17/11/2026

EU – Armenia

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ Լուսանկար

«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին փոխնախարար Լևոն Հակոբյանը ներկայումս ամեն ինչ անում է առողջապահական համակարգում կրկին բարձր պաշտոն զբաղեցնելու և մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Հակոբյանն այժմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում խորհրդատուի պաշտոն է զբաղեցնում։ Սակայն այդ պաշտոնը հայեցողական է, չվճարվող, և, ըստ մեր աղբյուրների, նախկին փոխնախարարի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նրա գլխավոր նպատակը կենտրոնի տնօրեն դառնալն է։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Հակոբյանը բավական ակտիվացել է առողջապահական համակարգում։ Նա այցելություններ է ունենում տարբեր բժշկական հաստատություններ, հանդիպումներ, քննարկումներ կազմակերպում, փորձում է պահպանել իր ազդեցությունն այն բուժհաստատություններում, որոնց աշխատանքները ժամանակին համակարգել է որպես փոխնախարար։

Blog Image

Ըստ մեր տեղեկությունների՝ այս ակտիվության հետևում նաև հստակ նպատակ կա՝ առողջապահական համակարգում կրկին ղեկավար պաշտոն ստանալ և հասնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնին։

Ստացվում է՝ փոխնախարարի պաշտոնը կորցնելուց հետո Լևոն Հակոբյանը չի պատրաստվում բավարարվել խորհրդատուի կարգավիճակով։ Հարցն այն է, թե ինչ ճանապարհներով է նա փորձում հասնել իր նպատակին, և արդյոք իշխանական շրջանակներում պատրաստ են նրան կրկին վստահել խոշոր բուժհաստատության ղեկավարումը։

Հիշեցնենք, որ Լևոն Հակոբյանը առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2019 թվականի մարտին՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման շրջանում։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

2023-2024 թվականներին եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը, իսկ 2024 թվականի մարտի 27-ին կրկին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ 2026 թվականի օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Իսկ թե ինչու Հակոբյանը կրկին չշարունակեց իր աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, պաշտոնական որոշման մեջ չի մանրամասնվում։ Այդուհանդերձ, ոլորտում նրա աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բացասական գնահատականներ կան։ Որոշ ներկայացուցիչներ նրա կառավարման ոճը արդյունավետ չեն համարում և կարծում են, որ փոխնախարարի պաշտոնում նա չի արդարացրել սպասելիքները։

Ո՞վ է Լևոն Հակոբյանը

Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևանում։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 2010 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ «Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։ 2012-2014 թվականներին սովորել է Պետական կառավարման ակադեմիայում՝ հանրային կառավարման մասնագիտությամբ։

2010-2013 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում, 2013-2014 թվականներին եղել է թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն։ 2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն, հետագայում կրկին վերադարձել այդ կառույց։

Այսպիսով, առողջապահական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած նախկին պաշտոնյան այժմ խորհրդատուի կարգավիճակում է, սակայն, մեր տեղեկություններով, նրա հավակնությունները շատ ավելի մեծ են»։