20/11/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյան, պահանջում եմ՝ հրապարակեք պատերազմի ժամանակ փախուստի դիմած սպաների անունները

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ՝ ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ…

Լսեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ սպաներ են փախել։ Սպասում էի, որ գոնե բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներից որևէ մեկը համարձակություն կունենա արձագանքելու, բայց, փաստորեն, ոմանց համար պաշտոնը հայրենիքից թանկ է։

Հիմա պատասխանեմ քեզ, Նիկոլ Փաշինյան։

Եթե պատերազմի ժամանակ փախած սպաներ կան, հրապարակիր նրանց անուն-ազգանունները, թող ժողովուրդն իմանա՝ ովքեր են նրանք։ Բայց մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի ու սպայական կազմի վրա։

Թող ժողովուրդն էլ իմանա, որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող և գեներալի կոչումներ ստացած մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնց գործունեության շուրջ լուրջ հարցեր կան՝ կապված հայրենիքի տարածքների հանձնման հետ։ Կիրանցի դեպքերն էլ մեր բոլորի աչքի առաջ են եղել։

Հանուն պաշտոնի ու կոչման հայրենիքի շահը ոտնահարողը զինվորական համազգեստ կրելու և գեներալի ուսադիրներ կրելու բարոյական իրավունք չունի։

Ես գնդապետ եմ, 30 տարի ծառայել եմ բանակին և թույլ չեմ տա, որ բանակի սպաների պատիվը դառնա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Նիկոլ Փաշինյան, պահանջում եմ՝ հրապարակեք պատերազմի ժամանակ փախուստի դիմած սպաների անունները, ներկայացրեք փաստերը և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին։

Իսկ այն սպաները, որոնց մեղավորությունը հաստատված է, չպետք է զբաղեցնեն պատասխանատու պաշտոններ։

Բանակը քաղաքական վահան չէ, իսկ զինվորի ու սպայի պատիվը ձեր ձախողումները ծածկելու միջոց չէ։

Ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ ենք լռելու, երբ սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր տարիներ շարունակ ծառայել են հայրենիքին։

Միհրան Մախսուդյան