Ամերիկյան AECOM ընկերությունը Հայաստանի կառավարությանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Քննարկվել են երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները։ Այս աշխատանքն առնչվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարցի՝ ինչպիսի տեղ է զբաղեցնելու երկիրը Հարավային Կովկասում ձևավորվող տնտեսական և տրանսպորտային նոր համակարգում։
Քննարկման առանցքում Սյունիքի շուրջ 42 կիլոմետրանոց երկաթուղին է, որը տասնամյակներ շարունակ չի շահագործվում։ Դրա վերականգնումը կարող է Հայաստանին ներգրավել Կասպից ավազանը Թուրքիայի և եվրոպական շուկաների հետ կապող միջազգային փոխադրումների համակարգում՝ մեծացնելով երկրի տարանցիկ նշանակությունը, տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանային կշիռը։
Ամերիկյան AECOM ընկերությունը համաշխարհային ենթակառուցվածքային նախագծման խոշորագույն կազմակերպություններից է։ Այն մասնակցել է Լոնդոնի Elizabeth Line երկաթուղային համակարգի, Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու, Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Rail ցանցի նախագծերին։ Հայաստանի համար հատկապես հետաքրքիր է ընկերության փորձը Rail Baltica ծրագրում։ AECOM-ը դեռ 2010 թվականին իրականացրել է Բալթյան երկրները եվրոպական երկաթուղային համակարգին միացնելու նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան խորհրդային անցյալից ժառանգել էին ռուսական երկաթուղային համակարգից կախվածությունը։ Rail Baltica նախագիծը նրանց եվրոպական ինտեգրմանը տվեց ենթակառուցվածքային հիմք՝ վերափոխելով առևտրային կապերը և ամրապնդելով տնտեսական ինքնուրույնությունը։ Բալթյան երկրները սեփական փորձով ցույց տվեցին, որ քաղաքական անկախությունն ամրապնդվում է նաև տրանսպորտային ուղիների բազմազանեցմամբ։
Հայաստանը ևս ժառանգեց խորհրդային երկաթուղային համակարգը, սակայն անկախությունից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների խզումը երկիրը զրկեց տարանցիկ կարևոր հնարավորություններից։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապերի դադարեցումը նվազեցրեց հայկական ցանցի տնտեսական նշանակությունը, իսկ 2008 թվականին դրա կառավարումը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելը երկարաժամկետ կախվածություն ձևավորեց ռազմավարական ենթակառուցվածքի կառավարման ոլորտում։
Հայաստանը ձեռնամուխ է եղել տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը, սակայն երկաթուղային ցանցի կառավարումը շարունակում է մնալ ռուսական ընկերության վերահսկողության ներքո։ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում միջազգային ներդրումների և բեռնափոխադրումների համար։ Երևանն առաջարկում է կոնցեսիան փոխանցել փոխադարձաբար ընդունելի երրորդ կողմի, սակայն Մոսկվայի հետ բանակցություններում առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել։
Նոյեմբերի 17-ին մեկնարկած հայ-ռուսական աշխատանքային խմբի քննարկումները ցույց են տալիս խնդրի բարդությունը։ Ռուսաստանը շահագրգռված է պահպանելու գործող պայմանագիրը։ Հայաստանը ցանկանում է ստանալ ներդրումների և երկաթուղու արդիականացման հստակ երաշխիքներ։ Այս բանակցությունների արդյունքից է կախված նաև նոր տարածաշրջանային հաղորդակցություններին հայկական երկաթուղու լիարժեք մասնակցությունը։
Սյունիքում ժամանակակից երկաթուղի կառուցելը դեռ բավարար չէ միջազգային մրցունակ տարանցիկ համակարգ ունենալու համար։ Բեռնափոխադրող ընկերությունները գնահատում են ամբողջ երթուղու արժեքը, արագությունը, ապահովագրական պայմանները, տեխնիկական համատեղելիությունը և մաքսային ընթացակարգերը։ Եթե հայկական երկաթուղային ցանցի մնացած հատվածները շարունակեն աշխատել հին տեխնիկական և կառավարման խնդիրներով, նոր նախագծի տնտեսական արդյունավետությունը կարող է զգալիորեն նվազել։
Այստեղից բխում է կարևոր եզրակացություն։ ԹՐԻՓՓ-ի իրականացումը Հայաստանից պահանջում է վերանայել ամբողջ երկաթուղային տնտեսության զարգացման քաղաքականությունը։ Ռուսական կոնցեսիայի ապագան պետք է որոշվի ներդրումային պարտավորությունների և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական շահերի հիման վրա։
