17/11/2026

EU – Armenia

Բոյկոտ, թե՞ պայքար

Արսեն Գեւորգյանի մահվանից եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո բուռն քննարկումներ են ծավալել «Ուժեղ Հայաստանում»՝ շարունակե՞լ մասնակցել ԱԺ աշխատանքներին, թե՞ բոյկոտել ու տեղափոխվել փողոց, իսկ խորհրդարան վերադառնալ միայն այն ժամանակ, երբ հնարավոր կլինի այդ մանդատներն օգտագործել իշխանափոխության համար։

«Հրապարակ» թերթը գրում է. Երկար քննարկումներից հետո մեծամասնությունն արտահայտվել է նիստերին մասնակցելու օգտին, ուստի այսօր «ուժեղները» ներկա կլինեն հերթական քառօրյային, թեպետ անցած շաբաթվա արտահերթը բոյկոտել էին։ Նրանք նիստերին կմասնակցեն սեփական օրակարգով՝ ելույթներ ունենալով Արսեն Գեւորգյանի մահվան եւ քաղաքական հետապնդումների մասին։

Կա նաեւ տեսակետ, որ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելն «ուժեղներին» կազատի ռիսկից, որ խմբակցությունում գուցե ինչ-որ մարդիկ իշխանական ճնշումներին չդիմանալով՝ կողմ կքվեարկեն ալիեւյան սահմանադրությանը։ Նաեւ այս պատճառով ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիայում կարծում են, որ ճիշտ չէ բոյկոտը, պետք է մասնակցել ու վճռական դեմ քվեարկել՝ ցույց տալով, որ այդ խոսակցությունները սին են։ Նրանք կարծում են, որ Սամվել Կարապետյանի մեկամսյա կալանքն էլ այդ նպատակով է՝ նրան պատանդ են պահում, որ ազդեն թիմակիցների վրա։ Եվ 1 ամսով կալանավորելն էլ դրանով է պայմանավորված, քանի որ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին նոր սահմանադրության նախագիծը կբերեն ԱԺ։