17/11/2026

EU – Armenia

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը

Դատաիրավական համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները կրկին օրակարգ են բերում դատավորի անկախության, իրավական համաչափության և քաղաքական պատասխանատվության հարցերը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Անձեռնմխելիությունից զրկված դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործը կապված է գաղտնալսման արդյունքում ի հայտ եկած տվյալների հետ, ըստ որոնց՝ դատավոր Մելքոնյանը ժամանակավորապես վերացրել է վարորդական իրավունքից զրկված անձի՝ երկրից մեկնելու արգելքը՝ հնարավորություն տալով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։ Թե արդյոք առկա է հանցակազմ կամ պաշտոնեական չարաշահում, վերջնականապես պետք է պարզեն իրավապահ մարմիններն ու դատարանը։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է բոլոր դեպքերում պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Այս իրավական գործընթացը, սակայն, հանրային և քաղաքական դաշտում ստացել է շատ ավելի լայն հնչեղություն։ Դիտորդների և ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի անունը տարիներ շարունակ ասոցացվել է ոչ թե դատական պրակտիկայի ակադեմիական բացառիկությամբ, այլ հանրային-քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքի խափանման միջոցը պարբերաբար և անվերապահորեն կիրառելու գործելաոճով։

Հանրային քննադատության հիմքում այն դիտարկումն է, որ տևական ժամանակ Մելքոնյանի կայացրած դատական ակտերով ազատությունից զրկվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, հոգևորականներ և հասարակական դեմքեր։ Մասնավորապես, նրա կայացրած որոշումների արդյունքում տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Հայաստանի ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանը, ՀՅԴ անդամներ Վահե Դանիել յանը և Գերասիմ Վարդանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալ յանը, «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և այլն։

Քաղաքական վերլուծաբանների և հանրային գործիչների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն ունի խորքային և խորհրդանշական ենթատեքստ։ Երբ դատական համակարգում «կալանք» եզրույթը կիրառվում է առանց խիստ անհրաժեշտության ու համաչափության՝ հաճախ ընկալվելով որպես գործադիր իշխանության քաղաքական նպատակահարմարության սպասարկում, դատավորների մոտ կարող է ձևավորվել կեղծ տպավորություն, թե իրենք այդ կերպ ձեռք են բերում երկարաժամկետ երաշխիքներ և անձեռնմխելիության «ապահովագրություն»։

Սակայն քաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ իրավական սկզբունքներից շեղվելը և իրավիճակային հավատարմությունը չեն կարող ծառայել որպես հուսալի պաշտպանություն։ Հենց որ առաջանում է շահերի բախում կամ քաղաքական նպատակահարմարության փոփոխություն, համակարգը հեշտությամբ հրաժարվում է երեկվա «անփոխարինելի» համարվող կադրերից։ Այս իրավիճակը լուրջ ազդակ է ողջ դատական կորպուսի համար. մասնագիտական սկզբունքայնությունն ու օրենքի գերակայությունը, որոնք պահի տակ կարող են թվալ խոչընդոտ, իրականում դատավորի միակ հուսալի պաշտպանությունն են՝ թույլ չտալով, որ նույն իրավական մեխանիզմները մի օր կիրառվեն հենց իրենց նկատմամբ։

«Դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով 6 քննիչ է ներգրավվել և 3 դատախազ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննչական խմբի ստեղծելու հանգամանքը զարմացրել է դատավոր Մելքոնյանին, թե ինչու են 6 քննիչ ու 3 դատախազ ներգրավվել իր դեմ հարուցված քրեական գործով։

Սակայն սա դեռ սկիզբն է։ Դատական համակարգում աղմկահարույց քրեական գործերը այսքանով չեն ավարտվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում կարծիք է հնչել, որ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործերով դատական համակարգի աղմկահարույց քրեական գործերը չեն ավարտվելու, ու սլաքները գնում են դեպի Հակակոռուպցիոն դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը օպերատիվ աշխատում է հակակոռուպցիոն դատարանի շուրջ, թե ինչ կբացահայտվի, ժամանակը ցույց կտա։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում, երբ դատավոր Մասիս Մելքոնյանին քննիչը հարցեր է ուղղել, վերջինս ասել է, որ, օգտվելով մեղադրյալի իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մեղադրանք առաջադրվեց, և խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ քրեական գործը բացառապես կապված է Մասիս Մելքոնյանի վարույթում քննվող՝ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին: Դատավորին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը դրսևորվում է նրանում, որ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ փոխել է իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, և գրավ կիրառել:

Հայտնել էինք, որ դատավորներին գաղտնալսել են: Մասնավորապես, գաղտնալսման ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը, որը դատական համակարգում մեծ հարգանք ունի, դիմում է Մասիս Մելքոնյանին խնդրանքով։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Պողոսյանը խնդրում է Մասիս Մելքոնյանին օգնել իր ծանոթներից մեկին, որը, վարորդական իրավունքից զրկված լինելով, մեքենա է վարել և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Կարո՞ղ է արդյոք վերացնել խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, որպեսզի նշված անձը երկրից դուրս գա և վերադառնա։ Դատավոր Պողոսյանի այս խնդրանքը Մասիս Մելքոնյանը չի մերժում և ընդառաջում է նրան»։