ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բորբոքված է: Նորից, կրկին, վերստին: Դա նկատելի է անզեն աչքով ու… ականջով: Անկանոն շարժումներ է անում, ոչ միայն ընդդիմության, այլ նաև լրագրողների վրա է հարձակվում՝ իրեն բնորոշ բառամթերքով…
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեծ է գայթակղությունը նշելու, թե Փաշինյանի այդ բորբոքվածությունը գալիս է մերժվածության գիտակցումից, կամ պայմանավորված է հանրային դժգոհությամբ, ընդհանուր ներհասարակական տրամադրություններով: Դա, իհարկե, կա , ու հնարավոր է, որ Փաշինյանը նաև դրանից է նեղվում: Բայց, կարծում ենք, այս փուլում ու այս կարգի նյարդայնության առաջնային պատճառը դա չէ: Մեր ու նաև մի շարք փորձագետների կարծիքով, նրա այս օրերի պահվածքը հիմնականում պայմանավորված է այլ գործոններով: Եթե ավելի պարզ, ապա՝ Փաշինյանի նյարդայնության գրգիռները դրսից են գալիս: Ըստ որում, ոչ մեկ տեղից:
Կա զգացողություն, որ Փաշինյանին տրված է վերջնաժամկետ, նա ժամանակ չունի և հայտնվել է ցայտնոտի մեջ: Հիմա՝ ավելի մանրամասն: Մի կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան են պարտադրում կատարել ստանձնած հանձնառությունները, լինի՝ Սահմանադրության փոփոխություն թե այլ զիջումներ (ենթադրելի է, որ ոչ բոլորն են բարձրաձայնվում):
Մյուս կողմից՝ Ռուսաստանն է չափազանց հստակ ու խիստ դրել հարցերը, հատկապես՝ «ԵՄ թե ԵԱՏՄ» ընտրությունը: Բացի «հարցեր դնելուց», Մոսկվան որոշակիորեն ցույց է տալիս կոնկրետ ու կոշտ քայլերի դիմելու իր պատրաստականությունը: Մի խոսքով՝ պարզ ասում են, որ կատակ չեն անում, ու, այսպես կոչված, «շուստրիական» հնարքներն այլևս չեն անցնում:
Եվրոպայի հետ էլ հարաբերությունների վիճակը այնքան փայլուն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Եվրամիության ներկայիս ղեկավարներին Հայաստանը հետաքրքիր է միայն որպես Ռուսաստանի հետ հակադրվելու, Ռուսաստանին «վատություն անելու» միջոց: Ու քանի դեռ Փաշինյանը երկկողմանի «խաղեր է տալիս», կորցնում է նաև Բրյուսելի ու ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքների բարյացակամությունը:
Դեռ չենք խոսում Իրանի հետ հարաբերությունների և իրանական իշխող վերնախավում առկա դժգոհությունների մասին, որ արտահայտվում են իրենց «քթի տակ» ամերիկա-թուրքական նախագիծ իրականացնելու հետ կապված…
Ըստ փորձագետների, Փաշինյանը շատերին է ինչ-ինչ բաներ խոստացել, նաև նման հանձնառությունների հաշվին աջակցություն ստացել՝ իր իշխանությունը պահելու համար, բայց, ահա, եկել է արտաքին «շահառուներին» պատասխանելու ժամանակը: «Պարտատերերը» շտապեցնում են: Իսկ ժամանակ չկա…


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել