26/09/2026

EU – Armenia

ՀԱԵ «բարենորոգման» տրամաբանությունը

Սեպտեմբերի 24-ին վարչապետի հանձնարարությամբ կազմված եւ հրապարակված՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» զեկույցն առաջին հայացքից՝ գործող եկեղեցական խնդիրների հաղթահարման ծրագիր է, բայց ուշադիր կարդալիս պարզ է դառնում, որ առաջարկվող փոփոխությունները շատ ավելի հեռուն են գնում, քան գործող կաթողիկոսի պաշտոնավարման հարցն է։

Պետության նախաձեռնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության եւ Եկեղեցու ներքին իշխանության վերաձեւման գործընթացը ես անընդունելի եմ համարում։ Դրա սահմանադրականությունը՝ պետություն-եկեղեցի տարանջատման եւ կրոնական կազմակերպությունների ինքնավարության համատեքստում, պետք է առանձին իրավական քննության առարկա դառնա։ Բայց հիմնական հարցն այլ է․ ի՞նչ է առաջարկվում կառուցել Հայ առաքելական եկեղեցու ներսում։

Իմ եզրակացությունը հետեւյալն է․ առաջարկվող առանցքային փոփոխությունները եկեղեցական իշխանությունը տեղափոխում են այնպիսի համակարգի ուղղությամբ, որի հիմնական հատկանիշները նման են բողոքական, հատկապես՝ ժողովական եւ պրեսբիտերական կառավարման մոդելներին։ Եվ այդ համեմատությունը նկատելի է դառնում Նիկոլ Փաշինյանի հրապարակային կրոնական պատկերացումների հետ զուգահեռ դիտելիս։

Երկու տարբեր իշխանական տրամաբանություն

Հայ առաքելական եկեղեցին երբեք չի եղել կառույց, որտեղ կաթողիկոսը միանձնյա եւ անսահմանափակ իշխանություն ունի։ Կան Ազգային-եկեղեցական ժողով, եպիսկոպոսություն, Գերագույն հոգեւոր խորհուրդ, թեմական մարմիններ եւ աշխարհականների մասնակցություն։ Բայց այդ ինստիտուտները գործում են մեկ նվիրապետական ամբողջության ներսում, որի հայրապետական կենտրոնը կաթողիկոսն է։ Դա շատ հստակ երեւում է Մայր Աթոռի 2017 թ. կանոնադրության նախագծից։ Ազգային-եկեղեցական ժողովն այնտեղ կոչվում է ՀԱԵ իշխանության գերագույն մարմին։ Բայց ժողովը հրավիրում է կաթողիկոսը, իսկ ընդունված որոշումները կանոնական ուժ են ստանում կաթողիկոսի հաստատումից հետո։ Այսինքն՝ ժողովը կարող է լինել շատ ուժեղ, բայց այն կաթողիկոսից անկախ իշխանության ճյուղ չէ։ Բողոքական կոլեգիալ կառավարման տրամաբանությունը տարբեր է։ Այստեղ իշխանությունն ավելի ապանձնավորված է, բաժանված ժողովների, խորհուրդների, դատարանների ու կանոնադրական մարմինների միջեւ։ Հոգեւոր առաջնորդը կարող է ունենալ բարձր հեղինակություն, բայց ինստիտուցիոնալ իշխանության վերջնական կենտրոնն ավելի շատ համակարգն է, քան՝ անձը։
Կոպիտ պարզեցմամբ․

Առաքելական մոդել՝ նվիրապետական համակարգ, որի կենտրոնում հայրապետն է։
Բողոքական կոլեգիալ մոդել՝ առաջնորդ, որը գործում է իրենից անկախ ինստիտուտների եւ կանոնադրության սահմաններում։

Սեպտեմբերի 24-ի առաջարկների էությունն այս հակադրության մեջ է։

Կաթողիկոսից անկախ ժողով

2017-ի ՀԱԵ նախագծով Ազգային-եկեղեցական ժողովի նիստերը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Իշխանական առաջարկով նախատեսվում է մեխանիզմ, որով որոշ պայմաններում ժողովը կարող է գումարվել նաեւ առանց կաթողիկոսի նախաձեռնության։ Սա արդեն այլ տրամաբանություն է։ Կաթողիկոսի գլխավորած ժողովից անցում է արվում դեպի ժողով, որը կարող է ինստիտուցիոնալ կամք դրսեւորել նաեւ կաթողիկոսից անկախ։ Սա փոքր վարչական ճշգրտում չէ։ Այն փոխում է ժողովի եւ հայրապետի հարաբերությունը։

Կաթողիկոսին դատող՝ կաթողիկոսից անկախ դատարան

Առավել նշանակալի է կանոնական դատարանի առաջարկը։ Զեկույցը նախատեսում է նվիրապետությունից վարչականորեն անկախ, մշտապես գործող կանոնական դատարան, որի իրավասությունը պետք է տարածվի նաեւ եպիսկոպոսների եւ կաթողիկոսի վրա։ Գործող ՀԱԵ տրամաբանությամբ՝ կարգապահական քննությունը տեղավորվում է նույն նվիրապետական համակարգի ներսում։

Բողոքական համակարգերում հակառակ սկզբունքն է գործում․ հոգեւոր առաջնորդի նկատմամբ կարգապահական իշխանությունը կարող է պատկանել նրանից անկախ կոլեգիալ մարմնին։ Առաջարկվող փոփոխությունն այդ տրամաբանության մեջ է։ Առաջնորդն այլեւս համակարգի կենտրոնը չէ։ Նա դառնում է նաեւ իրենից անկախ համակարգի ենթակա անձ։ Սա կառուցվածքային փոփոխության ամենակարեւոր կետերից է։

Ուղիղ համեմատություններ

Տարբերությունը ներկայացնեմ ավելի մատչելի։ ՀԱԵ ավանդական համակարգում ժողովները գործում են նվիրապետական ամբողջության ներսում։ Առաջարկվող համակարգում ժողովը որոշ դեպքերում կարող է գործել կաթողիկոսից անկախ։

ՀԱԵ ավանդական համակարգում կարգապահական իշխանությունը տեղավորված է նույն նվիրապետության ներսում։ Առաջարկվող համակարգում կաթողիկոսին կարող է դատել նվիրապետությունից վարչականորեն անկախ մարմին։

ՀԱԵ ավանդական համակարգում կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի եւ ամբողջ կառավարման համակարգի ձեւավորման մեջ էական դեր ունի։ Առաջարկվող համակարգում շեշտը դրվում է ընտրովի մարմինների վրա, եւ կաթողիկոսի միանձնյա նշանակումները սահմանափակվում են։ Ընդհանուր ուղղությունը նույնն է՝ իշխանությունը հայրապետից աստիճանաբար տեղափոխվում է ինստիտուտների վրա։ Սա է բողոքական կոլեգիալ կառավարման հետ կառուցվածքային նմանությունը։

Ո՞վ է ստանալու այդ իշխանությունը

Ամենակարեւոր հարցերից մեկը բաց է մնացել․ առաջարկվում է կաթողիկոսին դատելու իրավասություն ունեցող դատարան, բայց չի սահմանվում, թե ովքեր են լինելու դրա անդամները՝ եպիսկոպոսնե՞ր, քահանանե՞ր, աշխարհականնե՞ր, իրավաբաննե՞ր, խառը կա՞զմ։ Ո՞վ է նրանց առաջադրելու եւ ընտրելու։

Նույնկերպ պարզ չէ մի շարք ընտրովի եւ վերահսկողական մարմինների կազմավորման մեխանիզմը։ Ուստի պատասխան չկա, թե ովքեր են լինելու նոր համակարգի իրական իշխանության կրողները, եւ ինչ չափանիշներով են նրանք ստանալու այդ իրավունքը։ Սա հատկապես կարեւոր է աշխարհականների մասնակցության դեպքում։ ՀԱԵ-ում Եկեղեցուն պատկանելու հիմքը մկրտությունն ու դրոշմն են։ Նոր ընտրովի կառավարման համակարգի դեպքում դրանից չի հետեւում, թե որ աշխարհականն է ունենալու ընտրելու կամ ընտրվելու իրավունք։ Զեկույցն այդ հարցը չի լուծում։ Հնարավոր է ապագայում պահպանվի ՀԱԵ ավանդական թեմական-ներկայացուցչական մոդելը։ Հնարավոր է սահմանվի բոլորովին այլ համակարգ։ Հնարավոր է նաեւ կիրառվի բողոքական բազմաթիվ եկեղեցիներին բնորոշ ավելի ֆորմալ անդամակցության տրամաբանություն, որտեղ որոշակի կարգավիճակ ունեցող անդամներն են ձեւավորում ընտրական համայնքը։ Բայց եթե ընտրվի նման համակարգ, անհրաժեշտ են շատ ուժեղ պաշտպանիչ մեխանիզմներ։

Ո՞վ է որոշելու՝ ով կարող է լինել ընտրական իրավունք ունեցող անդամ։ Ո՞վ է հաստատելու թեկնածուներին։ Ո՞վ կարող է զրկել այդ կարգավիճակից։ Եվ ամենակարեւորը՝ որքանո՞վ են այդ մարմինները պաշտպանված լինելու պետական կամ կուսակցական ազդեցությունից։

Քաղաքականապես բեւեռացված միջավայրում թույլ պաշտպանված անդամակցության կամ թեկնածության համակարգը կարող է ստեղծել հնարավորություն, որ տվյալ պահին իշխանություն ունեցող քաղաքական ուժը կամ նրա հետ կապված խմբերը ազդեցություն ձեռք բերեն Եկեղեցու ընտրական եւ կառավարման գործընթացների վրա։ Նույնը կարող է հակառակ ուղղությամբ աշխատել՝ տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող եկեղեցական համայնքները սկսեն վիճարկել միմյանց անդամակցության, ներկայացվածության կամ լեգիտիմության իրավունքը։
Արդյունքում քաղաքական հակասությունը կարող է Եկեղեցի տեղափոխվել արդեն ոչ միայն քարոզների կամ առանձին հոգեւորականների միջոցով, այլ կառավարման համակարգի մեջ ստեղծելով նոր ճգնաժամեր ու պառակտումներ։ Զեկույցը չի գնահատում այդ ռիսկերը։ Եվ այս բացը երկրորդական չէ։ Եթե ստեղծվում են նոր ուժեղ ընտրովի մարմիններ, առաջին հարցերից մեկը պետք է լինի՝ ովքեր են ընտրողները, թեկնածուները, եւ ով է վերահսկում այդ կարգավիճակների սահմանումը։

Փաշինյանի կրոնական մտածողության հետ համեմատություն

Կառավարման այս ուղղությունը համադրենք Փաշինյանի հրապարակային խոսույթի հետ։ Տեսանելի է մի քանի շեշտադրում։ Օգոստոսի 25-ի ելույթում նա Եկեղեցու առաջնորդի լեգիտիմությունը կապում է ոչ միայն նրա կանոնական պաշտոնի, այլեւ անձնական հավատքի եւ հոգեւոր կյանքի հետ։ Ասում է, որ Եկեղեցու ղեկավարը չի հավատում Աստծուն, չունի հոգեւոր կյանք, հրաժարվել է Աստծո հետ իր ուխտից, եւ դիմում է Մատթեոսի Ավետարանին։ Հայրապետական-նվիրապետական մտածողության մեջ մարդու պաշտոնական եկեղեցական իշխանության հիմքում կանգնած են կանոնական ընտրությունը, ձեռնադրությունը, եպիսկոպոսական կարգը եւ առաքելական հաջորդականությունը։ Փաշինյանի դատողությամբ՝ առաջնորդի լեգիտիմությունը սկսվում է չափվել նաեւ մեկ այլ չափանիշով՝ արդյո՞ք նա իրականում հավատում է, արդյո՞ք ապրում է այդ հավատքի համաձայն, եւ արդյո՞ք նրա վարքն արժանի է այդ պաշտոնին։ Այս շեշտադրումն ավելի մոտ է ավետարանական մտածողությանը, որտեղ անձնական հավատքը եւ անձնական հարաբերությունն Աստծո հետ առանցքային չափանիշներ են։ Դա դեռ որեւէ մեկի դավանական պատկանելության ապացույց չէ, բայց հստակ եկեղեցաբանական շեշտադրում է։

