12/09/2026

EU – Armenia

Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական:

Հրապարակ թերթը գրել է․ PMCG-ն հայտնում է, որ Գրիգորյանն արդեն ներգրավված է եղել ընկերության աշխատանքներում, մասնավորապես՝ Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող TRIPP նախագծի կենսունակության գնահատման գործընթացում:

«Գրիգորյանի գործունեության առանցքային ուղղություններից է եղել Հարավային Կովկասին առնչվող ամենաբարդ խնդիրներին անդրադարձը, ներառյալ երկխոսությունը, բանակցությունները, տարածաշրջանային անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումը եւ ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- նշել է ընկերությունը հաղորդագրությունում:

Արմեն Գրիգորյանը մի քանի տարի շարունակ հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված առանցքային պաշտոնյաներից էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան աշխատանքից ազատեց օգոստոսին՝ հստակ չբացատրելով պատճառը։

Հանրությունը ենթադրեց, որ դա արվում է ընդամենը Ալեն Սիմոնյանին աշխատանքի տեղավորելու նպատակով՝ ԱԺ նախագահի պաշտոնից հետո սա պաշտոնի իջեցում է, բայց գոնե ինչ-որ բան է, որ նա չխռովի հեռանա, թիմն էլ չմտածի, թե ով շատ է ծառայում, նրանց օգտագործում՝ դեն է նետում:

Գրիգորյանին առաջարկվեց վարչապետի խորհրդականի պաշտոնը, սակայն նա չհամաձայնեց, ոչ էլ դեսպան գնալն էր նրան ոգեւորում։ Եվ ահա՝ դրսից մի կազմակերպություն՝ ժամանակին Սորոսի հիմնադրամի դրամաշնորհներով գոյատեւող, նրան աշխատանքի է ընդունում։

PMCG-ն, որտեղ աշխատանքի է անցել 42-ամյա Գրիգորյանը, միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն է, որի նպատակն է՝ «առաջընթաց ապահովել անցումային եւ զարգացող երկրներում»: Ընկերությունը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Լեհաստանում, Ուզբեկստանում եւ Հայաստանում:

Պաշտոնական կայքում, ի թիվս այլ նախագծերի, նշվում է նաեւ, որ PMCG-ն սկսում է Տրանսկասպյան առեւտրային երթուղու (TCTR) ծրագրի իրականացումը։ Այն ընդգրկում է Կենտրոնական Ասիայի երկրները՝ Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը։ Ֆինանսավորողն ԱՄՆ պետքարտուղարությունն է, իսկ ծրագրի պատվիրատուն՝ AECOM-ը:

Հենց այս ընկերությունն է Հայաստանում իրականացնում ԹՐԻՓՓ-ի տեղանքի ուսումնասիրությունը: PMCG-ն անցած տարի եւս մեկ ծրագիր է իրականացրել Հայաստանում՝ ուղղված գյուղատնտեսական շղթաների ամրապնդմանը: Պատվիրատուն շրջակա միջավայրի նախարարությունն է եղել:

Արմեն Գրիգորյանի այս նշանակումից հետո ակնհայտ դարձավ, որ Արեւմուտքն իր համար առանցքային կադրերից երես չի թեքում, եւ եթե քաղհասարակության մյուս ներկայացուցիչներին դրամաշնորհներից վերջին տարիներին զրկում են, ապա Արմեն Գրիգորյանին նոր աշխատանք են տալիս, որը, ըստ մեր տեղեկությունների, բավականին բարձր աշխատավարձ է ենթադրում:

Իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Գրիգորյանի նոր պաշտոնին, նկատում է. «Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե նա ինչ աշխատանք է կատարելու, քանի որ ես գիտեմ, թե նա ինչ տեսակ կործանարար գործունեություն է ծավալել այս տարիներին:

Այս մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է քննարկել, բայց դա հնարավոր է միայն մեկ պարագայում` Փաշինյանի իշխանությանը հեռացնելուց հետո: Հայաստանը տարբեր երկրների շահերը ներկայացնող գործիչների պակաս չունի: Հայկական միջավայրը, հայկական պետականությունը կարիք ունի այնպիսի կադրերի, ովքեր հայամետ են:

Մեկը գնում է Ռուսաստան` «Գազպրոմի» անդամ է դառնում, մյուսն արեւմտյան կառույցներից է փողեր ստանում, էն մյուսը Թուրքիայից ու Ադրբեջանից է վարձատրվում։ Բոլորն ինչ-որ կերպ տեղավորվել են ու իրենց գլուխը պահում են: Առաջ ասում էին` կաշառք ենք վերցնում, տուն ենք պահում, հիմա տարբեր երկրներից փողեր են ստանում եւ անհասկանալի քայլերով պետությունը տանում են կործանման»: