11/11/2026

EU – Armenia

Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում Թուրքիա. նոր զիջումնե՞ր են սպասվում մեզ

Փաշինյանը Ֆրանսիայից մեկնում է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու նոյեմբերի 9-20-ն այնտեղ անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովին՝ COP31-ին, ինչի մասին վաղօրոք տեղեկացրել էր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ Անթալիա մեկնելու պլաններ ունի։

Փաշինյանը մտադիր է մասնակցել այդ միջոցառման շրջանակում նախատեսվող բարձրաստիճան առաջնորդների գագաթաժողովին, որը կկայանա նոյեմբերի 11-12-ը։

Բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 19-30-ը, ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվեց Երևանում, որին մասնակցեց նաև Թուրքիայի պատվիրակությունը՝ գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարի մակարդակով։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այդպես էլ Հայաստանը «չպատվեց» իր այցով, որքան էլ ՔՊ-ական թիմն ակնկալում ու սրտի տրոփյունով սպասում էր դրան։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց անձամբ, այլ ոչ թե ինչ-որ նախարարի մակարդակով մասնակցելու Թուրքիայում անցկացվող COP31-ին, որի շրջանակում, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կունենա ևս մեկ անգամ Էրդողանի գիրկը նետվելու և ջերմ ու խանդաղատագին ժպիտը դեմքին նրա հետ լուսանկարվելու համար։

MediaHub-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պարզաբանեց, որ COP գագաթաժողովները բնապահպանական ուղղվածություն ունեցող ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվող միջոցառումներ են, որոնք աստիճանակարգություն ունեն։ Ամենահեղինակավորը համարվում է կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթաժողովը, որն իր հարկի տակ կազմակերպելու առաքելությունը վերջին անգամ ստանձնել էր Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, քանի որ Հայաստանը ևս հայտ էր ներկայացրել այդ միջոցառումը հյուրընկալելու համար, սակայն մեր իշխանությունները հրաժարվեցին դրանից՝ պաշտպանելով Ադրբեջանի թեկնածությունը։ Մյուս COP-երը պակաս հեղինակավոր են և ոլորտային ուղղվածություն ունեն. դրանցից մեկն էլ հենց Անթալիայում է անցկացվում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում տարբեր երկրների կողմից ցածր ներկայացուցչական մասնակցություն է եղել. եվրոպական որևէ երկրի ղեկավար այդպես էլ չժամանեց Հայաստան, այդ թվում՝ ԵՄ առանցքային որևէ ղեկավար։ Պետությունների ղեկավարների մակարդակով մասնակցել են միայն Վրաստանը՝ վարչապետի, Իրանը՝ նախագահի և միջինասիական երեք հանրապետությունները՝ ղեկավարների մակարդակով։

Ադրբեջանից ընդհանրապես պատվիրակ չի մասնակցել, իսկ Թուրքիայից մասնակցությունը եղել է նախարարի մակարդակով։ Այնինչ Հայաստանը նույնմակարդակ միջոցառմանը Անթալիայում կմասնակցի պետության ղեկավարի մակարդակով։

«Այդ օրը խորհրդանշական է, քանի որ նույն օրը՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվելու է նաև Հայաստանին այդ կառույցում ձայնից զրկելու հարցը։ Կազմակերպությունը, որի անդամ է դեռ Հայաստանը և որն անվտանգային ռազմաքաղաքական ուղղվածություն ունի, որոշելու է մեր երկրի ճակատագիրը։ Փաշինյանը դրան չի մասնակցում, բայց գնում է այն երկիր, որից պիտի պաշտպանվեինք նաև ՀԱՊԿ-ի մասնակցությամբ»,- ասում է պատգամավորը՝ նշելով, որ փոխարենը Թուրքիայի նախագահն այս օրերին՝ նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտի կապակցությամբ գնացել էր Շուշի և այնտեղ Ադրբեջանի հաղթանակի միջոցառումներին էր մասնակցում, որոնց ժամանակ Հայաստանը հերթական անգամ ներկայացվեց որպես թշնամի պետություն։

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես հարմար առիթ է փնտրում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպելու, իր սերն ու հավատարմությունը նրանց ցույց տալու համար, և COP-ը նման առիթներից մեկն է։ Այլ առիթով Էրդողանը նրան Թուրքիա չէր հրավիրի։

«Փաշինյանը առիթ է փնտրում թուրքերի և ադրբեջանցիների կոշիկները լիզելու՝ ինչպես որ ինքն է իր դիվանագիտական լեզվով ասում։ Ընդ որում, այդ այցելության համար պետական միջոցներ են նորից մսխվելու, այնինչ այդ այցը Հայաստանին էականորեն ոչինչ չի տալու, քանի որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների օրակարգ գոյություն չունի։ Թուրքիայում ամենաբարձր մակարդակով հայտնել են, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ չի կարող լինել, քանի դեռ Հայաստանի կողմից չեն կատարվել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները։ Ոչ թե մի քանի հիմնական պահանջ կամ դրանց մի մասը, այլ բոլորը։ Իսկ ադրբեջանական պահանջները, ինչպես տեսնում ենք, անվերջանալի են և շատ խորքային։ Փաշինյանի կողմից ադրբեջանական մի պահանջ կատարելուց հետո հաջորդ պահին առաջ է քաշվում մյուս պահանջը, և այդպես շարունակ»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց նաև, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը դեռ 2022 թվականից են հանդիպում, բանակցում երկու պետությունների հարաբերությունների կարգավորման համար։ Չորս տարի է անցել, սակայն այդ ուղղությամբ մեկ փոփոխություն, մեկ շոշափելի արդյունք դեռ չկա։ 2023 թվականին, 6 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո, հայկական կողմն ավարտեց հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ վերանորոգումը, և հայտարարվեց, որ անցակետը կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երեք տարի է անցել, բայց սահմանը շարունակում է փակ մնալ ընդհանրապես․ «Անցակետի վերանորոգման, վերազինման համար պետական միջոցներից մեկ միլիարդ դրամ է ծախսվել. ռուս սահմանապահներին այնտեղից հանեցին, հիմա սահմանային ծառայության աշխատակիցներն ամեն օր այնտեղ աշխատանքի են գնում, աշխատավարձեր են ստանում, գուցեև պարգևավճարներ, բայց դեռ որևէ քաղաքացու չեն սպասարկել, քանի որ այդտեղով ոչ ոք չի անցնում։ Սա՞ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»։

Իսկ Փաշինյանի այցելության հեռավոր արձագանքի մասին մենք հնարավոր է ավելի ուշ իմանանք՝ Ադրբեջանին նոր զիջումների տեսքով։