Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանում առաջարկեց Կանադայի համար բացել Եվրոպական միության առաջին «ասոցացված անդամի» կարգավիճակի ճանապարհը։ Դահլիճում ներկա էր Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Առաջարկը նախատեսում է ԵՄ–Կանադա հարաբերությունները հասցնել նոր մակարդակի՝ ընդհանուր տնտեսական անվտանգության տարածք, պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրում, համագործակցություն էներգետիկայի, կրիտիկական հումքի, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտներում։
«Ասոցացված անդամ» կարգավիճակը դեռ գոյություն չունի ԵՄ գործող պայմանագրերում։ Եվրոպական հանձնաժողովն այժմ պատրաստվում է այն քննարկել անդամ պետությունների և Կանադայի հետ։ Հաջորդ քաղաքական հանգրվանը հոկտեմբերի ԵՄ–Կանադա գագաթնաժողովն է։
Նորության կարևորությունը հենց այստեղ է։ Եվրոպական միությունը սկսում է վերաիմաստավորել իր արտաքին սահմանների քաղաքական իմաստը։ ԵՄ-ն վաղուց միայն 27 անդամների տարածքը չէ։ Նրա շուրջ ձևավորվել է տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և անվտանգային մեծ համակարգ։ Կանադան արդեն ներգրավված է եվրոպական պաշտպանական համագործակցության մեջ։ Ավստրալիան խորացնում է առևտրային, անվտանգային և գիտատեխնոլոգիական կապերը Բրյուսելի հետ։ Եվրոպական ինտեգրացիան աստիճանաբար ստանում է նոր աշխարհագրություն։
Հայաստանի համար այս զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանի եվրոպական հեռանկարի դեմ հաճախ օգտագործվող փաստարկներից մեկը հետևյալն է՝ Հայաստանը ԵՄ-ի հետ ընդհանուր սահման չունի, սակայն աշխարհագրական հեռավորությունն ինքնին չի որոշում քաղաքական և տնտեսական ինտեգրման հնարավորությունը։
Հայաստանը 2015 թվականից ԵԱՏՄ անդամ է և ցամաքային սահման չունի այդ միության որևէ անդամ պետության հետ։ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը Վրաստանի տարածքով է անցնում։ ԵԱՏՄ-ի ֆիզիկական աշխարհագրությունն արդեն մեկ տասնամյակ Հայաստանի անդամակցության համար խոչընդոտ չի համարվել։
Եվրոպական տնտեսական տարածությունն իրականում Հայաստանի անմիջական հարևանությամբ է։ Թուրքիան ԵՄ անդամ չէ, սակայն 1996 թվականից ԵՄ-ի հետ մաքսային միության մեջ է արդյունաբերական ապրանքների լայն շրջանակի համար։ Թուրքիայի տնտեսությունը երեք տասնամյակ կապված է եվրոպական արտադրական շղթաների և կանոնակարգերի հետ։ Հյուսիսում Վրաստանն ունի ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր։
Հայաստանի արևմտյան և հյուսիսային սահմանների մյուս կողմում արդեն գործում են եվրոպական տնտեսական կանոնների հետ խորապես կապված համակարգեր։ Սա չի վերացնում փակ սահմանների, հաղորդակցության կամ լոգիստիկայի խնդիրները։ Բայց 21-րդ դարի տնտեսական աշխարհագրությունը միայն սահմանային անցակետերով չի չափվում։ Այն կառուցվում է շուկաներով, չափանիշներով, երկաթուղիներով, էներգետիկ ցանցերով, թվային ենթակառուցվածքներով, ներդրումներով և տեխնոլոգիական կապերով։
Եվրոպական միությունն ինքն էլ այսօր հենց այդ տրամաբանությամբ է ընդլայնում իր ազդեցության տարածքը։ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում գտնվող Կանադայի համար քննարկվում է մի կարգավիճակ, որը մի քանի տարի առաջ նույնիսկ եվրոպական քաղաքական բառապաշարում չկար։
Հայաստանն արդեն ունի CEPA-ն, իսկ 2025 թվականին ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Հաջորդ հարցը շատ ավելի գործնական է՝ տնտեսական, ենթակառուցվածքային և կարգավորող կապերով որքան արագ Հայաստանը կարող է մոտենալ եվրոպական համակարգին։
Ֆոն դեր Լայենի կանադական առաջարկը Հայաստանի համար պատրաստի ճանապարհային քարտեզ չէ իհարկե՝ այն շատ ավելի կարևոր բան է ցույց տալիս։ Եվրոպան այսօր վերաձևակերպում է իր քաղաքական տարածքը։ Սահմանագիծը քարտեզի վրա մնում է, բայց տնտեսական և ռազմավարական պատկանելությունը որոշվում է նաև ընտրած կանոններով, շուկաներով ու գործընկերություններով։ Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին բանավեճը նույնպես արդեն այս լեզվով պետք է վարել։

Բաց մի թողեք
Դաշինք ստեղծելու առաջարկին սառն են վերաբերվել
Այն, ինչ գիտենք (և դեռ չգիտենք) Կանադայի՝ «ասոցացված անդամ» դառնալու մասին
Շվեդիան և Գերմանիան 1500 զինծառայող են տեղակայում Գոտլանդում՝ Բալթիկ ծովում անցկացվող զորավարժությունների շրջանակում