21/11/2026

EU – Armenia

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

Հայաստանի կրթական համակարգը, կարծես, վերջնականապես մտել է փորձարարական մի փուլ, որտեղ խորքային պրոբլեմները փորձում են բուժել Ազգային ժողովի ամբիոնից՝ ձեւաչափերի փոփոխությամբ։

Հրապարակ թերթը գրել է․ Օրինակ, խորքային խնդիր է ընթերցանության ցածր մակարդակը: Այն փորձում են բարձրացնել գրականության եւ պատմության քննությունների ձեւաչափը փոխելով։ Նոյեմբերի 19-ին՝ 2027 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց այդ մասին, որ երկրում ընթերցանությունը խրախուսելու համար հրաժարվել են այդ երկու առարկայի բանավոր քննություններից ու դրանց փոխարեն ներդրել են պատմության եւ գրականության համակցված էսսե:

Ըստ Ժաննա Անդրեասյանի, գրականության եւ պատմության բանավոր քննությունները վերածվել էին նյութն անգիր սովորելու եւ այն վերարտադրելու գործընթացի, իսկ էսսեն աշակերտները գրում են ինքնուրույն: «Այժմ դպրոցականին առաջարկվում է երկու տեքստ, որոնց վերլուծության հիման վրա նա պետք է գրի սեփական տեքստը»,- ասում է նախարարը՝ առանց մտածելու, որ դպրոցականն առանց այն էլ երկու բառ չի կարողանում իրար կապել: Պարզ տեքստի վերարտադրությունը բարդ խնդիր է շատերի համար:

Գրականության եւ պատմության բանավոր քննություններին պատրաստվելով, նրանք սովորում էին բանավոր խոսք կառուցել: Հիմա դրա կարիքը չի լինի, փաստորեն: Էսսեից բացի, ընդունելության քննության ժամանակ պարտադիր է լինելու մոտիվացիոն նամակը, որպեսզի «դպրոցներն աշխատանքի նկատմամբ ճիշտ մոտեցում ձեւավորեն»։ Այդ նամակի ինստիտուտը Անդրեասյանը մեխանիկորեն «քսերոքս» է անում արեւմտյան համալսարաններից, առանց մտածելու, որ մեր իրականության մեջ այն ընդամենը արհեստական բանականության կամ վճարովի խմբագիրների գործն է շատացնելու։ «Այս բոլոր միջոցների արդյունքները մենք շուտով կտեսնենք»,- խոստանում է ԿԳՄՍ նախարարը։ Իրոք, մենք վերջին տարիներին շատ բան ենք «տեսել»՝ փակվող դպրոցներից մինչեւ ուսուցիչների պակաս, խառնաշփոթ դասագրքերից մինչեւ առարկայական ծրագրերի անվերջ ձեւախեղումներ ու ուսման որակի կտրուկ անկում:

Բայց այս ամենը նախարարը չի ընդունում: Իր կառավարման մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Քննադատություն նա չի հանդուրժում ու անմիջապես ատամ է ցույց տալիս: Նոյեմբերի 16-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանը բարձրաձայնեց ոլորտում առկա կոռուպցիայի եւ տապալումների մասին, Անդրեասյանը սկսեց բղավել. «Ո՞վ է Ձեզ թույլ տվել սուտ խոսել․ Ձեր աղետի հետեւանքներն ենք վերացնում»: Կողքից էլ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը նետվեց նախարարի պաշտպանությանը՝ Ղազարյանին կոռուպցիոներ անվանելով: Մինչդեռ Էդգար Ղազարյանը, ի տարբերություն նույն Սասուն Միքայելյանի, երբեւիցե որեւէ կոռուպցիոն սկանդալով աչքի չի ընկել, նաեւ կրթության ոլորտի հետ գործ չի ունեցել: Մերկապարանոց մեղադրանքները երեկ շարունակվեցին, երբ Էդգար Ղազարյանը հեգնանքով շնորհակալություն հայտնեց դեռ 2021-ին խոստացված, բայց այդպես էլ թղթի վրա մնացած «ակադեմիական քաղաքի» «հրաշալի պայմանների ու մթնոլորտի» համար եւ հարցրեց, թե Սնուփ Դոգի չկայացած համերգի ու Ջենիֆեր Լոպեսի վրա վատնված միլիոններով քանի երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ: Նախարար Անդրեասյանը, որը հեգնանքին ու հումորին առհասարակ չի դիմանում, կորցրեց ինքնատիրապետումը։ Նա Ղազարյանին, որն արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում ունի, մեղադրեց տարրական կրթության պակասի մեջ, ու թե՝ պարոն Ղազարյան, Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի: Նախարար, որն էսսեներից, մոտիվացիոն նամակներից, բարձր արժեքներից է խոսում, բայց բարձր ամբիոններից ՔՊ-ի փողոցային մեծամասնության բառապաշարով է դիմում գիտական կոչումներ եւ կառավարման ու դիվանագիտական փորձ ունեցող գործչին, պատգամավորին։ «Կրթության պակաս չէ, այլ վերաբերմունք է»,- բացատրեց Էդգարը Ժաննային, որից, ըստ նրա, «երեք կենսաբանական կյանք» կպահանջվի՝ իր անցած ակադեմիական ճանապարհն անցնելու համար։

Բայց էթիկական հարցերը մի կողմ թողնելով, վերադառնանք կոռուպցիային: Նախկինների բերած աղետի մասին ճառեր ասող ՔՊ-ական նախարարը, չգիտես ինչու, չի հիշում, որ իր համակարգում էլ է կոռուպցիան ծաղկում։ ԿԳՄՍ փոխնախարար է նստել՝ դուրս եկել։ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ղեկավարն է 2021 թվականից, իսկ այս բուհում կոռուպցիոն սկանդալ է պայթել՝ ռեկտորի, պրոռեկտորի մասնակցությամբ։ Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն էլ Հակակոռուպցիոն կոմիտեում խոստովանական ցուցմունք է տվել՝ ընդունելով կատարված չարաշահումները։ Բայց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք չի առաջադրվել, ի տարբերություն բժշկականի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանի, հակառակը՝ հենց ինքն է մեղադրում ուրիշներին կոռուպցիայի մեջ։ Իսկ երբ լրագրողներն այս մասին հարց են տալիս նրան, հակադարձում է՝ հոգնել եմ, այլ հարց տվեք:

Հենց այս իշխանության օրոք է ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը բռնվել կաշառք ստանալու համար եւ նստել: Նախկինների կոռուպցիայից խոսում է մի նախարար, որի համակարգում՝ ֆիզկուլտինստիտուտում, անցյալ տարվա աշնանը կաշառք ստանալու համար դասախոս է կալանավորվել, իսկ այս տարի՝ ԵՊՀ ամբիոնների վարիչներ։ Միայն ակադեմիական քաղաքի վրա արդեն միլիոններ են վատնել՝ մոտ 6.8 միլիարդ դրամ, բայց գեթ մեկ քար չի դրվել: Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկ։ Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-18-ին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ արդարացել է՝ «քաղաք նախագծելն էդքան հե՞շտ է, 6.8 մլրդ դրամն էլ է դեռ քիչ ակադեմիական քաղաքի համար»։
ԿԳՄՍՆ-ն նաեւ թանկ երգիչներ է բերում արտերկրից՝ Ջենիֆեր Լոպեզ, Սնուպ Դոգ, որի ուրվականը միայն եկավ Երեւան ու հետ գնաց, փառատոներ, մրցույթներ է կազմակերպում՝ անհասկանալի կազմակերպությունների միջոցով, մեկ անձից գնման համակարգով, որի համար միլիոններ են դուրս գալիս բյուջեից։ Եվ անընդհատ նույն կազմակերպություններն են հայտնվում այդ «մեկ աղբյուրի» դերում, մրցույթի մյուս հավակնորդները տարակուսում են` ինչպես են 3-4 աշխատող ունեցող այդ մի քանի ՍՊԸ-ները 200, 300, 400 միլիոն դրամանոց տենդերներ շահում: Փողերի լվացման բոլոր ցուցանիշները կան մեկ աղբյուրից գնման սխեմայում, ու այս նախարարը նախկիններից է խոսում:

Նույնիսկ դասագրքերի տպագրությունը չեն կարողանում նորմալ կազմակերպել, բովանդակությունը դեռ թողնենք մի կողմ: Արդեն երրորդ ուսումնական տարին անընդմեջ՝ սեպտեմբերի 1-ին պարզվում է, որ տասնյակ նոր դասագրքեր չեն տպագրվել ու չեն մտել դպրոցներ։ Երկու տարի առաջ՝ 10-ից ավելի, անցյալ տարի՝ պաշտոնապես 12 դասագիրք մնաց թղթի վրա՝ մրցույթների ձախողման պատճառով, իսկ այս ուսումնական տարում նախարարությունն արդեն նույնիսկ խուսափում է հրապարակել դպրոց չմտած դասագրքերի հստակ ցանկը՝ նախընտրելով խոսել դասագրքերի վարձավճարների զեղչերից։ Երեխան դասագիրք չունի, բայց նախարարը դպրոցականից էսսե ու վերլուծական միտք է պահանջում։

Եվ ո՞րն է այս նախարարության եւ նախարարի «բարեփոխումների» արդյունավետությունը, երբ միջազգային հեղինակավոր PISA ստուգատեսի առաջին իսկ ստուգմամբ պարզվեց, որ Հայաստանի դպրոցականները 91 երկրների շարքում հայտնվել են վերջին 13 երկրների մեջ՝ ամենավատ ցուցանիշն արձանագրելով հենց ընթերցանության եւ կարդացած տեքստը հասկանալու ոլորտում։ Այս իրավիճակը կարգավորելու փոխարեն նախարարն Էդգար Ղազարյանին է մեղադրում կոռուպցիայի մեջ: