17/11/2026

EU – Armenia

Խմելու ջրի ամբարները բաց են՝ ինչ ասես կարող է ընկնել կամ գցվել մեջը

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին հոկտեմբերի 5-ին հարցում էի արել․ «Դիլիջան քաղաքում եւ նույն համայնքի 6 գյուղերում չի գործում ոչ մի սպանդանոց, Դիլիջան քաղաքի սննդի օբյեկտներում եւ Դիլիջանի բնակիչների կողմից օգտագործվող միսը չունի սպանդանոցային ծագում, այն բակերում կատարվող մորթի արգասիք է։ Դա մարդկանց առողջության համար իրական վտանգ է։ 2025 եւ 2026 թվականներին սննդի անվտանգության տեսչական մարմինն ի՞նչ է արել այդ առնչությամբ»։

ՍԱՏՄ ղեկավարը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքում թարմ մսի իրացմամբ զբաղվող կազմակերպություններում, հանրային սննդի օբյեկտներում ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումը, փոխադրումը եւ մատակարարումը բացառելու նպատակով 2025-2026 թվականներին իրականացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ, որոնց արդյունքում Ձեւ N5 անասնաբուժական վկայականով չուղեկցվող միս-մսեղիքն առգրավվել եւ ոչնչացվել է, իսկ իրավախախտում կատարած տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց»։

ՍԱՏՄ ղեկավարը հարցին կոնկրետ պատասխան չի տվել, թե ինչպես է լինում, որ Դիլիջան քաղաքի եւ համայնքի 6 գյուղերի բակերում, այլ տեղերում մորթվող ընտանի անասունների միսը Ձեւ N5 անասնաբուժական վկայականով վաճառվում է մսի իրացման օբյեկտներում, Դիլիջանի բազմաթիվ ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում։ Այդպիսի իրավիճակ գոյություն ունի արդեն երկար տարիներ։ ՍԱՏՄ ղեկավարին նաեւ հարցրել եմ․ «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի շուրջ 4 հազար բնակիչներն ամեն օր խմում են աղբյուրներից բաց եղանակով մատակարարվող ջուր, որին խառնվում են Բողազի ձոր տարածքում գտնվող անասնաֆերմաների կոյուղաջրերը, այդ պատճառով բնակարանների ծորակներից հոսող ջրից մեզի հոտ է տարածվում։

Հաղարծին գյուղը սնուցող խմելու 4 ջրամբարից 2-ի ծածկը բաց է։ Առկա է հիվանդությունների առաջացման վտանգ։ 2025 եւ 2026 թվականներին սննդի անվտանգության տեսչական մարմինը տեսչական ի՞նչ գործառույթներ է իրականացրել Հաղարծին գյուղը սնուցող խմելու ջրի համակարգում վատ վիճակն արձանագրելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»։ Տ․ Պետրոսյանը պատասխանել է․ ««Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N 2-111-Ա 2-1 սանիտարական նորմերը եւ կանոնները հաստատելու մասին» առողջապահության նախարարի 2002թ․ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի համաձայն՝ խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը, որը պարտավոր է Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին անհապաղ տեղյակ պահել խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում սանիտարական կանոններին չհամապատասխանող յուրաքանչյուր նմուշի մասին։ Սակայն հիմք ընդունելով Ձեր գրությունը՝ տեսչական մարմինը Դիլիջան համայնքի Բողազի ձոր տարածքում գտնվող անասնապահական ֆերմաներում իրականացրել է անասնահամաճարակային մշտադիտարկում։ Պարզվել է, որ Բողազի ձոր կոչվող հանդամասը գտնվում է Հաղարծին բնակավայրից մոտ 6 կմ հեռավորության վրա՝ դեպի լեռնային հատված, եւ ամբողջությամբ անտառապատ է։ Տարածքում առկա անասնապահական երեք տնտեսություններից (անասնագոմեր) երկուսը մշտադիտարկման ընթացքում չեն գործել։ Երրորդում եղել են 8 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 1 գլուխ խոզամայր եւ 5 գլուխ խոճկոր։ Գոմաղբը հավաքվում է տնտեսության տարածքում, այնուհետեւ պարբերաբար տեղափոխվում է կենդանիների տիրոջը պատկանող ցանքատարածություններ եւ օգտագործվում որպես օրգանական պարարտանյութ։ Վերոհիշյալ անասնապահական տնտեսություններից մոտ 1,5 կմ հեռավորության վրա՝ ժայռոտ լեռնային հատվածում գտնվում է սարերից հոսող ջրերի ջրահավաք ավազանը, որն ունի դժվարանցանելի բարդ ռելիեֆ, ամբողջությամբ ժայռապատ է։ Նշված տարածքում գյուղատնտեսական կենդանիներ եւ անասնապահական տնտեսություններ չկան։ Անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել»։

Լավ է, որ ՍԱՏՄ ղեկավարը, հիմք ընդունելով լրագրողական հարցումը, Բողազի ձոր տարածքում իրականացրել է անասնահամաճարակային մշտադիտարկում, սակայն ՍԱՏՄ տեսչական մարմինը մշտադիտարկում չի իրականացրել այն փաստի առնչությամբ, որ Հաղարծին գյուղը սնուցող խմելու 4 ջրամբարից երկուսի ծածկը բաց է, այդ բաց ջրամբարների մեջ կարող են ընկնել զանազան կենդանիներ եւ ջրավազանում սատկել, որի արդյունքում Հաղարծին գյուղի 4 հազար բնակիչների առողջության համար վտանգներ կարող են առաջանալ։