20/09/2026

EU – Armenia

Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ

Փաշինյանը անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին և երկաթուղային ենթակառուցվածքի կառավարման հետ կապված հնարավոր խնդիրներին։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը որոշակի ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար։ Երկրի երկաթուղային համակարգը գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև առկա լարված հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման վրա։

Փաշինյանի խոսքով՝ այս իրավիճակում առաջանում է մտավախություն, որ տարածաշրջանային հիմնական հաղորդակցությունների վերագործարկման գործընթացում Հայաստանը կարող է կրկին հայտնվել շրջանցված վիճակում։

Նա ներկայացրել է հնարավոր սցենար, որի դեպքում երկաթուղային երթուղին Հայաստանի տարածք կարող է մտնել Նռնաձորի ուղղությամբ և դուրս գալ Ագարակի հատվածով, սակայն միջազգային հիմնական բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով իրականացնելու փոխարեն կարող են ուղղվել Նախիջևանի միջոցով դեպի Թուրքիա։

Վարչապետի գնահատմամբ՝ սա այն իրավիճակն է, երբ աշխարհում մեծ հետաքրքրություն կա TRIPP ծրագրի և տարածաշրջանային կապերի վերականգնման նկատմամբ, սակայն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածությունը կարող է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Հայաստանի համար։

Փաշինյանը նշել է, որ արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ իր նախաձեռնած և իր համար կարևոր տարածաշրջանային ծրագիրը իրականացվի այնպես, որ երկրի տարածքը չդառնա միջազգային հիմնական հաղորդակցությունների առանցքային հատվածը։