«Լեգիտիմությունը»՝ որպես եկեղեցական կատեգորիա

Փետրվարի 10-ին Փաշինյանն ասում է, որ իր համար լեգիտիմությունը «բացարձակ արժեք» է, եւ Եկեղեցու շուրջ գործընթացը կապում է հասարակական աջակցության հետ, Եկեղեցու բարեփոխումը՝ բարձրաստիճան հոգեւորականների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների ստեղծման հետ։ Քաղաքական համակարգի համար «հանրային լեգիտիմությունը» բնական հասկացություն է, բայց Եկեղեցում կանոնականությունը եւ ժողովրդականությունը նույն բանը չեն։ Կաթողիկոսի իշխանությունը պատմականորեն չի առաջանում հասարակական կարծիքի հարցումից, այլ՝ Եկեղեցու կանոնական ընտրության եւ նվիրապետական կարգի միջոցով։ Երբ «հանրային լեգիտիմությունը» սկսում է կիրառվել որպես եկեղեցական առաջնորդի իշխանության կարեւոր չափանիշ, քաղաքական ժողովրդավարության լեզուն տեղափոխվում է եկեղեցական կառավարման դաշտ։ Սա էլ է համատեղվում ժողովական-ընտրովի եկեղեցական մոդելի հետ, ոչ թե ավանդական հայրապետական համակարգի։

Եկեղեցու ապաքաղաքականացում՝ պետության նախաձեռնությամբ

Փաշինյանն ասում է, որ Եկեղեցին չպետք է զբաղվի ներքաղաքական գործունեությամբ, եւ «չի կարող լինել պետություն՝ պետության մեջ»։ Սակայն առաջանում է հակասություն․ մի կողմից՝ Եկեղեցուց պահանջվում է դուրս գալ քաղաքականությունից, մյուս կողմից՝ հենց քաղաքական իշխանության նախաձեռնությամբ է ձեւավորվում Եկեղեցու կառավարման բարեփոխման օրակարգ, կազմվում զեկույց եւ առաջարկվում փոփոխության ճանապարհային քարտեզ։ Եկեղեցուն առաջարկվում է ապաքաղաքականանալ այն գործընթացով, որի նախաձեռնողը քաղաքական իշխանությունն է։ Ուստի նոր համակարգի անկախության երաշխիքները ոչ թե տեխնիկական մանրուք են, այլ նախագծի հիմնարար հարցերից մեկը։

Փաշինյանի քաղաքական լեզուն տեղափոխվո՞ւմ է Եկեղեցի

Փաշինյանի քաղաքական մտածողության մեջ տարիներ շարունակ առանցքային են եղել «լեգիտիմություն», «հանրային մանդատ», «հաշվետվողականություն», «ընտրովի իշխանություն», «ինստիտուտների գերակայություն անձի նկատմամբ» հասկացությունները։ Նույն կատեգորիաները այժմ կիրառվում են հոգեւոր իշխանության նկատմամբ։ Կաթողիկոսի անձնական հավատքը դառնում է քննարկման առարկա, նրա լեգիտիմությունը չափվում է հանրային արձագանքով, նրա իշխանությունն ուզում են սահմանափակել իրենից անկախ ինստիտուտներով։ Կառավարման մարմիններն ավելի շատ ընտրվեն, ավելի քիչ՝ նշանակվեն։ Սա կարելի է անվանել ժողովրդավարացում կամ իշխանության ապանձնավորում,բայց եկեղեցաբանական մեջ դրանք համընկնում են բողոքական կոլեգիալ կառավարման տրամաբանության հետ, ոչ թե ՀԱԵ պատմական հայրապետական-նվիրապետական կառուցվածքի։

Եթե անունը մնա, բայց իշխանության բնույթը փոխվի

Հայ առաքելական եկեղեցու արտաքին ձեւը կարող է ամբողջությամբ պահպանվել՝ կարող են մնալ կաթողիկոսը, եպիսկոպոսները, պատարագը, մյուռոնը, Մայր Աթոռը, անվանումը, բայց եթե կաթողիկոսից անկախ կարող է գումարվել գերագույն ժողով, կաթողիկոսին կարող է դատել նվիրապետությունից անկախ մարմին, կաթողիկոսի իշխանությունը սահմանափակվի ընտրովի խորհուրդներով, եկեղեցական իշխանության լեգիտիմությունը կապվի հանրային մասնակցության հետ, իշխանությունն աստիճանաբար կտեղափոխվի հայրապետից դեպի կանոնադրությամբ ստեղծված ինստիտուցիոնալ համակարգ, եւ այդ փոփոխությունը միայն վարչական չէ՝ փոխվում է եկեղեցական իշխանության փիլիսոփայությունը։

Հետեւաբար, սեպտեմբերի 24-ի զեկույցի գլխավոր հարցն այն չէ, թե ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, այլ՝ այն, թե ինչպիսի Հայ առաքելական եկեղեցի է ձեւավորվելու նրա շուրջ։

Անդրանիկ Զատիկյան