Մեզ պատմեցին, որ նոր սահմանադրությամբ ցանկանում են Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ հենց Անվտանգության խորհուրդը լուծարել։
Հարցը քննարկվել է նաեւ Սահմանադրական բարեփոխման հանձնաժողովում, եւ ոմանք այս փոփոխությանը կողմ են արտահայտվել, սակայն հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հաստատեց Հրապարակ թերթի տեղեկությունը՝ նշելով, որ չի հիշում՝ ֆորմալ առումով նման քննարկում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ, քանի որ վերջին նիստը մոտ կես տարի առաջ է եղել, սակայն նման հարց եղել է․ «Դա գոյություն ունեցող հարց է, բայց չեմ հիշում՝ քննարկում եղել է նիստի ժամանա՞կ, թե՞ կուլուարներում, բայց դրա հետ կապված որոշում չկա»։
Իոաննիսյանը նշեց նաեւ, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջին անգամ ամիսներ առաջ է նիստ հրավիրել, քանի որ անիմաստ է ժամանակ ծախսել մի բանի վրա, ինչն Ազգային ժողովում աջակցություն չի ստանալու, քանի որ «Քաղպայմանագիրը» խորհրդարանում երկու երրորդ չունի, պետք է առնվազն ընդդիմադիր 8 պատգամավոր կողմ քվեարկի, որպեսզի այն ընդունվի։
Նկատենք, որ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, եւ, փաստորեն, ստացվում է, որ, իր կամքից անկախ, ընդդիմությունից է կախված Սիմոնյանի՝ այս պաշտոնում ղեկավարել-չղեկավարելու հարցը, քանի որ եթե ընդդիմությունը կողմ լինի Սահմանադրության փոփոխությանը, ապա հանձնաժողովը, ի թիվս այլ փոփոխությունների, կլուծարի նաեւ ԱԽ-ն կամ ԱԽ քարտուղարի պաշտոնը։
Թեմայի վերաբերյալ հարց ուղղեցինք նաեւ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին` տեղյա՞կ է Անվտանգության խորհրդի ու իր պաշտոնի շուրջ ծավալվող գործընթացներին, լուծարվելու շուրջ քննարկումներին։ Սիմոնյանը նշեց. «Ես դեմ եմ ինձ լուծարելուն։ Չէ, տեղյակ չեմ, բայց այն սահմանադրական մարմին է, եւ հնարավոր է Սահմանադրության համապատասխան փոփոխությամբ նման բան նախատեսվի, բայց ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ նման բան կա կամ իմ կյանքում բան կփոխի»։

Բաց մի թողեք
100 հազար դրամ կաշառքի համար` 4 տարի 4 ամիս ազատազրկում
ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում
Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ …