27/10/2026

EU – Armenia

Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն․ Պատմաբան․ Լուսանկար

Հրապարակի հարցազրույցը պատմաբան Վահե Լորենցի հետ

– Գիտեմ, որ Դուք դավանում եք հին աստվածներին` մեր հեթանոսական կրոնը, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի՝ մեր եկեղեցին «բարեփոխելու» մոլուցքին:

– Ազգային հեթանոսական դավանանքն ինձ համար էն դուռն է, որ տանում է դեպի ինքնություն եւ մի քիչ տարբեր է քրիստոնյա դավանանքի արժեհամակարգից: Սա՝ ուղղակի բացատրելու համար: Այո, ես քննադատել եմ եկեղեցին: Ես գտնում եմ, որ պետք է բարեփոխվի եկեղեցին, եւ պնդում եմ, որ բարեփոխվի: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլին` այն, որ ասում է եկեղեցու վերաբերյալ, ես երբեք իրեն չեմ աջակցել հարապարակավ եւ չեմ էլ աջակցելու: Եվ հետո՝ եթե ես եկեղեցին համարում եմ համահայկական կառույց ու սրտացավ եմ, որ այն բարեփոխվի եւ իսկապես ծառայի հային, Նիկոլն այդ սրտացավությունը չունի, դա անում է եկեղեցին ուղղակի հիմքից քանդելու, կործանելու համար: Ես կարող եմ նաեւ բազում գործոններով, փաստերով հիմնավորել իմ ասածը: Օրինակ, տեսեք՝ մինչ օրս միջին վիճակագրական հայը Նիկոլին ասում է` եկեղեցին մեր հիմնասյունն է, պետք չէ այդ մասին խոսել: Բայց ոչ մեկը Նիկոլին չի ասում` դու սուտ ես ասում:

– Ասում է` ճիշտ եմ ասում, կաթողիկոսն աղջիկ ունի, տեսեք` սա էլ՝ լուսանկարը: Ի՞նչ կասեք կուսակրոնության ուխտը խախտելու մասին:

– Կուսակրոնություն է, չգիտեմ ինչ է, էդ ինձ բացարձակ չի հուզում: Եթե ես լինեի, օրենք կհանեի, որ, այո, կուսակրոնությունը հակամարդկային երեւույթ է: Թող եկեղեցական ժողով անեն, ընդունեն որոշում եւ հանեն: Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին ունենա, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն: Այսինքն, հակամարդկային ինչ-որ գաղափար է դրված հիմքում, որը ստիպում է հոգեւորականին արդեն կեղծիքի գնալ, որովհետեւ բնությունը, միեւնույն է, ուժեղ է եւ իրենն անում է:

– Նավասարդ Կճոյանո՞վ է բարեփոխում, իր իսկ բնորոշմամբ` Բենթլի Սամոյո՞վ:

– Խնդիրը հենց սա է: Նիկոլի արած զավեշտն այն է, որ նա ուզում է եկեղեցին իբր բարեփոխի, վերափոխի այն հոգեւորականների միջոցով, որոնք իրենց էությամբ շատ ավելի ապականված են, քան այն, ինչն ինքը մատնացույց է անում` եկեղեցին: Բայց այստեղ միակ մեղավորն էլի եկեղեցին է՝ իր պառակտիչ թեզերով, թե ով առաքելական չէ` հայ չէ, ով մեզ հետ չէ` մեր թշնամին է եւ այլն: Էդ խնդիրը եկեղեցու մեջ է, որ կարելի էր մեկ անգամ ազգային եկեղեցական ժողով հավաքել` անգամ ընդլայնված կազմով, այս խնդիրները դնել՝ բացեիբաց քննարկել եւ ընդունել, որ, այո, մենք ունենք մեր շարքերում լրջագույն խնդիր, եկեք հավաքվենք, իրար երեսի շիտակ նայենք եւ լուծենք էդ խնդիրը: Այսօր, անգամ այսքանից հետո, եկեղեցին չունեցավ էդ քաջությունը՝ դա անելու: Եթե եկեղեցին ունենար քաջություն՝ դա անելու, ինքը Նիկոլի բերանն էլ էր դրանով փակել եւ բոլոր ոտնձգությունների դեմն էլ էր առել: Որովհետեւ, տեսեք՝ եթե կա խնդիր, եւ մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, անկախ նրանից, թե ինչքանով կստացվի լուծելը, էս դեպքում որեւէ մեկը չի կարող ասել` շորդ ճղված է, քանի որ դու ուզում ես այն կարել: Բայց եթե եկեղեցին անգամ այսօր չի ուզում այդ խնդիրներին ինքն իր մեջ անդրադառնալ, արդեն դրանով ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին:

– Այսինքն, որպես սրտացավ հայ, Դուք գտնում եք, որ եկեղեցին բարեփոխման կարիք ունի, բայց ոչ նիկոլական տարբերակով:

– Այո, ես սրտացավ եմ եկեղեցու նկատմամբ եւ ուզում եմ, որ բարեփոխվի: Ես բազում կոթողներ եմ փրկել եւ այն մարդու ձեռքը քոքից կկտրեմ, որն ուզենա մի խաչքար կամ եկեղեցի ավերել: Իսկ Նիկոլը չի գնում բարեփոխման, իր նպատակը հիմնահատակ քանդելն է: Բայց էլի եմ ասում` դրան կարելի է վերջ դնել, եթե նույն եկեղեցին իր ներսում էդ կամքն ունենա: Ինչո՞ւ չեն անում ազգային եկեղեցական ժողով, ասեն` խնդիր ունենք, դեմառդեմ նստենք եւ քննարկենք: Չեմ ասում՝ ինձ ու քեզ հրավիրեն, իրենք իրենց մեջ, խնդիրներն իրենք մեզնից լավ գիտեն: Իսկ եթե չանեն, Նիկոլը շարունակելու է եւ մեզ էլ հետը խորտակման է տանելու:

– Նիկոլի մյուս թիրախն Արարատ լեռն է` մեր Մասիսը: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ արշավը:

– Նիկոլը Մասիսն օգտագործում է որպես խայծ՝ կարթի ծայրին, բայց չի ուզում ձուկ բռնել, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ ո՛չ թուրքերն են պատ շարելու, որ չերեւա, ո՛չ էլ կարողանալու է հային ասել` դու էն կողմ չնայես: Անհեթեթ է, բայց հոգեբանության վրա ազդելու հստակ գործոն է դա: Մասիսին մի նայեք, իսկ հետո զիջում կանեն, թե` լավ, թող մնա քո ազգային սիմվոլիկաների մեջ՝ որպես քո ցավի խորհրդանիշ, բայց դրա փոխարեն դու կմոռանաս Վանն էլ, Կարինն էլ, ամեն ինչն էլ: Այսինքն, փոքրին կպնելով` քեզ մեծն է մոռանալ տալիս․ այս հոգեբանական խաղն է: Դու բեւեռվելու ես Մասիսի վրա, թե Նիկոլն ուզում է խլել, եւ մոռանալու ես մյուսները, որոնք արդեն օրակարգից դուրս կմղվեն: Դրանք փոքրիկ հոգեբանական ֆինտեր են, որ արվում են: Եվ այդ խայծը հայությունը կուլ է տալիս: Մատնացույց է անում քեզ այն, որը քո աչքի առաջ է, բայց իրականում մոռանալու ես մի քիչ ավելի հեռուն: Այդ խայծն է տվել հայ ժողովրդին, որ կուլ է տալիս:

– Այդպես մի մարդ կարողանում է մի ամբողջ ժողովրդի պատմությո՞ւն մոռացնել եւ ի՞նչ գործիքակազմով:

– Պատմությամբ, եթե ետ ես գնում, տեսնում ես, որ մենք ունենք բանաստեղծություններ Վանի, Անիի, Կարսի մասին, բայց չունենք Գանձակի, Շուշիի, Մակուի մասին: Այսինքն, հայն իր մտածողությունից դուրս է մղել Ջավախքը, Պարսկահայքը, իսկ Անին ու Վանն էլ պահել է նրա համար, որ ցավով, մեր մսից պոկելով են տարել 1915-ին: Հիմա Նիկոլի նպատակն էն է, որ դու դա էլ մոռանաս: Մի ցավոտ կետ է թողնելու վերջում, ասելու է․ դուք էլ՝ ձեր Մասիսն էլ, նայե՛ք: Իմ տպավորությունն այն է, որ իր հետ շատ ուժեղ հոգեբաններ են աշխատում, իր խորհրդականներն ահավոր ուժեղ են: Էն քայլերը, որ ինքն անում է, փորձիր մի 100 տարի ետ գնալ եւ համեմատել էդ խոսքը, լեքսիկոնը անցյալ դարի 30-ականների Գերմանիայի հետ: Նույն Հիտլերի անցած ճանապարհն է, նույն ժեստիկուլյացիան, նույն՝ ամբոխներին իրար դեմ լարելը, թշնամանք հրահրելը: Բացիր եւ տես Գեբելսի խոսքերը, թե ինչով պետք է կարողանաս հասարակությանը գրավել, մեկին մեկ կատարում է այս մարդը: Իր հետ աշխատող հոգեբաններն ու ուսուցիչները գիտեն ինչ անել, հասարակությանն ինչով սնուցել եւ ինչ խայծ գցել: Մասիսն էլ էդ խայծն է, էդ կուտն է:

– Բայց Հիտլերը փորձում էր Գերմանիան մեծացնել, հզորացնել, իսկ Նիկոլը տալիս է, թուլացնում է Հայաստանը:

– Գործիքը նույնն է: Հավատա, որ տալն ավելի դժվար է, քան վերցնելը: Վերցնելու համար քաջություն է պետք, տալու համար` խորամանկություն: Այնպես տաս, որ ձեռքերդ չկեղտոտես, այնպես, որ դու չէ` հայությունն է տվել: Հիմա քվեարկության կդնի Սահմանադրությունը փոխելու հարցը, ձեռքի հետ էլ կհամոզի, ինչպես համոզեց, որ Ղարաբաղը նրանցն է: Վերջ՝ հայությունն է տվել, ես` Նիկոլս, չեմ տվել: Իրականում, տալը շատ ավելի դժվար է: Տեսեք, մենք 94-ին Արցախ ազատագրեցինք: Մի խումբ խելառներ ասացին` հերիք է հրապարակում միտինգ անեք, ծափ տաք, եւ որսորդական հրացաններ վերցրին ու քաջությամբ պաշտպանեցին, մինչեւ կդառնար համաժողովրդական պայքար, եւ պետությունը պետության դեմ կկռվեր: Էդ հեշտ էր, իսկ տալը դժվար է, տալու համար տասնյակ հազարավոր զոհեր, պատասխանատվություն, բարոյահոգեբանական եւ բազում խնդիրների ու կնճիռների միջով պետք է անցնել, որ ինքն անցնում է: Հիտլերի գործիքակազմն է, որ ինքն այսօր օգտագործում է, նույն էդ գործիքակազմով էլ տալիս է:

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում ելքն այս եւ այն բազում խնդիրների, որոնք այսօր կան:

– Ես գտնում եմ, որ ցանկացած հիվանդ հասարակության կարելի է շատ կարճ ժամանակում առողջացնել` 1-2 տարում, անգամ ձեռնասուն կատվից կարելի է վագր սարքել` ճիշտ կրթական համակարգ ներդնելով: Իհարկե, այսօր մենք գիտենք, որ էդ ճիշտ կրթական համակարգը չենք ունենալու, իշխանությունները չեն թողնելու: Բայց այսօր ինչ ունենք, պետք է օգտագործենք, ինֆորմացիայի դար է, կա համացանց, մարդիկ կարող են իրենք ընտրել, բացել, կարդալ, ազգային արժեքներին ծանոթանալ եւ դրանցով առաջնորդվել: Ցանկացած ծանր հիվանդ, ինչպես ասում են, անգամ վերջին շունչը բերանում, ձգտում է կյանքից կառչել, մեկ օր ավել ապրել: Ես հույս ունեմ, որ մենք էդ վիճակին դեռ չենք հասել, մեր ժողովուրդն էդ ուժը կգտնի իր մեջ՝ ապրելու եւ արարելու: Սրանից ավելի վատ օրեր ենք ապրել, բայց հույս ունեմ, որ էլի կհառնենք: Ծանր դեպք է, բայց հույս ունենանք:

«Հրապարակ». Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն