05/10/2026

EU – Armenia

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին․ Լուսանկարներ

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։

Սրբազան արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Վեհարանում ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին։

Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նաև նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։

Զրուցակիցներն ընդգծեցին կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվեց, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարևորվեց հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։

Իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՍա հետաքրքիր ու կարեւոր է։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 2–ին անդրադառնալով Պոլ Ուայթ–Քեյնի Հայաստան այցին ու վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը, դիտարկելով նրա մեծ դերակատարումը ԱՄՆ քրիստոնյա–սիոնիստների ազդեցիկ համայնքի մոտեցումներն ԱՄՆ վարչակազմում առաջ մղելու գործում, նաեւ նշել էի հետեւյալը․ «Եվ այդ իմաստով նաեւ հետաքրքիր է, թե նա արդյո՞ք Հայաստանում գտնվելու ընթացքում կայցելի Մայր Աթոռ եւ հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»։

Փաստորեն, Պոլա Ուայթ–Քեյնը ոչ միայն այցելում է Մայր Աթոռ, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից բացի մասնակցում է նաեւ Սուրբ եւ Անմահ Պատարագի։

Ի դեպ, ուշադրության է արժանի նաեւ հաղորդագրության այս պարբերությունը․ «Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը»։

Այդպիսով ակնարկվում է թերեւս, որ Պոլա Ուայթ–Քեյնը Հայաստանի քաղաքական իշխանության հետ շփումով չի կարող պատշաճ տեղեկանալ Հայաստանի քրիստոնեական պատմությանն ու ժառանգությանը եւ այդ հանգամանքի ներկայիս իրողություններին։ Հաղորդագրությունը նշում է նաեւ, թե՝ «իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն»։

Ըստ էության, իհարկե ինքնին հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր կողմից է եկել հանդիպման նախաձեռնությունը։ Պոլա Ուայթ–Քեյնն է հայտնել Փաշինյանից զատ, նաեւ Վեհափառին հանդիպելու պատրաստակամություն, թե՞ նա պարզապես չի մերժել Մայր Աթոռի՝ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը։ Բոլոր պարագաներում, անկասկած է, որ սա երկխոսության փորձ է, որը կարեւոր է ընդհուպ այն մարտահրավերների չեղակման կամ հակազդման, կամ կառավարման գործում, որ գալիս են հենց նույն քրիստոնյա–սիոնիստների համայնքի պատկերացումներից ու նպատակադրումներից։

Ինքս տարբեր առիթներով նշել եմ, որ ինչքան էլ ՀԱԵ դեմ Փաշինյանի միջոցով կիրառվող մարտահրավերները ունեն լայն աշխարհաքաղաքական ընդգրկում, այդուհանդերձ դրանց աղբյուրները այնքան բազմազան են եւ ըստ էության բազմակի ազդեցիկ, որ սիմետրիկ, ճակատային դիմակայության պարագայում ՀԱԵ–ն պարզապես չի ունենա որեւէ շանս։ Հետեւաբար, պետք է իհարկե ուշադիր, հմտորեն, զգուշորեն, բայց թերեւս առաջնորդվել ասիմետրիկ դիմակայության տրամաբանությամբ եւ գործել մի հին իմաստնությամբ՝ «չե՞ս կարող հաղթել, պայմանավորվիր»։

Հաղթել դասական իմաստով՝ ՀԱԵ–ն չի կարող, որովհետեւ ասել եմ, հաղթանակն ու պարտությունը չափելի չեն պաշտոնական Երեւանի հետ դիմակայությամբ։ Դա շատ նեղ եւ սեղմ շերտն է։ ՀԱԵ–ի համար հաղթանակը իհարկե կլինի համաշխարհային դավանա–քաղաքական քարտեզի վրա իր տեղի ու դերի վերհաստատումը։ Այդ հարցում իհարկե նա պետք է ներսում կարողանա դիմակայել իշխանության քաղաքական նկրտումներին, բայց նաեւ կառուցել իր դիմակայունությունը մարտահրավերների ամբողջական շրջանակի չափումով ու հաշվարկով, որը իհարկե համաշխարհային մասշտաբ է։

Ի՞նչ է ստացվել այդ առումով Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար տիկնոջ հետ այս խոսակցությամբ։

Հակոբ Բադալյանի տելեգրամյան էջից

May be an image of one or more people, dais and text