաբական երկրներում սկսված անորոշ իրավիճակից հետո սկսել են վերադառնալ Հայաստան, եւ նրանցից ոմանց մոտ, տեսնելով, որ իրենց հայրենակիցներից ոմանք Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել եւ հաջող ինտեգրվել, ցանկություն է առաջացել Հայաստանում «տնավորվել»՝ պատմում է մեր զրուցակիցը: Ռուսաստանում տնտեսական վիճակի ծանրացման հետ մեկտեղ, նույնիսկ ուժեղ հայրենասերները, որոնք Հայաստանում իրենց մնալը ժամանակավոր էին համարում, հիմա սկսել են մտածել այստեղ անշարժ գույք ձեռք բերելու մասին: «Հայաստան գալը տեխնիկապես ավելի հարմար է իրենց, հատկապես որ Հայաստանում բնակվող բազմաթիվ ռուս բլոգերներ ակտիվորեն գովազդում են Հայաստանը, Հայաստանում ապրելը, այստեղի կյանքի դրական կողմերն ու առավելությունները: Միգուցե մենք, որ Հայաստանում ենք ապրում, մեզ համար տհաճ շատ երեւույթներ կան, քաղաքական ինտրիգներով, լարված փոխհարաբերություններով ենք ապրում, իսկ իրենք դա չեն նկատում, իրենց դուր է գալիս Հայաստանը, իրենց դուր է գալիս մեր ժողովրդի մենթալիտետը, իրենց համար ապահով է Հայաստանը, փողոցում իրենց ոչ ոք չի վիրավորում՝ ռուս լինելու համար, ինչպես այլ երկրներում կարող է լինել, եւ ֆինանսական առումով էլ այստեղ ապրելը հարմար է: Մեզ համար կարող է ֆինանսապես դժվար լինել՝ այս գնաճի պայմաններում, բայց իրենց համար Հայաստանում ապրելը օկ է, մարդիկ կապիտալով են գալիս, քանի որ ՌԴ-ում միջին կապիտալը Հայաստանում խոշոր է ընկալվում, եթե համեմատում ենք մերն ու իրենցը: Իրենց կապիտալը բերում են, բիզնես են հիմնում, անշարժ գույք են ձեռք բերում, վարձակալության են հանձնում, անշարժ գույք են գնում՝ ապրելու համար, եւ դա մեծ ազդեցություն է գործում անշարժ գույքի շուկայի վրա, որովհետեւ պահանջարկ է ստեղծվում, իսկ եթե ինչ-որ մի բանի մասով պահանջարկը մեծանում է, շուկայի կանոններով՝ սկսում է դեֆիցիտ առաջանալ, եւ այդ նյութն արժեւորվում է, դրա համար էլ անշարժ գույքի գները սկսում են բարձրանալ»,- շեշտում է Հարությունովը:

Ըստ Կադաստրի կոմիտեի վիճակագրության, 2022-2023 թվականների եւ այսօրվա համեմատությամբ, անշարժ գույքի շուկայում գները մեկուկես, երկու անգամ աճել են: «Մի օրինակ բերեմ․ 2023 թվականին 18 միլիոնով ձեռք բերված գույքի արժեքն այսօր արդեն 35-40 միլիոն է դարձել: Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Բացատրեմ, թե ինչն է ազդում դրա վրա: Երբ շատերը վարձակալում են անշարժ գույք, վարձակալության արժեքները բարձրանում են, դա ստիպում է մարդկանց իրենց ազատ կապիտալը ներդնել անշարժ գույքի մեջ: Որովհետեւ, երբ անշարժ գույքի վարձակալությունը եկամտաբեր է դառնում, մարդիկ սկսում են նաեւ այդ պատճառով գույք ձեռք բերել, եւ դա էլ է ազդում անշարժ գույքի շուկայի գների բարձրացման վրա: Վարձակալության շուկան էլ է շատ ակտիվ, նաեւ՝ տուրիստական այս շրջանում: Միայն ռուսները չեն, ամեն քայլափոխի հնդիկ ու պարսիկ ենք տեսնում, շինարարության ոլորտում են ակտիվ ներգրավված, օրինակ, հնդիկները շինություն, բնակարան են վարձում, դրանք էլ են անշարժ գույք, խմբերով են ապրում, Իրանից եկած բազմաթիվ շինարարներ կան, այդ մարդիկ՝ բոլորը, գույք են վարձում: Երբ զարմանում են, որ մարզերում էլ են թանկացել գները, մոռանում են, որ Արցախից հարյուր հազարից ավելի ՀՀ քաղաքացի է Հայաստան եկել, իրենք էլ են մտել անշարժ գույքի շուկա՝ թե՛ պետության սուբսիդավորմամբ վարձակալության, թե՛ գույք ձեռք բերելու մասով»,- ասաց անշարժ գույքի գործակալության տնօրենը:
Նա նշում է, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում բնակվող հայերի կողմից անշարժ գույքի ձեռքբերումն էլ է ազդում շուկայում գնաճի վրա: Իրենց խնայողական հաշիվներում եղած գումարով սփյուռքահայերը նույնպես անշարժ գույք են ձեռք բերում: Այս աշխուժությանը նպաստում է նաեւ այն, որ դաշտում հայտնվել են ռուսախոս ռիելթորական ընկերություններ, որոնք դրսից ներդրումներ են բերում Հայաստան ու գովազդում Հայաստանի անշարժ գույքի շուկան: Եվ մի հանգամանք էլ կա` Ռուսաստանից խոշոր բանկային փոխանցումներ շատ քիչ երկրներ են թույլատրում իրականացնել, մեկը Հայաստանն է, իսկ հայկական բանկերն այդ գումարների տնօրինումը թույլատրում են միայն անշարժ գույք գնելու պարագայում: