«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովում մոտ մեկ ժամ շարունակ լարված իրավիճակ էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ, տեղի ունեցան քաշքշուկներ ու հրմշտոցներ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը երկար ժամանակ չէր կարողանում խորհրդարանի աշխատանքը վերադարձնել բնականոն հուն։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական խմբակցությունում երեկ քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վարքագիծը։ Նրանք, ըստ ՔՊ-ի, ավելի շատ՝ անվտանգության աշխատակիցների կամ «ախրանիկների» նման են իրենց պահել, քան՝ օգնականների։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական կողմում քննարկվում է նաև Ազգային ժողովի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության հարցը։
Այսինքն՝ իշխանությունը ցանկանում է ոչ միայն պատգամավորների հայտարարությունների հիման վրա գնահատել տեղի ունեցածը, այլև տեսագրությունների միջոցով վերականգնել միջադեպի ամբողջ ընթացքը, ու քննարկումը հասել է անգամ հնարավոր իրավական գործընթացների թեմային։
Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհություն կա նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանում ձևավորված բավական մեծ աշխատակազմի հետ կապված։
Խոսքը ոչ միայն խմբակցության պաշտոնական աշխատակիցների մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից գրեթե յուրաքանչյուրն իր ֆինանսական միջոցների հաշվին, հասարակական հիմունքներով, խորհրդարան աշխատանքի է ներգրավել մի քանի օգնականների, փորձագետների և այլ մասնագետների։
Արդյունքում՝ պատգամավորների թվով համեմատաբար փոքր խմբակցությունը ԱԺ-ում փաստացի ներկայացված է բավական մեծ թվով անձանց միջոցով։
Այս հանգամանքը երեկվա միջադեպի ֆոնին իշխանական կողմի համար նոր խնդիր է դարձել։
Իսկ հիմնական պրոբլեմը, այն է՝ ով սադրեց ծեծկռտուքը ՔՊ-ից, ով շարունակեց և ով հայհոյեց և ագրեսիա դրսևորեց, իշխանականները հպանցիկ են քննարկել: Տպավորություն է, թե ՔՊ-ում ողջունում են ընդդիմախոսների ծեծը»։


Բաց մի թողեք
Պասիվ պաշտպանությունը հաղթանակի չի հասցնում
2026-ին ձեւավորված 9-րդ գումարման ԱԺ-ն այս 8 տարվա «թագուպսակն» է
«Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան․ Լուսանկար