16/09/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ անունից է հայ ժողովրդին պատերազմ հայտարարում

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել մի նախագիծ՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, որը հերթական դիմակայության առիթն է դարձել խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության միջեւ։

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն կառավարության ներկայացրած օրինագծի շուրջ դիմակայությունը լոկ ընդդիմության եւ իշխանության շրջանակով սահմանափակելը սխալ կլինի, որովհետեւ լիազորություններ ստանձնած կառավարության անդամի երդման տեքստում առաջարկվող փոփոխությունն իրականում դիմակայություն է ստեղծում հայ ժողովրդի եւ հայ ժողովրդին չներկայացնող փաշինյանական խմբակի միջեւ։

Ի՞նչ երդման տեքստ է օրենքի գործող խմբագրությունում․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Ի՞նչ երդման տեքստ է առաջարկվում փոփոխությամբ․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ զարգացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության եւ սահմանադրական կարգի ամրապնդմանը եւ գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

Այսինքն՝ երդման տեքստից հանվում է «հայ ժողովուրդ» եւ «համազգային նպատակներ» արտահայտությունը։ Դա ավելի ցայտուն արվել է 2026-ի հուլիսին՝ պատգամավորի երդման տեքստն այլանդակելիս, որ արվեց ԱԺ 8-րդ գումարման վերջին արտահերթ նիստում, ՔՊ-ականների ձեռամբ։ Մինչ ՔՊ-ական միջամտությունը, ԱԺ պատգամավորները երդվում էին հետեւյալ տեքստով․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։ ԱԺ պատգամավորի երդման տեքստը ձեւակերպվել էր 2002-ի «ԱԺ կանոնակարգ» օրենքում եւ պահպանվել 2016-ի սահմանադրական օրենքում։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի առաջին տեքստում, որն ընդունվել է 1995-ի հոկտեմբերին, երդման տեքստ չի եղել։

2026-ին ՔՊ-ականները, խեղելով պատգամավորի երդման տեքստը, այն խմբագրեցին՝ դարձնելով․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը եւ շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Անկախ Արցախի հանգամանքից

2002-ի ԱԺ կանոնակարգը, պարզ է՝ ընդունվել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, «համազգային նպատակներ», «հայրենիք» հասկացություններն էլ, մեծ հավանականությամբ, ներմուծվել էին երդման տեքստ, որպեսզի ցանկության դեպքում դրանց ներքո նաեւ Արցախի Հանրապետությունը որպես համազգային նպատակների եւ հայրենիքի մաս նկատվի։ Սակայն Արցախի Հանրապետությունը լինի, թե չլինի, անգամ Արցախում հայություն լինի, թե չլինի, ո՛չ հայ ժողովրդի աշխարհասփյուռ բնույթը, ո՛չ էլ իրավունքները իրենց 4500-ամյա հայրենիքի հանդեպ (վերջին անգամ միջազգայնորեն ամրագրված 1920-ին, Ազգերի լիգայի կողմից Սեւրի դաշնագրով) չեն փոխվում։ Հետեւաբար, ո՛չ «հայ ժողովուրդ» եզրույթը կարող է նենգափոխվել ՀՀ քաղաքացիների, ո՛չ էլ հայ ժողովրդի հարատեւության ու հայրենիքի բարգավաճման նպատակը կարող է նենգափոխվել Հայաստանի Հանրապետության հարատեւությամբ եւ հզորացմամբ։

Առհասարակ, ներկայիս Հայաստանի Հանրապետության միակ արժանիքը եւ արժեքն այն է, որ դա հայ ժողովրդի ազգային պետությունն է։ Այդ պետությանը ծնունդ է տվել հայ ժողովուրդը, ի հակադրություն Փաշինյանին հոգեհարազատ քոչվորական ցեղախմբերի պարագայի, որոնց ծնունդ են տալիս պետությունները։ Ասենք, էթնիկ ինքնությունից զուրկ «ադրբեջանցի ժողովուրդ» հասկացությունն առաջացել է այն բանից հետո, երբ Թուրքիան հռչակել է Ադրբեջանի Հանրապետություն, որպես պլացդարմ՝ դեպի թյուրքաբնակ ռուսական տարածքներ առաջանալու համար։ Վաղը, երբ վերանա Ադրբեջանի Հանրապետությունը (իսկ դատելով միջազգային եւ մերձավորարեւելյան զարգացումներից առաջիկայում, կարծում եմ՝ դա լինելու է), կվերանա նաեւ արհեստական ադրբեջանական ժողովուրդը։ Այնպես որ, ադրբեջանցիները կարող են կառչել իրենց գոյություն եւ ծնունդ տված պետությունից։

Հայ ժողովրդի պարագան այլ է։ Հայ ժողովուրդն այն հազվագյուտ ժողովուրդներից է երկրագնդի վրա (հույներ, հայեր, ասորիներ, հրեաներ, պարսիկներ), որոնց պատմությունը ոչ թե տեղանքի, այլ էթնոսի պատմություն է։ Դրա համար էլ նրանք գոյություն ունեն հազարամյակներ, բազմիցս կերտել, կորցրել, վերակերտել են պետականություններ, անգամ՝ կայսրություններ։ Հետեւաբար, այդ եզակի, հազարամյակներ քայլող ժողովուրդների պարագայում պետությունները չեն առաջնայինը, այլ՝ հզորագույն ազգային էթնոսը։

Նրանք պետություններ կարող են կորցնել եւ վերակերտել՝ լինի 400-500 տարվա ընդմիջումից հետո, ինչպես հույները կամ հայերը, թե 2000-ամյա ընդմիջումից հետո՝ ինչպես հրեաները։ Փաշինյանի ձախավեր կառավարումն էլ տվեց ցավալի վկայություն, որ պետության գոյությունն ազգին չի պաշտպանում։ Ո՞րն է տարբերությունը Օսմանյան Թուրքիայում հայոց տեղահանության եւ ցեղասպանության ու փաշինյանական իշխանության օրոք արցախահայության տեղահանության միջեւ․․․ Դեռ օսմանյան իշխանություններն այնքան բարոյականություն ունեին, որ գնացին, Սեւրի դաշնագրի ներքո ստորագրեցին եւ հայոց վերադարձի իրավունքները ճանաչեցին, իսկ Փաշինյանն ավելի եղկելի եւ անբարո մեկը լինելով՝ անամոթաբար ճչում է, թե ե՞րբ է Արցախը հայկական եղել, եւ իր 3000-ամյա հայրենիքից տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքն է ուրանում՝ հակառակ բոլոր միջազգային պարտավորություններին եւ բարոյական նորմերին։

Հիմա էլ ԱԺ պատգամավորի եւ կառավարության անդամի երդման տեքստն այլասերելով ու այլանդակելով՝ Փաշինյանը փորձում է ուրանալ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հայոց ազգային պետությունն է եւ պատկանում է հայ ժողովրդին։ Սա ոչ այլ ինչ է, քան պատերազմ հայտարարել հայ ժողովրդին։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ անունից է Փաշինյանն այդ պատերազմը հայտարարում՝ իր տգետ, բարոյականությունից ու ինքնությունից զուրկ ՔՊ-ական ուսապարկերի՞, թե՞ Փաշինյանին անձնապես ստորացրած, բարոյապես ոչնչացրած ու հայության դեմ որպես գործիք ծառայեցնող Իլհամ Ալիեւի։