Ամերիկյան ուսումնասիրությունն ընդգրկում է նաև էներգետիկ, ճանապարհային և թվային ենթակառուցվածքները՝ ԹՐԻՓՓ-ին տալով տնտեսական զարգացման ավելի լայն հեռանկար։ Երկաթուղու հետ կարող են զարգանալ էլեկտրահաղորդման և կապի ցանցերը, լոգիստիկ կենտրոններն ու արտադրական ենթակառուցվածքները։ Դրանց համատեղ գործարկումը կարող է ներգրավել ներդրումներ, խթանել արդյունաբերությունն ու արտահանումը, ստեղծել աշխատատեղեր և Հայաստանը դարձնել տարածաշրջանային տնտեսական կապերի կարևոր հանգույց։
ԹՐԻՓՓ-ի շուրջ համադրվում են տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների ռազմավարական շահերը։ Ադրբեջանը ձգտում է կայուն հաղորդակցություն հաստատել Նախիջևանի հետ, Թուրքիան՝ ամրապնդել իր դիրքերը Կասպից ավազանն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող երթուղիներում։ Միացյալ Նահանգները հնարավորություն է ստանում ընդլայնելու իր տնտեսական և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ Եվրամիությունը՝ բազմազանեցնելու Ասիայի հետ առևտրային կապերը։ Այս շահերի համադրումը մեծացնում է Հայաստանի աշխարհատնտեսական նշանակությունը և նոր հնարավորություններ ստեղծում նրա արտաքին քաղաքական ինքնուրույնության ամրապնդման համար։
Հայաստանի առաջնահերթությունը ձևավորվող համակարգում սեփական տնտեսական և ռազմավարական շահերի լիարժեք իրացումն է։ ԹՐԻՓՓ-ը պետք է ապահովի տարանցիկ եկամուտներ, ներդրումներ, նոր աշխատատեղեր և արտահանման հնարավորություններ։ Սյունիքի երկաթուղին անհրաժեշտ է ներառել համազգային տրանսպորտային ռազմավարության մեջ՝ փոխկապակցելով Վրաստանի, Իրանի և Թուրքիայի ուղղությունները։ Այդպիսով Հայաստանը կարող է վերածվել տարածաշրջանային առևտրի և հաղորդակցությունների կարևոր հանգույցի՝ ամրապնդելով իր տնտեսական ինքնուրույնությունն ու միջազգային կշիռը։
Այս գործընթացի առանցքային պայմանը Հայաստանի ինքնիշխան իրավազորության ամբողջական պահպանումն է։ Սահմանային վերահսկողությունը, մաքսային վարչարարությունը, անվտանգությունն ու տնտեսական գործունեության կարգավորումը պետք է իրականացվեն Հայաստանի օրենքներով և պետական մարմինների միջոցով։ Այս հստակությունը կարևոր է նաև միջազգային ներդրողների համար։
Ամերիկյան մասնակցությունը կարող է էապես փոխել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի կառուցվածքը։ Եթե ուսումնասիրությանը հաջորդեն իրական ներդրումներ, հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը կստանա ամուր տնտեսական հիմք։ Միջազգային կապիտալի ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքներում կնպաստի տնտեսական կապերի բազմազանեցմանը, ռուսական կախվածության նվազեցմանը և երկրի աշխարհաքաղաքական կշռի մեծացմանը։
Նախնական ուսումնասիրությունը դեռ ծրագրի իրականացման երաշխիք չէ։ Առջևում ֆինանսավորման, սեփականության, կառավարման և միջազգային փոխադրումների պայմանների շուրջ բարդ բանակցություններ են։ Դրանց արդյունքը կախված կլինի Հայաստանի բանակցային կարողությունից, տնտեսական հստակ հաշվարկներից և պետական հետևողականությունից։ Կարևորագույն խնդիրը միջազգային շահերի այս համադրումը Հայաստանի համար երկարաժամկետ տնտեսական արդյունքի վերածելն է։
Սյունիքի 42 կիլոմետրանոց երկաթուղին կարող է վերափոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը՝ երկիրը ներգրավելով միջազգային առևտրի նոր երթուղիներում։ Սակայն նախագծի իրական արժեքը կորոշվի Հայաստանի ստացած ներդրումներով, տնտեսական օգուտներով և ռազմավարական նոր հնարավորություններով։
Տասնամյակներ շարունակ Հայաստանի աշխարհագրական դիրքը պայմանավորել է նրա տնտեսական մեկուսացումն ու արտաքին կախվածությունները։ Այսօր ձևավորվում է այդ իրողությունը փոխելու պատմական հնարավորություն։ Հայաստանը կարող է դառնալ միջազգային առևտրի կարևոր հանգույց՝ ամրապնդելով իր տնտեսական ներուժն ու քաղաքական ինքնուրույնությունը։ Գլխավոր խնդիրը սեփական տարածքով անցնող առևտրային հոսքերից իրական տնտեսական արժեք ստեղծելն է՝ աշխարհագրական առավելությունը վերածելով ազգային հարստության և պետական հզորության։


Բաց մի թողեք
Հայաստանի ղեկավարության քաղաքական հաշվարկների փոփոխությունը
Առաջիկայում նոր իշխանության խնդիրը նոր սերունդներին փրկելն է լինելու
Քանի փեսան համայնքապետ է, աներձագը պետք է ասֆալտ անի