05/10/2026

EU – Armenia

Ադրբեջանցուն հանձնելո՞ւ են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ անհրաժեշտ է համարում ոչ միայն ծառայողական քննության անցկացումը, այլև դեպքի վայրի մանրակրկիտ ուսումնասիրությունը։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ կատարվածի իրական հանգամանքները հասկանալու համար անհրաժեշտ է տարածքը ամբողջությամբ ուսումնասիրել և «տոտալ տակնուվրա անել»։

Միևնույն ժամանակ պատգամավորը չի կարողացել հստակ նշել, թե ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու հարցում որ կառույցն է թերացել։ Նա ընդգծել է, որ դեպքը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և առաջիկայում նախատեսում է համապատասխան գերատեսչություններից պարզաբանումներ ստանալ։

Անդրադառնալով ընդդիմության բարձրացրած մտահոգություններին, թե հնարավոր է՝ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը հետագայում հանձնվի ադրբեջանական կողմին՝ որպես այսպես կոչված բարի կամքի դրսևորում, Քոչարյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Նրա խոսքով՝ նման որոշումը չի կարող կայացվել ինքնաբուխ կամ որևէ այլ գործընթացից անկախ։ «Եթե պետք է հանձնել, դա նշանակում է, որ հանձնելը հենց այնպես չի լինում, այլ՝ ինչ-որ բանի դիմաց»,- ասել է պատգամավորը։

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը Սիսիանի բժշկական կենտրոնից դեպքի գիշերը տեղափոխվել է Երևանի բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Թե կոնկրետ որ բժշկական կենտրոնում է գտնվում Մուսաևը և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն մեկնաբանում։

Միևնույն ժամանակ, այսօր ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կրկին այցելել են Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանին։