27/11/2026

EU – Armenia

Էդգար Ղազարյանը՝ իշխանական գործուղումների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը բարձրաձայնել է պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների արդյունավետության և դրանց համար ծախսվող հանրային միջոցների վերահսկողության խնդրի մասին։

Նրա համոզմամբ՝ բազմաթիվ պաշտոնյաներ մեկնում են տարբեր երկրներ, սակայն հասարակությունը հաճախ այդպես էլ չի տեղեկանում, թե ինչ նպատակով են կատարվել այդ այցերը և ինչ արդյունքներ են դրանք տվել։

Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է ներդնել մեխանիզմ, որը պարտադիր կդարձնի պետական մարմինների կողմից պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացումը։

«Առաջարկում ենք, որ հանձնաժողովը որոշում ընդունի, ըստ որի՝ յուրաքանչյուր ամսվա վերջին պետական բոլոր մարմինները կներկայացնեն իրենց աշխատակիցների գործուղումների մասին ամբողջական տեղեկատվություն։ Գործուղման մեկնած պաշտոնյաներն էլ պետք է ներկայանան հանձնաժողով, հաշվետվություն տան և պատասխանեն պատգամավորների հարցերին»,- նշել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հանրությունը պետք է հստակ իմանա, թե պետական միջոցներով իրականացվող արտասահմանյան այցերն ինչ անհրաժեշտություն ունեն և ինչ օգուտ են տալիս երկրին։

Մասնավորապես, Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը մեկնել Անթալիա՝ COP31 համաժողովին մասնակցելու համար, և ինչ արդյունքներ են տվել այդ այցերը։ Նա ընդգծել է, որ կառավարական օդանավի օգտագործումն ու պետական միջոցների ծախսը չեն կարող մնալ առանց հանրային հաշվետվողականության։

Պատգամավորը հիշատակել է նաև Ալխաս Ղազարյանի՝ Թուրքմենստան կատարած այցը, Զարուհի Բաթոյանի՝ Ստոկհոլմում կայացած համաժողովին մասնակցությունը և Վահագն Ալեքսանյանի՝ Տանզանիա մեկնելը։

«Հասարակությունը պետք է հասկանա՝ ինչ կլիներ, եթե Զարուհի Բաթոյանը չմեկներ Ստոկհոլմ, կամ եթե Վահագն Ալեքսանյանը չգնար Տանզանիա։ Ի՞նչ արդյունք է ստացել մեր երկիրը այդ այցերից։ Հասարակությունն է վճարում այդ ամենի համար»,- ասել է նա։

«Ամեն մեկն իր համար մի զբոսաշրջային գործակալություն է բացել:Մեկի անունը դրել են «Ռուբեն թրեվլ», մեկի անունը՝ «Բանան թրեվլ», էն մեկինն էլ՝ «Մեռել թրեվլ»:Իրենց համար շրջագայում են։ Այդպես չի լինի։ Պիտի գան, հաշվետվություն տան»,- նշել է Ղազարյանը: