«2027-ի բյուջեում կամ բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի մրցունակության և տնտեսության դիմակայունության ամրապնդման, տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքներում, ինչպես նաև մարդկային և ֆիզիկական կապիտալում ներդրումների բարձր մակարդակի պահպանման և կառուցվածքային բարեփոխումների միջոցով տնտեսական ներուժի հետագա ընդլայնման նպատակներին»:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ-ի եզրակացությունը 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գնահատմամբ՝ վերջին տարիներին տնտեսական աճի ներուժն աճել է և կազմում է 5-5,5 տոկոս։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ նախորդ տարիների բարձր տնտեսական աճին նպաստած մի շարք կարճաժամկետ գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացման պայմաններում կայուն և բարձր տնտեսական աճի պահպանումն էապես կախված կլինի արտադրողականության բարձրացմանը, արտահանման և մասնավոր ներդրումների խթանմանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունների արդյունավետ իրականացումից։
«2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակականությունն ու պարտքի կայունության ամրապնդումը համադրելով մարդկային կապիտալի զարգացման և տնտեսության զարգացման ներուժի հետագա ընդլայնմանը նպաստող քաղաքականությունների իրականացման հետ»,- ասել է Գալստյանը։


Բաց մի թողեք
Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը․ ՍԱՏՄ. Լուսանկար
Ինչպե՞ս են դրանք առաջացել, որքանո՞վ են արդյունավետ եղել պետական ստուգումները, և ինչո՞ւ հնարավոր խախտումները ժամանակին չեն կանխվել